Շարունակում ենք ներկայացնել Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին: 32 մասնակիցներից 25-րդը Կոլումբիայի հավաքականն է:
Հարավային Ամերիկայի 2001թ. չեմպիոնը աշխարհի առաջնություններին մասնակցել են 6 անգամ՝ նորամուտը նշելով 1962-ին: «Մունդիալներում» կոլումբացիների լավագույն արդյունքը եղել է Բրազիլիայում կայացած նախորդ առաջնությունում, որտեղ թիմը հասավ մինչեւ քառորդ եզրափակիչ եւ պարտվել տանտերերին (1:2):
ԱԱ-2018-ի ընտրական փուլի հարավամերիկյան գոտու մրցաշարում Կոլումբիան գրավեց չորրորդ տեղը՝ զիջելով միայն Բրրազիլիային, Ուրուգվային ու Արգենտինային եւ նվաճեց եզրափակիչ մրցաշարի ուղեգիր:
ԱԱ-2018-ի խմբային փուլում Կոլումբիան կխաղա H խմբում, որտեղ կմրցի Ճապոնիայի (հունիսի 19, Սարանսկ), Լեհաստանի (հունիսի 24, Կազան) եւ Սենեգալի (հունիսի 28, Սամարա) հավաքականների հետ: Մասնագետների կարծիքով՝ այս խմբում չկա ընդգծված ֆավորիտ, բայց կոլումբացիները ունեն խմբում հաղթելու բոլոր նախադրյալները:
Մարզիչը
Արգենտինացի մասնագետ Խոսե Պեկերմանը Կոլումբիայի հավաքականում աշխատում է 2012 թվականից: Նախկինում նա գլխավորել է նաեւ Արգենտինայի ազգային ու երիտասարդական հավաքականները: Նա առաջին մարզիչն է, որի գլխավորությամբ Կոլումբիայի հավաքականը երկրորդ անգամ կմասնակցի աշխարհի առաջնությանը: 68-ամյա մարզիչի գլխավոր առավելություններից մեկը երիտասարդների հետ ճիշտ աշխատելու կարողությունն է: Խոսե Պեկերմանի գլխավորությամբ կոլումբացիները խաղում են 4-2-3-1 եւ 4-3-3 տակտիկական սխեմաներով: Կոլումբիայի հավաքականն աշխարհի առաջնությունում կլինի ամենաանցանկալի մրցակիցներից մեկը մրցաշարի գլխավոր ֆավորիտների համար:
Գլխավոր աստղը
Հաշվի առնելով, որ «Մոնակոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն վերջին շրջանում ոչ միշտ է հայտնվում Կոլումբիայի հավաքականի մեկնարկային կազմում, թիմի գլխավոր աստղը Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսն է: Բրազիլիայում կայացած ԱԱ-2014-ում Խամեսը դարձավ ոչ միայն Կոլումբիայի հավաքականի, այլեւ ամբողջ «Մունդիալի» գլխավոր աստղերից մեկը: ԱԱ-2014-ից հետո նա տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ», որտեղ չկարողացավ ցուցադրել իր լավագույն որակները: Սակայն այս մրցաշրջանից առաջ նա տեղափոխվեց «Բավարիա», որտեղ դարձյալ սկսել է ցուցադրել տպավորիչ խաղ: Ռոդրիգեսը Կոլումբիայի հավաքականի գրոհների գլխավոր դիրիժորն է ու հույսը ԱԱ-2018-ում:
Թիմի վերջնական հայտացուցակն ԱԱ-2018-ում
Դարպասապահներ. Խոսե Կուադրադո («Օնսե Կալդաս»), Դավիդ Օսպինա (Արսենալ»), Կամիլո Վարգաս («Դեպորտիվո Կալի»):
Պաշտպաններ. Կրիստիան Սապատա («Միլան»), Օսկար Մուրիլիո («Պաչուկա»), Սանտյագո Ասպաս (ՊՍՎ), Յերի Մինա («Բարսելոնա»), Խոան Մոհիկա («Ժիրոնա»), Ֆրանկ Բաբրա («Բոկա Խունիորս»), Դավինսոն Սանչես («Տոտենհեմ»):
Կիսապաշտպաններ. Ուիլմար Բարիոս («Բոկա Խունիորս»), Կարլոս Սանչես («Էսպանյոլ»), Աբել Ագիլար («Դեպորտիվո Կալի»), Խամես Ռոդրիգես («Բավարիա»), Խուան Կուադրադո («Յուվենտուս»), Մատեուս Ուրիբե («Ամերիկա»), Ջեֆերսոն Լերմա («Լեւանտե»), Խուան Կինտերո («Ռիվեր Փլեյթ»):
Հարձակվողներ. Կարլոս Բակա («Վիլյառեալ), Ռադամել Ֆալկաո («Մոնակո»), Լուիս Մուրիել («Սեւիլիա»), Միգել Բորխա («Պալմեյրաս»), Խոսե Իսկյերդո («Բրայթոն»):
Կոլումբիայի հավաքականի չեմպիոնության գործակիցը 42 է: Թիմի՝ 1/8 եզրափակիչ դուրս գալու համար սահմանվել է 1.35 գործակից:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը: Խմբային փուլի վիճակահանությունը կայացել էր դեկտեմբերի 1-ին Մոսկվայում։
ԱԱ-2018-ի մասնակիցները.
Ճապոնիա, Պերու, Եգիպտոս, Շվեդիա, Մեքսիկա, Թունիս, Իրան, Պանամա, Մարոկկո, Սաուդյան Արաբիա, Կոստա Ռիկա, Ավստրալիա, Սենեգալ, Նիգերիա, Սերբիա, Հարավային Կորեա, Դանիա, Խորվաթիա, Իսլանդիա, Շվեյցարիա, Անգլիա, Ռուսաստան, Լեհաստան, Բելգիա
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում