09:07  +04,  16 մայիսի, 2018

ԱԱ-2018-ի մասնակիցները. Ֆանտաստիկ Սալահն ու Եգիպտոսի «փարավոնները» (ֆոտո)

Շարունակում ենք ներկայացնել Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին: 32 մասնակիցներից երրորդը Եգիպտոսի հավաքականն է:

Աֆրիկայի 7-ակի գավաթակիրն աշխարհի առաջնություններին մասնակցել է 3 անգամ, առաջինը՝ 1934-ին: «Մունդիալներում» լավագույն արդյունքը եղել է հենց առաջին մրցելույթի ժամանակ (13-րդ տեղ): Եգիպտացիները նախորդ անգամ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցել են 28 տարի առաջ՝ 1990 թվականին: 

ԱԱ-2018-ի ընտրական փուլի աֆրիկյան գոտու մրցաշարում Եգիպտոսի թիմը նախ 2 խաղերի արդյունքում հաղթեց Չադի հավաքականին (0:1, 4:0), իսկ խմբային փուլում վստահորեն առաջին տեղը գրավեց E խմբում (Եգիպտոս, Ուգանդա, Գանա, Կոնգո):

ԱԱ-2018-ի խմբային փուլում եգիպտացիներն ընդգրկվել են A խմբում, որտեղ կխաղան Ուրուգվայի (հունիսի 15, Եկատերինբուրգ), Ռուսաստանի (հունիսի 19, Սանկտ Պետերբուրգ) եւ Սաուդյան Արաբիայի (հունիսի 25, Վոլգոգրադ) հավաքականների հետ: Մասնագետների կարծիքով՝ խմբի ֆավորիտն է Ուրուգվայի հավաքականը, իսկ փլեյ-օֆֆի մյուս ուղեգրի համար կպայքարեն Ռուսաստանի ու Եգիպտոսի թիմերը:

Գլխավոր աստղը

Անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը ոչ միայն Եգիպտոսի հավաքականի գլխավոր աստղն է, այլ համաշխարհային ֆուտբոլի գլխավոր հայտնությունն այս մրցաշրջանում: Անգլիայի ավարտված առաջնությունում 24-ամյա եգիպտացին լավագույն ռմբարկու դարձավ ռմբարկուական ռեկորդով: Նախկինում ոչ մի ֆուտբոլիստի չէր հաջողվել 32 գոլ խփել Պրեմյեր լիգայի մեկ մրցաշրջանում: Սալահը նաեւ Անգլիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Պրեմյեր լիգայի, Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի (PFA) եւ լրագրողների վարկածով: Սպասվում է, որ նա դառնալու է նաեւ ԱԱ-2018-ի գլխավոր աստղերից:

Փորձառու մարզիչն ու ճկուն խաղաոճը

Իսպանական «Վալենսիայի» ու իտալական «Ինտերի» նախկին գլխավոր մարզիչ Հեկտոր Կուպերը 2015 թվականից է գլխավորում Եգիպտոսի հավաքականը: Արգենտինացի մասնագետը թիմի խաղը կառուցում է պաշտպանության վրա, սակայն ճկուն կիսապաշտպանությունն ու սուր հարձակման գիծը թույլ են տալիս մշտապես անցկացնել վտանգավոր հակագրոհներ: Հավանաբար, այդ խաղաոճով եգիպտացիները կխաղան Ռուսաստանի ու Ուրուգվայի դեմ, իսկ Սաուդյան Արաբիայի դեմ կգործեն առաջին համարով: Թիմի գրեթե բոլոր գրոհներն անցում են ֆանտաստիկ մարզավիճակում գտնվող Մոհամեդ Սալահի մասնակցությամբ: Դաշտի կենտրոնում թիմի խաղը կառավարում է Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մոհամեդ Էլ Նենին:

Թիմի հայտացուցակը ԱԱ-2018-ում

Դարպասապահներ Էդամ Էլ-Հադերի («Ալ-Թավուն»), Մոհամեդ Էլ-Շենեվի («Ալ-Ահլի»), Շերիֆ Էկրամի («Ալ-Ահլի»), Մոհամեդ Ավադժ («Իսմաիլի»)։

Պաշտպաններ Ահմեդ Ֆատհի, Սաադ Սամիր, Այման Աշրաֆ, (բոլորը «Ալ-Ահլի»), Մահմուդ Համդի («Զեմալեկ»), Մոհամեդ Աբդել-Շաֆի («Ալ-Ֆատեհ»), Ահմեդ Հեգազի, Ալի Գաբր (երկուսն էլ «Վեստ Բրոմվիչ»), Ահմեդ Էլմոհամադի («Ասթոն Վիլա»), Կարիմի Հաֆեզ («Լանս»), Օմար Գաբեր («Լոս Անջելես»), Ամրո Տարեկ («Օրլանդո Սիթի»)։

Կիսապաշտպաններ Տարեկ Համեդ, Մահմուդ Աբդել Ազիզ (երկուսն էլ  «Զամալեկ»), Շիկաբալա («Ալ-Ռաեդ»),  Աբդալախ Սաիդ («Կուպս»), Սեմ Մորսի («Ուիգան»), Մոհամեդ Էլ-Նենի («Արսենալ»), Կահրաբա («Ալ-Իտիհադ»), Ռամադաբ Սոբհի («Սթոք Սիթի»), Մահմուդ Հասան («Կաշիմպասա»), Ամիր Վարդա («Ատրոմիտոս»)։

Հարձակվողներ Մարվան Մոհսեն («Ալ-Ահլի»), Ահմեդ Գամոա («Ալ-Մասրի»), Ահմեդ Մահգուբ («Բրագա»), Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»)։

Բուքմեյքերների կարծիքը

Եգիպտոսի հավաքականի չեմպիոնության գործակիցը 150 է: Թիմի՝ 1/8 եզրափակիչ դուրս գալու համար սահմանվել է 2.4 գործակից:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը: Խմբային փուլի վիճակահանությունը կայացել էր դեկտեմբերի 1-ին Մոսկվայում։

ԱԱ-2018-ի մասնակիցները՝ Ճապոնիա, Պերու  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

Loading...
  • Հարցում
Քվեարկել են (10)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ
Loading...