12:45  +04,  18 մայիսի, 2018

ԱԱ-2018. Առանց Իբրահիմովիչի, բայց հպարտ Շվեդիայի հավաքականը (ֆոտո)

Շարունակում ենք ներկայացնել Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին: 32 մասնակիցներից 5-րդը Շվեդիայի հավաքականն է:

Սա կլինի Շվեդիայի հավաքականի 12-րդ մասնակցությունը աշխարհի առաջնություններին: «Մունդիալներում» թիմը նորամուտը նշել է 1934 թվականին, իսկ լավագույն արդյունքը գրանցել է ԱԱ-1958-ում, որում դարձել է աշխարհի փոխչեմպիոն: Բրազիլիայում կայացած առաջնության եզրափակիչում Շվեդիայի թիմը պարտվել էր տանտերերին:

ԱԱ-2018-ի ընտրական փուլում Շվեդիայի հավաքականը երկրորդ տեղը գրավեց A խմբում  (Ֆրանսիա, Շվեդիա, Հոլանդիա, Բուլղարիա, Լյուքսեմբուրգ, Բելառուս), իսկ անցումային խաղերում հաղթեց Իտալիայի հավաքականին (1:0, 0:0) ու նվաճեց ուղեգիր: Այսպիսով, Շվեդիան ԱԱ-2018-ից զրկեց նախ հոլանդացիներին, իսկ հետո՝ իտալացիներին, որոնք 60 տարվա ընթացքում առաջին անգամ չնվաճեցին աշխարհի առաջնության ուղեգիր։

ԱԱ-2018-ի խմբային փուլում Շվեդիայի թիմը F խմբում ուժերը կչափի Հարավային Կորեայի (հունիսի 18, Նիժնի Նովգորոդ), աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի (հունիսի 23, Սոչի) եւ Մեքսիկայի (հունիսի 27, Եկատերինբուրգ): Խմբի ընդգծված ֆավորիտ են համարվում գերմանացիները, իսկ մյուս ուղեգրին հավակնում են Մեքսիկայի ու Շվեդիայի հավաքականները:

Առանց Իբրահիմովիչի, բայց նոր շնչով

Երբ 2016-ին Զլատան Իբրահիմովիչը հայտարարեց Շվեդիայի հավաքականից հեռանալու մասին, քչերն էին հավատում թիմի հաջող ելույթին ԱԱ-2018-ի ընտրական փուլում: Սակայն շվեդ ֆուտբոլիստներն ապացուցեցին, որ կարող են հաջողության հասնել նաեւ առանց լեգենդար հարձակվողի: Վերջին շրջանում լուրեր էին շրջանառվում, որ MLS տեղափոխված Իբրահիմովիչը կարող է վերադառնալ Շվեդիայի հավաքական եւ մասնակցել ԱԱ-2018-ին, սակայն 36-ամյա ֆուտբոլիստը հերքեց դա: Որոշ մասնագետների կարծիքով՝ Իբրահիմովիչի վերադարձը կարող է նույնիսկ խանգարել Շվեդիայի հավաքականին, քանի որ այդ դեպքում թիմը պետք է փոխի խաղաոճը ու հարմարվի Զլատանին: Ամեն դեպքում, հետաքրքիր կլինի մեծ մրցաշարում Շվեդիայի թիմին հետեւել առանց շվեդական ֆուտբոլի գլխավոր աստղի ու վերջին տարիների ընդգծված առաջատարի:

Մարզիչը

2016 թվականից Շվեդիայի հավաքականը գլխավորում է 55-ամյա Յանե Անդերսոնը, որը նախկինում աշխատել է միայն տեղի թիմերում: Աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելուց հետո շվեդ մասնագետը հայտարարեց, որ թիմ չեն վերադառնալու այն խաղացողները, որոնք ԱԱ-2018-ի ընտրական փուլից առաջ հեռացել էին: Նրանց թվում էր նաեւ Զլատան Իբրահիմովիչը: Անդերսոնի գլխավորությամբ Շվեդիայի հավաքականը մեկ ֆուտբոլիստի համբավ ունեցող թիմից դարձել է մեկ ընդհանուր մեխանիզմ: Ազգային թիմի հաջող ելույթներում մարզիչը դերակատարումն ավելի քան մեծ է:

Թիմի հայտացուցակը ԱԱ-2018-ում

Դարպասապահներ Կարլ Յուհան Յունսոն («Գենգամ»), Կրիստոֆեր Նորդֆելդտ («Սուոնսի»), Ռոբին Օլսեն («Կոպենհագեն»)։ 

Պաշտպաններ Լյուդվիգ Աուգուստինսոն («Վերդեր»), Անդրեաս Գրանկվիստ («Կրասնոդար»), Ֆիլիպ Հելանդեր, Էմիլ Կրաֆտ (երկուսն էլ «Բոլոնիա»), Պոնտուս Յանսոն («Լիդս»), Միկել Լյուստիգ («Սելտիկ»), Վիկտոր Լինդելյոֆ («Մանչեսթեր Յունայթեդ»), Մարտին Օլսոն («Սուոնսի»)։ 

Կիսապաշտպաններ Վիկտոր Կլասոն («Կրասնոդար»), Ջիմի Դուրմազ («Թուլուզա»), Ալբին Էկդալ(«Համբուրգ»), Էմիլ Ֆորսբերգ («Լայպցիգ»), Օսկար Հիլեմարկ («Ջենոա»), Սեբաստյան Լարսոն («Հալ Սիթի»), Մարկուս Ռոդեն («Կրոտոնե»), Գուստավ Սվենսոն («Սիետլ»)։ 

Հարձակվողներ Մարկուս Բերգ («Ալ-Ային»), Յոն Գվիդետի («Ալավես»), Իսահակ Տելին («Վասլանդ Բևերն»), Օլա Տոյվոնեն («Թուլուզ»)։

Բուքմեյքերների կարծիքը

Շվեդիայի հավաքականի չեմպիոնության գործակիցը 125 է: Թիմի՝ 1/8 եզրափակիչ դուրս գալու համար սահմանվել է 2.25 գործակից:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը: Խմբային փուլի վիճակահանությունը կայացել էր դեկտեմբերի 1-ին Մոսկվայում։

ԱԱ-2018-ի մասնակիցները՝ ՃապոնիաՊերուԵգիպտոս, Կոստա Ռիկա

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ