15:08  ,  29 մայիսի, 2018

ԱԱ-2018-ի մասնակիցները. Հարավային Կորեայի հավաքական (ֆոտո)

Շարունակում ենք ներկայացնել Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին: 32 մասնակիցներից 16-րդը Հարավային Կորեայի հավաքականն է։

Կորեացիներն աշխարհի առաջնություններին մասնակցել է 9 անգամ՝ նորամուտը նշելով 1954-ին։ Ասիայի կրկնակի գավաթակիրը լավագույն արդյունքը 2002 թվականին գրանցել է տնային «Մունդիալում», որում հասել է մինչեւ կիսաեզրափակիչ եւ պարտվել գերմանացիներին: Երրորդ տեղի համար խաղում Հարավային Կորեայի թիմը պարտվել է Թուրքիայի հավաքականին:

ԱԱ-2018-ի ընտրական մրցաշարում Հարավային Կորեայի հավաքականը նախ հաղթեց որակավորման առաջին փուլի G խմբում (Հարավային Կորեա, Լիբանան, Քուվեյթ, Մյանմա, Լաոս), իսկ հետո խմբում երկրորդ տեղը գրավեց երկրորդ փուլում  (Իրան, Հարավային Կորեա, Սիրիա, Ուզբեկստան, Չինաստան, Քաթար) եւ նվաճեցին ԱԱ-2018-ի ուղեգիր:

ԱԱ-2018-ի խմբային փուլում Հարավային Կորեայի հավաքականը հանդես կգա F խմբում, որտեղ ուժերը կչափի Շվեդիայի (հունիսի 18, Նիժնի Նովգորոդ), Մեքսիկայի (հունիսի 23, Ռոստով) եւ Գերմանիայի (հունիսի 27, Կազան) հավաքականների հետ: Խմբի ընդգծված ֆավորիտն է Գերմանիայի հավաքականը, իսկ կորեացիների՝ փլեյ-օֆֆ դուրս գալու շանսերը մեծ չեն:

Մարզիչը

Կորեացի 49-ամյա մասնագետ Սի Խեն Յոնը 2014-ից է աշխատում Հարավային Կորեայի հավաքականի մարզչական շտաբում, իսկ 2017-ից գլխավորում է ազգային թիմը: Նա Հարավային Կորեայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ է: Մարզչական կարիերայի ընթացքում Սի Խեն Յոնը 2005-2008-ն աշխատել է նաեւ Ավստրալիայում, իսկ իր նախկին ակումբի՝ կորեական «Սոնամ Իլվա Չունմայի» հետ 2010-ին դարձել է Ասիայի Չեմպիոնների լիգայի հաղթող:

Գլխավոր աստղը

Հարավային Կորեայի հավաքականի ընդգծված առաջատարը Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Սոն Հյոն Մինն է: Սոնի անցկացրած հրաշալի մրցաշրջանից հետո կորեացիները հույս ունեն, որ նա կփայլի նաեւ ԱԱ-2018-ում եւ իր հետեւից կտանի թիմին: Այս տարվա ապրիլին նա երրորդ անգամ ճանաչվել էր Ասիայի լավագույն ֆուտբոլիստ: 25-ամյա ֆուտբոլիստը 2010-ից է խաղում  Հարավային Կորեայի հավաքականում, որի կազմում անցկացրել է 61 հանդիպում եւ խփել 10 գոլ:

Թիմի նախնական հայտացուցակն ԱԱ-2018-ում

 

Բուքմեյքերների կարծիքը

Հարավային Կորեայի հավաքականի չեմպիոնության գործակիցը 750 է: Թիմի՝ 1/8 եզրափակիչ դուրս գալու համար սահմանվել է 4.2 գործակից:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը: Խմբային փուլի վիճակահանությունը կայացել էր դեկտեմբերի 1-ին Մոսկվայում։

ԱԱ-2018-ի մասնակիցները.

ՃապոնիաՊերուԵգիպտոսՇվեդիաՄեքսիկաԹունիսԻրանՊանամաՄարոկկո, Սաուդյան ԱրաբիաԿոստա ՌիկաԱվստրալիաՍենեգալՆիգերիա, Սերբիա

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս