10:20  ,  21 մայիսի, 2018

ԱԱ-2018-ի մասնակիցները. Իրանի հավաքականն՝ առանց Անդրանիկ Թեյմուրյանի (ֆոտո)

Շարունակում ենք ներկայացնել Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին: 32 մասնակիցներից 8-րդը Իրանի հավաքականն է:

Իրանի հավաքականն աշխարհի առաջնություններին մասնակցել է 5 անգամ: «Մունդիալներում» իրանցիները նորամուտը նշել են 1978-ին եւ այդ տարի գրանցել լավագույն արդյունքը (14-րդ տեղ):

ԱԱ-2018-ի ընտրական մրցաշարում Իրանի թիմը նախ հաղթեց որակավորման առաջին փուլի D խմբում (Իրան, Օման, Թուրքմենստան, Գուամ, Հնդկաստան), իսկ հետո խմբում վստահ հաղթանակ տարավ նաեւ երկրորդ փուլում  (Իրան, Հարավային Կորեա, Սիրիա, Ուզբեկստան, Չինաստան, Քաթար): Հատկանշական է, որ ԱԱ-2018-ի ասիական գոտու ընտրական փուլում Իրանի հավաքականը միակ թիմն է, որը պարտություն չի կրել (18 խաղում):

ԱԱ-2018-ի խմբային փուլում Իրանը B խմբում ուժերը չափելու է Մարոկկոյի (հունիսի 15, Սանկտ Պետերբուրգ), Իսպանիայի (հունիսի 20, Կազան) եւ Պորտուգալիայի (հունիսի 25, Սարանսկ) հավաքականների հետ: Խմբի ֆավորիտ են համարվում եվրոպական թիմերը, սակայն Իրանի հավաքականը եւս կարող է անակնկալ մատուցել եւ պատմության մեջ առաջին անգամ հայտնվել աշխարհի առաջնության փլեյ-օֆֆում:

Մարզիչը

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Կարլուշ Կեյրուշն Իրանի հավաքականը գլխավորում է 2011 թվականից: Իրանցիներն առաջին անգամ են երկրորդ անգամ անընդմեջ հանդես գալու աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին: Նա առաջին մարզիչն է, որն Իրանի հավաքականում աշխատում է 5-ից ավելի տարի: «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի մարզչական շտաբում աշխատած 65-ամյա Կեյրուշն Իրանի հավաքական է բերել խիստ կարգապահություն ու նոր տակտիկական մտահղացումներ: Նա բազմիցս տարաձայնություններ է ունեցել Իրանի ֆուտբոլային ղեկավարության հետ եւ մոտ է եղել հավաքականից հեռանալուն, սակայն մինչեւ օրս մնում է թիմում: Նրա գլխավորությամբ իրանցիները հիմնականում հանդես են գալիս 4-2-3-1 տակտիկական սխեմայով, որը երբեմն դառնում է 4-3-3 կամ 4-3-2-1: Իրանի հավաքականի գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ թիմի առաջատարները մշտական խաղային պրակտիկա չունեն իրենց ակումբներում:

Առանց Անդրանիկ Թեյմուրյանի

Իրանի հավաքականի նախկին ավագ Անդրանիկ Թեյմուրյանը Բրազիլիայում կայացած ԱԱ-2014-ում թիմի առանցքային խաղացողներից էր, իսկ 2016-ին որոշեց ավարտել կարիերան ազգային թիմում: 35-ամյա կիսապաշտպանն Իրանի հավաքականում հանդես եկած միակ քրիստոնյան է: Անգլիական «Բոլթոնի» նախկին ֆուտբոլիստը վերջին տարիներին հաճախ է ակումբներ փոխում Իրանում, իսկ 2017-ից հանդես է գալիս «Գոստալեշ Ֆուլադ» ակումբի կազմում: Հենակետային կիսապաշտպանի գոտին Իրանի հավաքականում ամենապրոբլեմատիկ դիրքերից է, որում երկար տարիներ հաջողությամբ հանդես էր գալիս հայկական արմատներ ունեցող Անդրանիկ Թեյմուրյանը: Իրանի հավաքականում անցկացրած 11 տարիներին Թեյմուրյանը մասնակցել է 101 խաղի եւ դարձել 9 գոլի հեղինակ:

Թիմի նախնական հայտացուցակը ԱԱ-2018-ում

Դարպասապահներ. Ալիրեսա Բեյրանվանդ («Պերսեպոլիս»), Հոսեյն Հոսեյնի («Էստեղլալ»), Ռաշիդ Մազահերի («Զոբ Ահան»), Ամիր Աբեդզադե («Մարիտիմու»):

Պաշտպաններ. Ռամին Ռեզաեյան («Օստենդե»), Վուրիա Գաֆուրի («Էստեղլալ»), Ստիվեն Բեյտաշուր («Լոս Անջելես»), Ջալյալ Հոսեյնի («Պերսեպոլիս»), Մոհամեդ Ռեզա Հանզադե («Փադիդեհ»), Մորտեզա Պուրլիգանժի («Ալ Սադ»), Մոհամեդ Անսարի («Պերսեպոլիս»), Պեդժման Մոնտեզերի («Էստեղլալ»), Մաջիդ Հոսեյնի («Էստեղլալ»), Միլադ Մոհամադի («Ախմատ»), Նուր Օմիդ Բեւել («Էստեղլալ»), Սաիդ Ագաի («Սեպահան»), Ռուզբեխ Չեշիմ («Էստեղլալ»):

Կիսապաշտպաններ.  Սաիդ Էզատոլահի («Ամկար»), Մասուդ Շոդժան (ԱԵԿ), Ահմադ Աբդուլազադե («Ֆուլադ»), Սաման Գոդոս («Էստերսունդ»), Մեհդի Տորաբի («Սայպա»), Աշկան Դեժագա («Նոթինգհեմ Ֆորեստ»), Օմիդ Էբրահիմի («Էստեղլալ»), Էհսան Հաժսաֆի («Օլիմպիակոս»), Ալի Կարիմի («Սեպահան»), Սորուշ Ռաֆիեի («Ալ Հոր»), Ալի Գոլիզադեհ («Սայպա»), Վահիդ Ամիրի («Պերսեպոլիս»):

Հարձակվողներ. Ալիրեզա Յախանբակշ («Ազ Ալկմար»), Քարիմ Անսարիֆարդ («Օլիմպիակոս»), Մեհդի Տերեմի («Ալ Գարաֆա»), Սերդար Ազմուն («Ռուբին»), Ռեզա Գուչանեժադ («Հերենվեն»), Կավեխ Ռեզայի («Շարլերուա»):

Բուքմեյքերների կարծիքը

Իրանի հավաքականի չեմպիոնության գործակիցը 500 է: Թիմի՝ 1/8 եզրափակիչ դուրս գալու համար սահմանվել է 5.8 գործակից:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը: Խմբային փուլի վիճակահանությունը կայացել էր դեկտեմբերի 1-ին Մոսկվայում։

ԱԱ-2018-ի մասնակիցները՝ ՃապոնիաՊերուԵգիպտոսԿոստա ՌիկաՇվեդիաՄեքսիկա, Թունիս

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում