09:49  ,  7 հունիսի, 2018

ԱԱ-2018-ի մասնակիցները․ Անգլիայի հավաքական (ֆոտո)

Շարունակում ենք ներկայացնել Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին: 32 մասնակիցներից 21-րդն Անգլիայի հավաքականն է:

Ֆուտբոլի Անգլիայի հավաքականը աշխարհի առաջնություններին մասնակցում է 1950 թվականից։ Անգլիացիները մունդիալների որակավորման փուլը չեն հաղթահարել 1974, 1978 և 1994 թվականներին։ Պատմության լավագույն արդյունքը 1966-ի չեմպիոնությունն է։ Դրանից հետո ֆուտբոլի հայրենիքը ներկայացնող հավաքականը 1990-ին բավարարվեց կիսաեզրափակիչով։

ԱԱ-2018-ի ընտրական մրցաշարում Անգլիան խնդիրներ չունեցավ։ 10 խաղից 8-ում հաղթեցին, իսկ 2-ում ոչ ոքի խաղացին՝ խմբում գրավելով առաջին տեղը (Անգլիա, Սլովակիա, Շոտլանդիա, Սլովենիա, Լիտվա, Մալթա)։  

ԱԱ-2018-ի խմբային փուլում անգլիացիները հանդես կգան G խմբում, որտեղ կմրցեն Թունիսի (հունիսի 18), Պանամայի  (հունիսի 24) և Բելգիայի  (հունիսի 28) հետ։ Խմբում անգլիացիների հետ ֆավորիտի կարգավիճակը կիսում են բելգիացիները։

Անգլիայի հավաքականի չեմպիոնության գործակիցը բուքմեյքերները սահմանել են 17։  

Թիմի նախնական հայտացուցակն ԱԱ-2018-ում

Դարպասապահներ․ Ջեք Բատլենդ («Սթոք Սիթի»), Ջորդան Պիկֆորդ («Էվերթոն»), Նիկ Պոուլ («Բարնլի»)։

Պաշտպաններ․ Տրենտ Ալեքսանդր Արնոլդ («Լիվերպուլ»), Ֆիլ Ջոնս, Էշլի Յանգ (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»), Գարի Կեհիլ («Չելսի»), Հարի Մագուայեր («Լեսթեր»), Ջոն Սթունս, Կայլ Ուոլկեր (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի»), Կիրիան Տրիպյեր, Դենի Ռոուզ (երկուսն էլ՝ «Տոտենհեմ»)։

Կիսապաշտպաններ․ Էրիկ Դայեր, Դելե Ալի (երկուսն էլ «Տոտենհեմ»), Ֆաբիան Դելֆ, Ռահիմ Ստերլինգ (երկուսն էլ «Մանչեսթեր Սիթի»), Ռուբեն Լուֆտուս Չիկ («Չելսի»), Ջեսի Լինգարդ («Մանչեսթեր Յունայթեդ»), Ջորդան Հենդերսոն, Ադամ Լալանա (երկուսն էլ՝ «Լիվերպուլ»), Ջեյք Լիվերմոր («Վեստ Բրոմվիչ»)։

Հարձակվողներ․ Ջեյմի Վարդի («Լեսթեր»), Հարի Քեյն («Տոտենհեմ»), Մարկուս Ռեշֆորդ («Մանչեսթեր Յունայթեդ»), Դենի Ուելբեք («Արսենալ»)։

 

Մարզիչը

Գարեթ Սաութգեյթը մարզչական կարիերան սկսել է 2006 թվականին («Միդլսբրոյում»)։ 2013-2016 թվականներին աշխատել է Անգլիայի երիտասարդական հավաքականում։ 2016-ին Սեմ Էլարդեյսի պաշտոնանկությունից հետո նշանակվեց Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչի ժամանակավոր պաշտոնակատար։ 4 հանդիպում անցկացնելուց հետո, Անգլիայի ֆուտբոլի միությունը պայմանագիր ստորագրեց նրա հետ։ Սաութգեյթը հիմնականում նախընտրում է 4-3-3 տակտիկական դասավորվածությունը։  

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը: Խմբային փուլի վիճակահանությունը կայացել էր դեկտեմբերի 1-ին Մոսկվայում։

ԱԱ-2018-ի մասնակիցները.

ՃապոնիաՊերուԵգիպտոսՇվեդիաՄեքսիկաԹունիսԻրանՊանամաՄարոկկո, Սաուդյան ԱրաբիաԿոստա ՌիկաԱվստրալիաՍենեգալՆիգերիաՍերբիաՀարավային ԿորեաԴանիաԽորվաթիա, ԻսլանդիաՇվեյցարիա։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով