09:51  ,  19 մայիսի, 2018

ԱԱ-2018. Մեքսիկայի հավաքական (ֆոտո)

Շարունակում ենք ներկայացնել Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին: 32 մասնակիցներից 6-րդը Մեքսիկայի հավաքականն է:

Մեքսիկայի հավաքականն աշխարհի առաջնություններին մասնակցել է 15 անգամ, իսկ նորամուտը նշել է առաջին «Մունդիալում» (1930-ին)։ Աշխարհի առաջնություններում մեքսիկացիների լավագույն արդյունքը եղել է քառորդ եզրափակիչը, որում նրանք խաղացել են 1970-ին ու 1986-ին։

ԱԱ-2018-ի ընտրական փուլում մեքսիկացիները նախ հաղթեցին A խմբում (Մեքսիկա, Հոնդուրաս, Կանադա, Էլ Սալվադոր), իսկ հետո որակավորման վերջին փուլից եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճեցին առաջին տեղով (Մեքսիկա, Կոստա Ռիկա, Պանամա, Հոնդուրաս, ԱՄՆ, Տրինիդադ եւ Տոբագո)։

ԱԱ-2018-ի խմբային փուլում Մեքսիկայի հավաքականը կխաղա F խմբում, որտեղ կմրցի աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի (հունիսի 17, Մոսկվա), Հարավային Կորեայի (հունիսի 23, Ռոստով) եւ Շվեդիայի (հունիսի 27, Եկատերինբուրգ) հետ: Խմբի ընդգծված ֆավորիտ են համարվում գերմանացիները, իսկ մյուս ուղեգրին հավակնում են Մեքսիկայի ու Շվեդիայի հավաքականները: Սպասվում է, որ ԱԱ-2018-ի եզրափակիչ փուլին մեկնելու են 40-50 հազար մեքսիկացի երկրպագուներ։

Գլխավոր աստղն ու վետերանը

Մեքսիկայի հավաքականի գլխավոր աստղն է Լոնդոնի «Վեստ Հեմի» հարձակվող Խավյեր Հերնանդեսը (Չիչարիտո)։ Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվողը Լեւերկուզենի «Բայեր» տեղափոխվելուց հետո առանձնանում էր ռմբարկուական որակներով, իսկ այս մրցաշրջանից առաջ վերադարձավ Անգլիայի Պրեմյեր լիգա։ Մեքսիկայի հավաքականի հարձակողական խաղաոճը դժվար է պատկերացնել առանց Չիչարիտոյի, որն ազգային թիմի պատմության լավագույն ռմբարկուն է (49 գոլ)։

Մեքսիկայի հավաքականի հայտացուցակում տեղ է գտել նաեւ «Բարսելոնայի» նախկին պաշտպան Ռաֆայել Մարկեսը, որը 2016-ից հանդես է գալիս մեքսիկական «Ատլասում»։ 39-ամյա ֆուտբոլիստը մտադիր է ԱԱ-2018-ով ավարտել ֆուտբոլային կարիերան։ Ռաֆայել Մարկեսը պատմության միակ ֆուտբոլիստն է, որ ավագի թեւկապով հանդես է եկել աշխարհի առաջնությունների 4 եզրափակիչ մրցաշարերում։ Այս ամռանը նա կարող է գերմանացի Լոթար Մատեուսից հետո դառնալ երկրորդ ֆուտբոլիստը, որը 5-րդ անգամ մասնակցում է աշխարհի առաջնությանը։

Մարզիչը

Կոլումբացի մասնագետ Խուան Կարլոս Օսորիոն Մեքսիկայի հավաքականը գլխավորում է 2015 թվականից։ Դա 56-ամյա մասնագետի առաջին աշխատանքն է ազգային թիմերում։ Կարլոս Օսորիոն մարզչական կրթություն է ստացել Քոնեքտիկուտի հյուսիսային համալսարանում (ԱՄՆ) ու Ջոն Մուրի համալսարանում (Լիվերպուլ)։ 2001-2005-ը նա Կեւին Կիգանի օգնականն էր անգլիական «Մանչեսթեր Սիթիում»։ Նախկին ֆուտբոլիստը հարձակողական ֆուտբոլի կողմնակից է։ Հենց այդպիսի խաղով է նրա գլխավորությամբ առանձնանում Մեքսիկայի հավաքականը։

Թիմի հայտացուցակը ԱԱ-2018-ում

Դարպասապահներ Խեսուս Կորոնա («Կրուս Ասուլ»), Ալֆրեդո Տալավերա («Տոլուկա»), Գիլերմո Օչոա («Ստանդարտ»)։

Պաշտպաններ Էդսոն Ալվարես («Ամերիկա»), Օսվալդո Ալանիս («Չիվաս»), Նեստոր Արաուխո («Սանտոս Լագունա»), Ուգո Այալա, Յուրգեն Դամ (երկուսն էլ «Տիգրես»), Խեսուս Գալյարդո (ՈՒՆԱՄ), Միգել Լայուն («Սևիլիա»), Էկտոր Մորենո («Ռեալ Սոսեդատ»), Դիեգո Ռեյես, Խեսուս Կորոնա (երկուսն էլ «Պորտու»), Կարլոս Սալսեդո («Այնտրախտ»)։

Կիսապաշտպաններ Մարկո Ֆաբիան («Այնտրախտ»), Ջոնաթան դոս Սանտոս, Ջովանի դոս Սանտոս (երկուսն էլ «Լոս Անջելես Գելեքսի»), Անդրես Գուարդադո («Բետիս»), Էրիկ Գուտերես («Պաչուկա»), Էկտոր Էրերա («Պորտու»), Ռաֆայել Մարկես («Ատլաս»), Խոսուս Մոլինա ( «Մոնտերեյ»)։

Հարձակվողներ Խավիեր Ակինո («Տիգրես»), Խավիեր Էրնանդես («Վեստ Հեմ»), Ռաուլ Խիմենես («Բենֆիկա»), Իրվինգ Լոսանո (ՊՍՎ), Օրիբե Պերալտա («Ամերիկա»), Կարլոս Վելա («Լոս Անջելես»)։

Բուքմեյքերների կարծիքը

Մեքսիկայի հավաքականի չեմպիոնության գործակիցը 100 է: Թիմի՝ 1/8 եզրափակիչ դուրս գալու համար սահմանվել է 2.00 գործակից:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը: Խմբային փուլի վիճակահանությունը կայացել էր դեկտեմբերի 1-ին Մոսկվայում։

ԱԱ-2018-ի մասնակիցները՝ ՃապոնիաՊերուԵգիպտոսԿոստա Ռիկա, Շվեդիա

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով