09:09  +04,  17 մայիսի, 2018

ԱԱ-2018-ի մասնակիցները. Կոստա Ռիկայի հավաքական (ֆոտո)

Շարունակում ենք ներկայացնել Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին: 32 մասնակիցներից չորրորդը Կոստա Ռիկայի հավաքականն է:

Կոստա Ռիկան աշխարհի առաջնություններին մասնակցել է 5 անգամ: «Մունդիալներում» թիմը նորամուտը նշել է 1990-ին, իսկ լավագույն արդյունքը գրանցել է ԱԱ-2014-ում, որում հասավ մինչեւ քառորդ եզրափակիչ: 

ԱԱ-2018-ի ընտրական փուլում կոստառիկացիները նախ հաղթեցին B խմբում (Կոստա Ռիկա, Պանամա, Հաիթի, Ջամայկա), իսկ հետո որակավորման վերջին փուլից եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճեցին երկրորդ տեղով՝ զիջելով միայն Մեքսիկայի հավաքականին:

ԱԱ-2018-ի խմբային փուլում կոստառիկացիները հանդես կգան E խմբում, որտեղ կմրցեն Սերբիայի (հունիսի 17, Սամարա), Բրազիլիայի (հունիսի 22, Սանկտ Պետերբուրգ) եւ Շվեյցարիայի (հունիսի 27, Վոլգոգրադ) հավաքականների հետ: Կոստա Ռիկայի հավաքականը չի համարվում խմբի ֆավորիտներից, սակայն շատ մասնագետներ կարծում են, որ հյուսիսամերիկյան թիմը կարող է անակնկալ մատուցել, ինչպես Բրազիլիայում կայացած աշխարհի նախորդ առաջնությունում:

Գլխավոր աստղը

Կոստա Ռիկայի հավաքականի գլխավոր աստղն է Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը: 31-ամյա դարպասապահը վստահ խաղ է ցուցադրում ինչպես Արքայական ակումբում, այնպես էլ ազգային թիմում, որի առաջատարներից է: ԱԱ-2014-ում նա Կոստա Ռիկայի հավաքականի հաջող ելույթի գլխավոր գրավականներից էր: Նավասի անցած ֆուտբոլային ճանապարհը եղել է շատ բարդ: Նրա հայրենի քաղաքում դարպասապահին թույլ չէին տվել խաղալ ցածրահասկ լինելու պատճառով, սակայն 20 տարի անց քաղաքի գլխավոր ստադիոնն անվանափոխվեց նրա անունով:  

Մարզիչը

2015-ից Կոստա Ռիկայի հավաքականը գլխավորում է տեղացի մասնագետ Օսկար Ռամիրեսը, որը դրանից առաջ մեկ տարի աշխատել էր ազգային թիմի մարզչական շտաբում: Նախկին ֆուտբոլիստը Կոստա Ռիկայի հավաքականի կազմում հանդես է եկել 1985-1997-ը՝ 75 խաղում խփելով 6 գոլ: Մարզչական կարիերայի ընթացքում 53-ամյա մասնագետն աշխատել է միայն տեղի ակումբներում: Ռամիրեսը կոստառիկացի երկրպագուների սիրելին է: Նա նախընտրում է հակագրոհներով ֆուտբոլ ու 3-4-3 եւ 3-5-2 տակտիկական սխեմաներ:

Թիմի հայտացուցակը ԱԱ-2018-ում

Դարպասապահներ. Կեյլոր Նավաս («Ռեալ»), Պարիկ Պեմբերտոն («Ալահուելենսե»), Լիոնել Մորեյրա («Էրեդիանո»): 

Պաշտպաններ. Կրիստիան Գամբոա («Սելթիկ»), Յան Սմիթ («Նորդչիպեգ»), Ռոնալդ Մատարիտա («Նյու Յորք Սիթի»), Բրայան Օվյեդո («Սանդերլենդ»), Օսկար Դուարտե («Էսպանյոլ»), Ջանկարլո Գոնսալես («Բոլոնիա»), Ֆրանսիսկո Կալվո («Մինեսոտա Յունայթեդ»), Քենդալ Ուոստոն («Վանկուավեր»), Ջոնի Ակոստա («Ագիլաս»): 

Կիսապաշտպաններ. Դավիդ Գուսման («Պորտլենդ»), Ելցին Տեհեդա («Լոզանո»), Սելսո Բորխես («Դեպորտիվո»), Ռենդալ Ասոֆեյֆա («Էրեդիանո»), Ռոդնի Ուոլես («Նյու Յորք Սիթի»), Կրիստիան Բալանյոս («Սապրիսա»), Խոան Վենեգաս («Սապրիսա»): 

Հարձակվողներ. Բրայան Ռուիս («Սպորտինգ»), Դանիել Կոլինդրես («Սապրիսա»), Խոել Քեմբել («Բետիս»), Մարկոս Ուրենյա («Լոս Անջելես»):

Բուքմեյքերների կարծիքը

Կոստա Ռիկայի հավաքականի չեմպիոնության գործակիցը 500 է: Թիմի՝ 1/8 եզրափակիչ դուրս գալու համար սահմանվել է 4 գործակից:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը: Խմբային փուլի վիճակահանությունը կայացել էր դեկտեմբերի 1-ին Մոսկվայում։

ԱԱ-2018-ի մասնակիցները՝ ՃապոնիաՊերու, Եգիպտոս

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ