15:50  ,  28 մայիսի, 2018

ԱԱ-2018-ի մասնակիցները. Սերբիայի հավաքական (ֆոտո)

Շարունակում ենք ներկայացնել Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին: 32 մասնակիցներից 15-րդը Սերբիայի հավաքականն է։

Հարավսլավիայի կազմից դուրս գալուց հետո Սերբիան աշխարհի առաջնություններին մասնակցել է մեկ անգամ։ Սերբերը հանդես են եկել Հարավային Աֆրիկայում կայացած ԱԱ-2010-ում, որում չեն հաղթահարել խմբային փուլի արգելքը։

ԱԱ-2018-ի ընտրական փուլում սերբերը հաղթեցին D խմբում (Սերբիա, Իռլանդիա, Ուելս, Ավստրիա, Վրաստան, Մոլդովա) եւ նվաճեցին եզրափակիչ մրցաշարի ուղեգիր։

ԱԱ-2018-ի խմբային փուլում Սերբիայի հավաքականն ընդգրկվել է E խմբում, որտեղ կմրցի Կոստա Ռիկայի (հունիսի 17, Սամարա), Շվեյցարիայի (հունիսի 22, Կալինինգրադ) եւ Բրազիլիայի (հունիսի 27, Մոսկվա) հավաքականների հետ: Խմբի ֆավորիտն է Բրազիլիայի հավաքականը, իսկ մյուս 3 թիմերը կպայքարեն փլեյ-օֆֆի ուղեգրի համար։

Անփորձ մարզիչը

Սերբիայի հավաքականն աշխարհի առաջնության ուղեգիր նվաճեց Սլավոլյուբ Մուսլինի գլխավորությամբ, սակայն 2017 թվականի հոկտեմբերին նրան փոխարինեց ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ Մլադեն Կրստաիչը։ Շատ մասնագետների համար Մուսլինի հեռացումը դարձավ մեծ անակնկալ, քանի որ նա նկատելի դրական փոփոխություններ էր կատարել Սերբիայի հավաքականում։ Մլադեն Կրստաիչը 2016-2017-ն աշխատում էր Սերբիայի հավաքականի մարզչական շտաբում, իսկ դրանից առաջ չուներ մարզչական փորձ։ 44-ամյա մասնագետն ԱԱ-2018-ում կլինի ամենաանփորձ մարզիչներից մեկը։ Սլավոլյուբ Մուսլինի գլխավորությամբ Սերբիայի հավաքականը խաղում էր 3 կենտրոնական պաշտպաններով, իսկ Մլադեն Կրստաիչը փոխեց թիմի տակտիկական սխեման։ Ամենայն հավանականությամբ, ԱԱ-2018-ում սերբերը հանդես կգան 4-1-4-1 սխեմայով։

Թիմի նախնական հայտացուցակն ԱԱ-2018-ում

Դարպասապահներ Վլադիմիր Ստոյկովիչ («Պարտիզան»), Մարկո Դմիտրովիչ («Էյբար»), Պրոդրագ Ռայկովիչ («Մաքաբի Թել-Ավիվ»), Ալեքսանդր Յովանովիչ («Օրխուս»)։

Պաշտպաններ Ալեքսանդր Կոլարով («Ռոմա»), Բրանիսլավ Իվանովիչ («Զենիթ»), Դուշկո Տոշիչ («Գուանչժոու Ֆուլի»), Անտոնիո Ռուկավինա («Վիլյառեալ»), Մատիա Նաստասիչ («Շալկե»), Միլոշ Վելկովիչ («Վերեր»), Միլան Ռոդիչ («Ցրվենա Զվեզդա»), Ուրոշ Սպայիչ («Կրասնոդար»), Նիկոլա Միլենկովիչ («Ֆիորենտինա»)։

Կիսապաշտպաններ Նեմանիա Մատիչ («Մանչեսթեր Յունայթեդ»), Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ ( «Լացիո»), Լուկա Միլիվոեւիչ («Քրիսթալ Փելաս»), Ադեմ Լյայիչ («Տորինո»), Միյատ Գաչինովիչ («Այնտրախտ Ֆրանկֆուրտ»), Մարկո Գրույիչ («Կարդիֆ»), Նեմանիա Մաքսիմովիչ («Վալենսիա»), Նեմանիա Ռադոնիչ («Ցրվենա Զվեզդա»), Դուշան Տադիչ («Սաութհեմփթոն»), Ֆիլիպ Կոստիչ («Համբուրգ»), Անդրիա Ժիվկովիչ («Բենֆիկա»)։

Հարձակվողներ Ալեքսանդր Միտրովիչ («Ֆուլհեմ»), Ալեքսանդր Պրիյովիչ (ՊԱՕԿ), Լուկա Յովիչ («Այնտրախտ Ֆրանկֆուրտ»)։

Բուքմեյքերների կարծիքը

Սերբիայի հավաքականի չեմպիոնության գործակիցը 150 է: Թիմի՝ 1/8 եզրափակիչ դուրս գալու համար սահմանվել է 2․1 գործակից:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը: Խմբային փուլի վիճակահանությունը կայացել էր դեկտեմբերի 1-ին Մոսկվայում։

ԱԱ-2018-ի մասնակիցները.

ՃապոնիաՊերուԵգիպտոսՇվեդիաՄեքսիկաԹունիսԻրանՊանամաՄարոկկո, Սաուդյան ԱրաբիաԿոստա ՌիկաԱվստրալիաՍենեգալ, Նիգերիա

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով