09:48  ,  1 հունիսի, 2018

ԱԱ-2018-ի մասնակիցները. «Մունդիալների» նորեկ Իսլանդիայի հավաքականը՝ սենսացիայի սպասումով (ֆոտո)

Շարունակում ենք ներկայացնել Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին: 32 մասնակիցներից 19-րդը Իսլանդիայի հավաքականն է, որը նորամուտը կնշի «Մունդիալներում»:

Իսլանդիայի հավաքականը Պանամայի պես առաջին անգամ կմասնակցի աշխարհի առաջնություններին: 2 տարի առաջ իսլանդացիները նորամուտը նշեցին նաեւ Եվրոպայի առաջնությունում, որում դարձան գլխավոր հայտնությունն ու հասան մինչեւ քառորդ եզրափակիչ:

ԱԱ-2018-ի ընտրական փուլում Իսլանդիայի հավաքականն առաջին տեղը գրավեց I խմբում  (Իսլանդիա, Խորվաթիա, Ուկրաինա, Թուրքիա, Ֆինլանդիա, Կոսովո) եւ հասավ պատմական հաջողության:

ԱԱ-2018-ի խմբային փուլում Իսլանդիայի հավաքականին բաժին է հասել ամենաբարդ խմբերից մեկը: D խմբում իսլանդացիները կխաղան աշխարհի փոխչեմպիոն Արգենտինայի (հունիսի 16, Մոսկվա), Նիգերիայի (հունիսի 21, Նիժնի Նովգորոդ) եւ Խորվաթիայի (հունիսի 26, Ռոստով) հավաքականների հետ: Խմբից դուրս գալը կլինի շատ բարդ, բայց ոչ անլուծելի խնդիր Եվրո-2016-ում սենսացիա մատուցած ու լավ վիճակում գտնվող իսլանդացիների համար:

Մարզիչը

Եվրո-2016-ից հետո Իսլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացավ շվեդ մասնագետ Լարս Լագերբեկը, որը թիմի պատմական հաջողության գլխավոր կերտողներից էր: Լագերբեկի հետ թիմը գլխավորում էր նաեւ իսլանդացի մասնագետ Հեյմար Հադլգրիմսոնը, որը Իսլանդիայի հավաքականին կտանի ԱԱ-2018-ին: 50-ամյա Հադլգրիմսոնը 2011 թվականից է աշխատում իր երկրի ազգային թիմի մարզչական շտաբում: Նա երկար տարիներ աշխատել է նաեւ կանանց ֆուտբոլում: Հադլգրիմսոնի շնորհիվ է նաեւ, որ իսլանդացիները եվրոպական միջակ հավաքականից դարձել են մի թիմ, որը կարող է անակնկալի բերել ցանկացած մրցակցի, ինչն արեց Եվրո-2016-ում:

Լարս Լագերբեկի գլխավորությամբ իսլանդացիները հանդես էին գալիս 4-4-2 տակտիկական սխեմայով, իսկ Հեյմար Հադլգրիմսոնը խաղում է նաեւ 4-2-3-1 սխեմայով: Իսլանդիայի հավաքականը նաեւ մեծ ուշադրություն է դարձնում ստանդարտ դիրքերին ու եզրային նետումների խաղարկմանը մրցակցի դարպասի մոտ:

Գլխավոր աստղը

Իսլանդիայի հավաքականի գլխավոր աստղն է անգլիական «Էվերտոնի» կիսապաշտպան Գիլֆի Սիգուրդսոնը: Գերմանական «Հոֆենհայմի» ու Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին ֆուտբոլիստը իսլանդացիների գրոհների «դիրիժորն» է: Գրոհներ կազմակերպելուց բացի, 28-ամյա Սիգուրդսոնը խփում է գոլեր, ինչպես նաեւ հրաշալի իրացնում տուգանային հարվածները: Նրան կարելի է համարել թիմի առաջատարը, թեեւ իսլանդացիների գլխավոր ուժն անկոտրում թիմային ոգին է: Սիգուրդսոնը 7 անգամ ճանաչվել է Իսլանդիայի լավագույն ֆուտբոլիստ եւ այդ ցուցանիշով գերազանցել «Բարսելոնայի» նախկին հարձակվող Էյդուր Գուդյոնսենի ռեկորդը:

Անկրկնելի երկրպագուները

Եվրո-2016-ից հիշվեց ինչպես Իսլանդիայի հավաքականի տպավորիչ խաղը, այնպես էլ թիմի անկրկնելի երկրպագուները: Իսլանդացի ֆանատները երկրպագուական նոր արվեստ բերեցին ֆուտբոլ՝ դառնալով ֆուտբոլասերների սիրելին: Իսլանդիայի հավաքականի խաղերի ժամանակ իսլանդացի երկրպագուներ տրիբունայում կարելի է նկատել նաեւ երկրի նախագահին: 322 հազար բնակչություն ունեցող Իսլանդիայի երկրպագուների 20 տոկոսն աշխարհի առաջնության հանդիպումների տոմսերի հայտեր է ներկայացրել:

Թիմի վերջնական հայտացուցակն ԱԱ-2018-ում

Դարպասապահներ Հանես Հալդուրսոն («Ռանդերս»), Ռունար Ռունարսոն («Նորշելան»), Ֆրեդերիկ Շրամ («Ռոսկիլե»)։

Պաշտպաններ․ Արի Սկուլասոն («Լոկերեն»), Հերդյուր Մագնուսոն («Բրիստոլ Սիթի»), Ռագնար Սիգուրդսոն («Ռոստով»), Կարի Արնասոն («Աբերդին»), Հոլմար Էյոլֆսոն («Լևսկի»), Սվերիր Ինգասոն («Ռոստով»), Բիրկիր Սևարսոն («Վալյուր»), Սամուել Ֆրիդոունսոն («Վոլերենգա»)։

Կիսապաշտպաններ Գյուլֆի Սիգորդսոն («Էվերտոն»), Արոն Գունարսոն («Կարդիֆ Սիթի»), Էմիլ Հադլվրեդսոն («Ուդինեզե»), Բիրկիր Բյարնսոն («Աստոն Վիլա»), Յոհան Գուդմունդսոն («Բարնլի»), Օլաֆուր Սկուլասոն («Կարաբյուկսպոր»), Արնոր Տրաուստասոն («Մյոլմե»), Ռյուրիկ Գիսլասոն («Զանդհաուզեն»)։

Հարձակվողներ Ալվրեդ Ֆինբոգասոն («Աուգսբուրգ»), Բորն Սուգուրդսոն («Ռոստով»), Յոն Բեդվարսոն («Ռեդինգ»), Ալբերտ Գուդմունդսոն (ՊՍՎ)։

 

Բուքմեյքերների կարծիքը

Իսլանդիայի հավաքականի չեմպիոնության գործակիցը 200 է: Թիմի՝ 1/8 եզրափակիչ դուրս գալու համար սահմանվել է 3.5 գործակից:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը: Խմբային փուլի վիճակահանությունը կայացել էր դեկտեմբերի 1-ին Մոսկվայում։

ԱԱ-2018-ի մասնակիցները.

ՃապոնիաՊերուԵգիպտոսՇվեդիաՄեքսիկաԹունիսԻրանՊանամաՄարոկկո, Սաուդյան ԱրաբիաԿոստա ՌիկաԱվստրալիաՍենեգալՆիգերիաՍերբիաՀարավային ԿորեաԴանիա, Խորվաթիա

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով