10:54  ,  26 մայիսի, 2018

ԱԱ-2018-ի մասնակիցները. Սենեգալի հավաքական (ֆոտո)

Շարունակում ենք ներկայացնել Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին: 32 մասնակիցներից 13-րդը Սենեգալի հավաքականն է։

Սենեգալցիներն աշխարհի առաջնություններին մասնակցել են 2 անգամ: Աֆրիկյան թիմը «Մունդիալներում» լավագույն արդյունքը գրանցել է առաջին մրցելույթի ժամանակ՝ ԱԱ-2002-ում հասնելով մինչեւ քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվել է Թուրքիայի հավաքականին:

ԱԱ-2018-ի ընտրական փուլի աֆրիկյան գոտու մրցաշարում Սենեգալի հավաքականը նախ 2 խաղերի արդյունքում հաղթեց Մադագասկարի հավաքականին (2:2, 3:0), իսկ խմբային փուլում վստահորեն առաջին տեղը գրավեց D խմբում (Բուրկինա Ֆասո, Կաբո Վերդե, Հարավային Աֆրիկա):

ԱԱ-2018-ի խմբային փուլում Սենեգալի թիմը կխաղա H խմբում, որտեղ կմրցի Լեհաստանի (հունիսի 19, Մոսկվա), Ճապոնիայի (հունիսի 24, Եկատերինբուրգ) եւ Կոլումբիայի (հունիսի 28, Սամարա) հավաքականների հետ: Մասնագետների կարծիքով՝ այս խմբում չկա ընդգծված ֆավորիտ եւ 4 թիմերն էլ կարող են հաղթանակի հավակնել բոլոր խաղերում:

Մարզիչը

2015 թվականից Սենեգալի հավաքականը գլխավորում է տեղացի մասնագետ Ալիու Սիսեն, որը մինչեւ այդ 3 տարի աշխատում է Սենեգալի Մ-23 թիմում՝ նորամուտը նշելով մարզչական աշխատանքում: 42-ամյա մասնագետը 1999–2005-ը խաղացել է նաեւ Սենեգալի հավաքականում, որի կազմում անցկացրել է 35 հանդիպում, իսկ ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2009-ին: Նա Սենեգալի հավաքական է բերել եվրոպական ֆուտբոլ՝ բարձր պրեսինգով ու կոմպակտ միջին օղակով:

Գլխավոր աստղը

Սենեգալի հավաքականի գլխավոր աստղն է անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն: Այս մրցաշրջանում նա, եգիպտացի Մոհամեդ Սալահը ու բրազիլացի Ռոբերտո Ֆիրմինոն կազմել էին եվրոպական ֆուտբոլի ամենահետաքրքիր ու ամենաարդյունավետ հարձակողական եռյակներից մեկը: Սենեգալի հավաքականում կան եվրոպական ֆուտբոլում հայտնի այլ ֆուտբոլիստներ, որոնց օգնությամբ Մանեն տպավորիչ խաղ է ցուցադրում նա ազգային թիմում:

Սադիո Մանեն ֆուտբոլի պատմության ամենաթանկ սենեգալցին է: Նրան ձեռք բերելու համար «Լիվերպուլը» 2016-ին 40 միլիոն եվրոյից ավելի է վճարել անգլիական «Սաութհեմփթոնին»:

Թիմի վերջնական հայտացուցակն ԱԱ-2018-ում

Դարպասապահներ. Դիալո («Ռեն», Ֆրանսիա), Գոմիս (ՍՊԱԼ, Իտալիա), Նդայե («Հորոյա», Գվիենա):

Պաշտպաններ. Կուլիբալի («Նապոլի», Իտալիա), Մբոջ («Անդերլեխտ», Բելգիա), Գասամա («Ալանյասպոր», Թուրքիա), Վագե («Էյպեն», Բելգիա), Սաբալի («Բորդո», Ֆրանսիա), Սիս («Վալանսյեն», Ֆրանսիա), Սալիֆ Սանե («Հանովեր», Գերմանիա):

Կիսապաշտպաններ. Պապա Նդիայե («Սթոք Սիթի», Անգլիա), Նդոյե («Բիրմինհեմ», Անգլիա), Կույատե («Վեստ Հեմ», Անգլիա), Ալֆրեդ Նդիայե («Վիլյառեալ», Իսպանիա), Գույե («Էվերտոն», Անգլիա):

Հարձակվողներ. Բիրամ Դիուֆ («Սթոք Սիթի», Անգլիա), Սակո («Ռեն», Ֆրանսիա), Սար («Ռեն», Ֆրանսիա), Կոնատե («Ամյեն», Ֆրանսիա), Բալդե Կեյտա («Մոնակո», Ֆրանսիա), Սոու («Բուրսասպոր», Թուրքիա), Սադիո Մանե («Լիվերպուլ», Անգլիա), Նյանգ («Տորինո», Իտալիա):
 

Բուքմեյքերների կարծիքը

Սենեգալի հավաքականի չեմպիոնության գործակիցը 125 է: Թիմի՝ 1/8 եզրափակիչ դուրս գալու համար սահմանվել է 2.35 գործակից:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը: Խմբային փուլի վիճակահանությունը կայացել էր դեկտեմբերի 1-ին Մոսկվայում։

ԱԱ-2018-ի մասնակիցները.

ՃապոնիաՊերուԵգիպտոսՇվեդիաՄեքսիկաԹունիսԻրանՊանամաՄարոկկո, Սաուդյան ԱրաբիաԿոստա Ռիկա, Ավստրալիա 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով