Շարունակում ենք ներկայացնել Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին: 32 մասնակիցներից 20-րդը Շվեյցարիայի հավաքականն է:
Շվեյցարիան աշխարհի առաջնություններին մասնակցել է 10 անգամ: «Մունդիալներում» շվեյցարացիները նորամուտը նշել են 1934-ին, իսկ թիմի լավագույն արդյունքը եղել է քառորդ եզրափակիչ հասնելը. դա տեղի է ունեցել 1934, 1938 եւ 1954 թվականներին:
ԱԱ-2018-ի ընտրական փուլում Շվեյցարիայի հավաքականը երկրորդ տեղը գրավեց B խմբում (Պորտուգալիա, Շվեյցարիա, Հունգարիա, Ֆերերյան կղզիներ, Լատվիա, Անդորրա), իսկ անցումային խաղերում ուժեղ գտնվեց Հյուսիսային Իռլանդիայի հավաքականից (1:0, 0:0) եւ նվաճեց ուղեգիր:
ԱԱ-2018-ի խմբային փուլում շվեյցարացիները հանդես կգան E խմբում, որտեղ կմրցեն Բրազիլիայի (հունիսի 17, Ռոստով), Սերբիայի (հունիսի 22, Կալինինգրադ) եւ Կոստա Ռիկայի (հունիսի 27, Վոլգոգրադ) հավաքականների հետ: Խմբի ընդգծված ֆավորիտն է Բրազիլիայի հավաքականը, իսկ շվեյցարացիներն ունեն փլեյ-օֆֆ դուրս գալու լավ շանսեր:
Մարզիչը
Բոսնիացի մասնագետ Վլադիմիր Պետկովիչը 2014 թվականից է գլխավորում Շվեյցարիայի հավաքականը, իսկ դրանից առաջ 2 տարի աշխատում էր Հռոմի «Լացիոյում», որի հետ 2013-ին դարձել է Իտալիայի գավաթակիր: 3 երկրների քաղաքացիություն ունեցող 54-ամյա Պետկովիչն իր թիմին առաջին անգամ կտանի աշխարհի առաջնության: Փոխարինելով Օտմար Հիցֆելդին՝ բոսնիացի մասնագետը շատ արագ հարմարվեց Շվեյցարիայի հավաքականին, որը նրա գլխավորությամբ հանդես էր եկել նաեւ Եվրո-2016-ում: Շվեյցարիայի ամուր հավաքականը կարող է խնդիրներ առաջացնել ցանկացած մրցակցի համար: Պետկովիչի գլխավորությամբ շվեյցարացիները գրեթե միշտ խաղում են 4-2-3-1 տակտիկական սխեմայով, որը ոչ շատ հաճախ դառնում է 4-3-3:
Թիմի նախնական հայտացուցակն ԱԱ-2018-ում
Դարպասապահներ. Ռոման Բյուրկի («Բորուսիա Դ.»), Գրեգոր Կոբել («Հոֆենհայմ»), Իվոն Մվոգո («Լայպցիգ»), Յան Զոմեր («Բորուսիա Մ.»):
Պաշտպաններ. Մանուել Ականջի («Բորուսիա Դ.»), Ժոան Ջուրու («Անթալյասպոր»), Նիկո Էլվեդի («Բորուսիա Մ.»), Միխայել Լանգ («Բազել»), Շտեֆան Լիխշտայներ («Յուվենտուս), Ժակ-Ֆրանսուա Մուբանժե («Թուլուզ), Ռիկարդո Ռոդրիգես («Միլան»), Ֆաբիան Շեր («Դեպորտիվո), Սիլվան Վիդմեր («Ուդինեզե»):
Կիսապաշտպաններ. Վալոն Բեհրամի («Ուդինեզե»), Բլերիմ Ջեմաիլի («Բոլոնիա), Էդիմիլսոն Ֆերնանդեշ («Վեստ Հեմ»), Ժելսոն Ֆերնանդես («Այնտրախտ»), Ռեմո Ֆրոյլեր («Ատալանտա»), Ջերդան Շաքիրի («Սթոք Սիթի»), Գրանիտ Ջակա («Արսենալ»), Ստիվեն Ցուբեր («Հոֆենհայմ»), Դենիս Զակարիա («Բորուսիա Մ.»):
Հարձակվողներ. Յոսիպ Դրմիչ («Բորուսիա Մ.»), Բրիել Էմբոլո («Շալկե»), Մարիո Գավրանովիչ («Դինամո Զագրեբ»), Հարիս Սեֆերովիչ («Բենֆիկա»):
Բուքմեյքերների կարծիքը
Շվեյցարիայի հավաքականի չեմպիոնության գործակիցը 50 է: Թիմի՝ 1/8 եզրափակիչ դուրս գալու համար սահմանվել է 2.1 գործակից:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը: Խմբային փուլի վիճակահանությունը կայացել էր դեկտեմբերի 1-ին Մոսկվայում։
ԱԱ-2018-ի մասնակիցները.
Ճապոնիա, Պերու, Եգիպտոս, Շվեդիա, Մեքսիկա, Թունիս, Իրան, Պանամա, Մարոկկո, Սաուդյան Արաբիա, Կոստա Ռիկա, Ավստրալիա, Սենեգալ, Նիգերիա, Սերբիա, Հարավային Կորեա, Դանիա, Խորվաթիա, Իսլանդիա
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում