15:45  AMT,  14 մայիսի, 2018

ԱԱ-2018-ի մասնակիցները. Ճապոնիայի հավաքական (ֆոտո)

Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկից 32 օր առաջ սկսում ենք ներկայացնել մասնակիցներին: 32 մասնակիցներից առաջինը Ճապոնիայի հավաքականն է:

Ճապոնացիներն աշխարհի առաջնություններին մասնակցել են 5 անգամ, իսկ «Մունդիալներում» նորամուտը նշել են 1998-ին: Լավագույն արդյունքը եղել է 2002-ին ու 2010-ին, երբ թիմը հասել է մինչեւ 1/8 եզրափակիչ:

Ասիայի քառակի գավաթակիրն ԱԱ-2018-ի ընտրական մրցաշարում նախ հաղթեց որակավորման առաջին փուլի E խմբում (Ճապոնիա, Սիրիա, Սինգապուր, Աֆղանստան, Կամբոջա), իսկ հետո խմբում (Ճապոնիա, Սաուդյան Արաբիա, Ավստրալիա, ԱՄԷ, Իրաք, Թաիլանդ) առաջին տեղը գրավեցին նաեւ երկրորդ փուլում եւ նվաճեց աշխարհի առաջնության ուղեգիր:

ԱԱ-2018-ի խմբային փուլում Ճապոնիան ընդգրկվել է H խմբում, որտեղ կմրցի Լեհաստանի, Սենեգալի ու Կոլումբիայի հավաքականների հետ: Ճապոնացիներն առաջին խաղը կանցկացնեն հունիսի 19-ին Սարանսկում՝ մրցելով Կոլումբիայի հավաքականի հետ: Հունիսի 24-ին Եկետերինբուրգում մրցակիցը կլինի Սենեգալի թիմը, իսկ խմբային փուլի վերջին խաղում ասիացիները հունիսի 28-ին Վոլգոգրադում կհանդիպեն Լեհաստանի հավաքականի հետ: H խմբի ֆավորիտներն են համարվում Կոլումբիան ու Լեհաստանը, սակայն Ճապոնիան կարող է անակնկալ մատուցել:

Նոր մարզիչ՝ ԱԱ-2018-ից առաջ

ԱԱ-2018-ից 2 ամիս առաջ Ճապոնիայի հավաքականն ասպասելիորեն փոխեց գլխավոր մարզիչին: 2015 թվականից թիմը գլխավորող բոսնիացի մասնագետ Վահիդ Հալիլհովիչին փոխարինեց Ակիրո Նիսինոն: Ճապոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը դժգոհ էր թիմի արդյունքներից այս տարվա ընկերական խաղերում։ Բացի այդ, ֆուտբոլիստների մի մասը գոհ չէր Հալիլհովիչի աշխատելաոճից։

63-ամյա Ակիրո Նիսինոն մարզչական առաջին հաջողությունները գրանցել է ճապոնական «Կասիրա Ռեյսոլում», որի հետ 1999-ին դարձել է Ճապոնիայի չեմպիոն: Կարիերայի մեծ մասը նա անցկացրել է ճապոնական «Գամբա Օսակայում», որի հետ 2008-ին դարձել է Ասիայի Չեմպիոնների լիգայի հաղթող:

Աստղային ֆուտբոլիստները

Ճապոնիայի հավաքականի գլխավոր աստղն է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Սինձի Կագավան: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» անհաջող տեղափոխությունից հետո 29-ամյա Կագավան 2014-ն վերադարձավ «Բորուսիա», որի կազմում աստիճանաբար վերգտնում է իր խաղը: Ճապոնիայի հավաքականի կազմում կարելի է առանձնացնել նաեւ անգլիական «Սաութհեմփթոնի» կենտրոնական պաշտպան Մայա Յոսիդային, իտալական «Ինտերից» վարձավճարով թուրքական «Գալաթասարայ» տեղափոխված եզրային պաշտպան Յուտո Նագատոմոյին, անգլիական «Լեսթերի» հարձակվող Սինձի Օկազակիին ու Մոսկվայի ԲԿՄԱ-ի եւ իտալական «Միլանի» նախկին կիսապաշտպան Կեյսուկե Հոնդային, որը 2017-ից խաղում է մեքսիկական «Պաչուկայում»:

Թիմի վերջնական հայտացուցակն ԱԱ-2018-ում

Դարպասապահներ Էյդզի Կավասիմա («Մեց»), Մասակի Հիգասիգուտի («Գամբա Օսակա»), Կոսկե Նակամուրա («Կասիվա»)։

Պաշտպաններ Յուտո Նագատոմո («Գալաթասարայ»), Գոտոկու Սակաի («Համբուրգ»), Տոմոակի Մակինո, Վատարու Էնդո (երկուսն էլ՝ «Ուրավա»), Մայ Իյոսիդա («Սաութհեմփթոն»), Հիրոկի Սակաի («Մարսել»), Նաոմիտի Ուեդա, Գեն Սեդզի (երկուսն էլ՝ «Կասիմա»)։

Կիսապաշտպաններ Մակոտո Հասեբե («Այնտրախտ»), Սինձի Կագավա («Բորուսիա» Դ․), Գակու Սիբասակի («Խետաֆե»), Ռետա Օսիմա («Կավասակի»), Հոտարու Յամագուտի («Սերեսո Օսակա»),Կեյսուկե Հոնդա («Պաչեկո»), Գենկի Հարագուտի, Տակասի Ուսամի (երկուսն էլ՝ «Դյուսելդորֆ»), Տակասի Ինուի («Էյբար»)։

Հարձակվողներ Սինդզի Օկազակի («Լեսթեր»), Յույա Օսակո («Վերդեր»), Յոնսինորի Մուտո («Մայնց»)։

Բուքմեյքերների կարծիքը

Ճապոնիայի հավաքականի չեմպիոնության գործակիցը 250 է: Թիմի՝ 1/8 եզրափակիչ դուրս գալու համար սահմանվել է 2.8 գործակից:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը: Խմբային փուլի վիճակահանությունը կայացել էր դեկտեմբերի 1-ին Մոսկվայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Loading...
  • Հարցում
Ո՞ր թիմը կդառնա ֆուտբոլի 2018թ. աշխարհի չեմպիոն
Բրազիլիա
Արգենտինա
Գերմանիա
Իսպանիա
Ֆրանսիա
Անգլիա
Այլ հավաքական
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ
Loading...