09:11  ,  23 մայիսի, 2018

ԱԱ-2018-ի մասնակիցները. Մարոկկոյի հավաքական (ֆոտո)

Շարունակում ենք ներկայացնել Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին: 32 մասնակիցներից 10-րդը Մարոկկոյի հավաքականն է։

Աֆրիկայի 1976թ. գավաթակիրը աշխարհի առաջնություններին մասնակցել է 4 անգամ՝ նորամուտը նշելով 1970-ին: «Մունդիալներում» Մարոկկոյի հավաքականը լավագույն արդյունքը գրանցել է 1986-ին, երբ հաղթել է F խմբում (Մարոկկո, Անգլիա, Լեհաստան, Պորտուգալիա), իսկ 1/8 եզրափակիչում պարտվել է Գերմանիային ու լքել պայքարը։

ԱԱ-2018-ի ընտրական փուլի աֆրիկյան գոտու մրցաշարում Մարոկկոյի հավաքականը նախ 2 խաղերի արդյունքում հաղթահարել է Հասարակածային Գվինեայի թիմի արգելքը (2:0, 0:1), իսկ խմբային փուլում առաջին տեղը գրավել C խմբում (Մարոկկո, Կոտ դ՛Իվուար, Գաբոն, Մալի):

ԱԱ-2018-ի խմբային փուլում Մարոկկոն B խմբում ուժերը կչափի Իրանի (հունիսի 15, Սանկտ Պետերբուրգ), Պորտուգալիայի (հունիսի 20, Մոսկվա) եւ Իսպանիայի (հունիսի 25, Կալինինգրադ) հավաքականների հետ: Խմբի ֆավորիտ են համարվում եվրոպական թիմերը, սակայն Մարոկկոյի հավաքականի՝ ընտրական փուլի աֆրիկյան գոտու մրցաշարում հաջող ելույթները թույլ են տալիս հավատալ, որ այդ թիմը եւս կարող է պայքարել փլեյ-օֆֆի ուղեգրի համար։  

Մարզիչը

2016 թվականից Մարոկկոյի հավաքականը գլխավորում է ֆրանսիացի մասնագետ Էրվե Ռենարը, որը նախկինում աշխատել է նաեւ Զամբիայի, Անգոլայի եւ Կոտ դ՛Իվուարի հավաքականներում։ 49-ամյա մասնագետը բազմիցս անսովոր տակտիկական սխեմաներ է օգտագործել մարոկկացի ֆուտբոլիստների համար։ Նրա մտահղացումները կարող են խնդիրներ առաջացնել ինչպես Պորտուգալիայի ու Իսպանիայի, այնպես էլ պաշտպանողական ֆուտբոլ խաղացող Իրանի թիմի համար։ Ռենարը նախընտրում է 3-4-3 տակտիկական սխեման։

2011-ին Էրվե Ռենարը երկրորդ անգամ գլխավորել էր Զամբիայի հավաքականը, որի հետ հաջորդ տարի սենսացիոն հաղթանակ տարավ Աֆրիկայի Ազգերի գավաթում։ Դա Զամբիայի հավաքականի առաջին տիտղոսն էր միջազգային մրցաշարերում։ Նա Աֆրիկայի Ազգերի գավաթում 2015-ին հաղթել է նաեւ Կոտ դ՛Իվուարի հավաքականի հետ։

Թիմի հայտացուցակն ԱԱ-2018-ում

Դարպասապահներ Մունիր Մոհամեդի («Նումանսիա»), Յասին Բունու («Ժիրոնա»), Ահմեդ Տանյաուտի («Իտիհադ»)։

Պաշտպաններ Մեհդի Բենատիա («Յուվենտուս»), Ռոմեն Սաիս («Վուլվերհեմփթոն»), Մանուել դա Կոշտա («Իստանբուլ»), Արշաֆ Հակիմի («Ռեալ»), Նաբիլ Դիրար («Ֆեներբահչե»), Բադր Բանուն («Ռաջա Կասաբլանկա»), Համզա Մենդիլ («Լիլ»)։

Կիսապաշտպաններ Յուսեֆ Աիտ-Բենասեր («Կան»), Մեհդի Կարսելա-Գոնսալես («Ստանդարտ»), Քարիմ Էլ-Ահմադի, Սոֆիան Ամրաբատ (երկուսն էլ՝ «Ֆեյենորդ»), Յունես Բելհանդա («Գալաթասարայ»), Հակիմ Ժիեշ («Այաքս»), Ֆեսալ Ֆաժր («Խետաֆե»), Նորդին Ամրաբատ («Լեգանես»), Մուբարակ Բուսուֆա («Ալ Ջազիրա»), Ամին Հարիտ («Շալկե»)։

Հարձակվողներ Ազիզ Բուհադուզ («Սանկտ-Պաուլի»), Հալիդ Բուտաիբ («Էնի Մալաթյասպոր»), Այուբ Էլ-Կաբի («Ռենեսանս Բերկան»)։

Բուքմեյքերների կարծիքը

Մարոկկոյի հավաքականի չեմպիոնության գործակիցը 400 է, որն ԱԱ-2018-ի մասնակիցների մեջ ամենաբարձ գործակիցն է: Թիմի՝ 1/8 եզրափակիչ դուրս գալու համար սահմանվել է 4․4 գործակից:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը: Խմբային փուլի վիճակահանությունը կայացել էր դեկտեմբերի 1-ին Մոսկվայում։

ԱԱ-2018-ի մասնակիցները՝ ՃապոնիաՊերուԵգիպտոսԿոստա ՌիկաՇվեդիաՄեքսիկաԹունիսԻրան, Պանամա

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում