ԱԱ-2018-ի մասնակիցները. Հասունացած Բելգիայի հավաքականը՝ մեդալի սպասումով (ֆոտո)

13:22   10 հունիսի, 2018

Շարունակում ենք ներկայացնել Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին: 32 մասնակիցներից 24-րդը Բելգիայի հավաքականն է:

Բելգիայի հավաքականն աշխարհի առաջնություններին մասնակցել է 13 անգամ՝ նորամուտը նշելով 1930-ին կայացած առաջին «Մունդիալում»: Թիմի լավագույն արդյունքը եղել է 1986-ին: ԱԱ-1986-ում բելգիացիները հասել են մինչեւ կիսաեզրափակիչ, որտեղ 0:2 հաշվով պարտվել են այդ տարվա չեմպիոն Արգենտինայի հավաքականին: Երրորդ տեղի համար խաղում Բելգիայի հավաքականը պարտություն է կրել ֆրանսիացիներից (2:4):

ԱԱ-2018-ի ընտրական փուլում Բելգիայի հավաքականը վստահ հաղթանակ տարավ I խմբում  (Բելգիա, Հունաստան, Բոսնիա եւ Հերցեգովինա, Էստոնիա, Կիպրոս, Ջիբրալթար), որում պարտություն չկրեց եւ նվաճեց աշխարհի առաջնության ուղեգիր:

ԱԱ-2018-ի խմբային փուլում Բելգիայի հավաքականն ընդգրկված է G խմբում, որտեղ կխաղա Պանամայի (հունիսի 18, Սոչի), Թունիսի (հունիսի 23, Մոսկվա) եւ Անգլիայի (հունիսի 28, Կալինինգրադ) հետ: Մասնագետների կարծիքով՝ Բելգիան ու Անգլիան պայքարելու են խմբից առաջին տեղով փլեյ-օֆֆ դուրս գալու համար: Եթե բելգիացիներն առաջին տեղը չգրավեն խմբում, ապա փլեյ-օֆֆում կարող են հանդիպել մրցաշարի գործող ֆավորիտներից Բրազիլիայի հավաքականին:

Մարզիչը

2016 թվականից Բելգիայի հավաքականը գլխավորում է իսպանացի մասնագետ Ռոբերտո Մարտինեսը, որը դրանից առաջ աշխատել է անգլիական «Ուիգանում», «Էվերտոնում» ու ուելսյան «Սուոնսիում»: 44-ամյա իսպանացին արդեն ունի 11 տարվա մարզչական փորձ: Նրա գլխավորությամբ Բելգիայի հավաքականն անցկացրել է 18 հանդիպում, տարել 12 հաղթանակ, կրել մեկ պարտություն (Իսպանիայից) եւ գրանցել 5 ոչ ոքի: Շատերը կարծում են, որ Մարտինեսը Բելգիայի հավաքականի միակ թույլ կողմն է: Սա նրա առաջին աշխատանքային փորձն է հավաքականում, իսկ ազգային թիմում ու ակումբում աշխատանքը շատ տարբեր է:

Աստղային կազմը

Բելգիայի հավաքականն իր աստղային կազմով չի զիջում նույնիսկ մրցաշարի գլխավոր ֆավորիտներին: Թիմի գլխավոր կորուստը Ռաջա Նայնգոլանի բացակայությունն է: Իտալական «Ռոմայի» կիսապաշտպանը ԱԱ-2018-ին չի մեկնի մարզչական շտաբի որոշմամբ: Բելգիայի հավաքականի ոսկե սերունդն արդեն հասունացել է նաեւ մեծ մրցաշարերի համար: Շատերը բելգիացիներին համարում են ԱԱ-2018-ի «թաքնված» ֆավորիտը:

Թիմի վերջնական հայտացուցակն ԱԱ-2018-ում

Դարպասապահներ. Կուն Կաստելս («Վոլֆսբուրգ»), Տիբո Կուրտուա («Չելսի»), Սիմոն Մինյոլե («Լիվերպուլ»): 

Պաշտպաններ. Տոբի Ալդերվեյրելդ («Տոտենհեմ»), Դեդրիկ Բոյատա («Մանչեսթեր Սիթի»), Լեանդեր Դենդոնկեր («Անդերլեխտ»), Վենսան Կոմպանի («Մանչեսթեր Սիթի»), Տոմա Մենյե (ՊՍԺ), Թոմաս Վերմալեն («Բարսելոնա»), Յան Վերտոնգեն («Տոտենհեմ»). 

Կիսապաշտպաններ. Յանիկ Ֆերեյրա-Կարասկո («Դալյան Իֆան»), Նասեր Շադլի («Վեստ Բրոմվիչ»), Կեւին Դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»), Մուսա Դեմբելե («Տոտենհեմ»), Մարուան Ֆելաինի («Մանչեսթեր Յունայթեդ»), Էդեն Ազար («Չելսի»), Տորգան Ազար («Բորուսիա Մ.»), Ադնան Յանուզայ («Ռեալ Սոսյեդադ»), Յուրի Տիլեմանս («Մոնակո»), Ակսել Վիտսել («Տյանցզին Ցյուանցզյան»): 

Հարձակվողներ. Միշի Բատշուայի («Չելսի»), Ռոմելու Լուկակու («Մանչեսթեր Յունայթեդ»), Դրիս Մերտենս («Նապոլի»):

Բուքմեյքերների կարծիքը

Բելգիայի հավաքականի չեմպիոնության գործակիցը 12 է: Թիմի՝ 1/8 եզրափակիչ դուրս գալու համար սահմանվել է 1.04 գործակից:

 Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը: Խմբային փուլի վիճակահանությունը կայացել էր դեկտեմբերի 1-ին Մոսկվայում։

ԱԱ-2018-ի մասնակիցները.

ՃապոնիաՊերուԵգիպտոսՇվեդիաՄեքսիկաԹունիսԻրանՊանամաՄարոկկո, Սաուդյան ԱրաբիաԿոստա ՌիկաԱվստրալիաՍենեգալՆիգերիաՍերբիաՀարավային ԿորեաԴանիաԽորվաթիաԻսլանդիաՇվեյցարիա, ԱնգլիաՌուսաստան, Լեհաստան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։