15:33  ,  7 փետրվարի, 2018

Ռուբեն Հայրապետյան․ Հովիկ Ներսիսյանի միակ նպատակը Հայաստանից փախչելն է

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն անդրադարձել է Երեւանի «Փյունիկի» նախկին խաղացող Հովիկ Ներսիսյանի հայտարարությանը։ Նախօրեին հայտնի էր դարձել, որ երկու տարի առաջ Անգլիա տեղափոխված 23-ամյա ֆուտբոլիստը հույս ունի ստանալ քաղաքական ապաստան Բրիտանիայում։ Ներսիսյանը դասալիք է եւ հանդես է գալիս անգլիական «Վիթչարչ Ալփորթում»։

«Հովիկ Ներսիսյանը մինչեւ 2015 թվականը եղել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի անդամ, ընդգրկվել է Հայաստանի պատանեկան, ապա երիտասարդական հավաքականներում: 2015 թվականին ձմեռային զորակոչից առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ՀՀ երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստների ցուցակը ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարություն՝ համաձայն ընդունված կարգի այդ ֆուտբոլիստները իրենց ծառայությունը պետք է անցկացնեին սպորտային վաշտում, որը գտնվում է Ադրբեջանի հետ հակամարտության սահմաններից շատ հեռու՝ Երեւանում: Ցուցակում ընդգրկված է եղել նաեւ Հովիկ Ներսիսյանը: Սակայն վերջինս հրաժարվել է ծառայել անգամ սպորտային վաշտում: 2015 թվականի աշնանը Հովիկ Ներսեսյանը ծնողների միջոցով՝ հիվանդության պատրվակով տարեկետման իրավունք է ստացել ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան բժշկական հանձնաժողովի կողմից եւ 2016 թվականին մեկնել է Անգլիա, որից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան եւ «Փյունիկ» ակումբը ոչ մի կապ կամ տեղեկություններ չեն ունեցել նրանից:

Հիմա այդ երիտասարդը քաղաքական ապաստան է խնդրել այլ երկրից.  կարծում եմ նրա միակ նպատակը Հայաստանից փախչելն է: Սա դասալքության վառ օրինակ է եւ ոչ մի կապ չունի նրա կողմից հնչեցրած պատճառների հետ»,- Ռուբեն Հայրապետյանի խոսքը մեջբերում է ՀՖՖ կայքը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հովիկ Ներսիսյանն ու «Վիթչարչ Ալփորթ» ակումբը նախաձեռնել են հանրագիր, որն արդեն ստորագրել է ավելի քան հազար մարդ:

«Իմ երկրում հետախուզման մեջ եմ: Եթե վերադառնամ, ինձ կբանտարեն, ինչից հետո կզորակոչեն: Իմ կյանքը կլինի վտանգված: Հայաստանում ոչ մեկի չի հետաքրքրում, որ դու ֆուտբոլիստ ես: Կառավարությունը բոլորին ուղարկում է բանակ: Ադրբեջանի հետ ռազմական հակամարտության հետեւանքով զոհվում են հայ զինվորականներ: Շրոփշիրում ես ինձ անվտանգ եմ զգում: Հույս ունեմ, որ դատարանը դրական որոշում կընդունի»,- նշել էր Հովիկ Ներսիսյանը։

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս