13:25  ,  4 հունիսի, 2024

Արթուր Սողոմոնյան․ ՀՖՖ-ի առաջարկած պայմանագիրը պարունակում է անընդունելի կետեր

«Հանրապետական» ստադիոնը «Փյունիկին» տրամադրելու վերաբերյալ ՀՖՖ-ի առաջարկած պայմանագիրը պարունակում է անընդունելի կետեր: Օրինակ այն, որ նրանք կարող են միակողմանի խզել պայմանագիրը եւ մերժել դաշտի տրամադրումը ցանկացած պահի, առանց որեւէ պատճառաբանության: Երկու այդպիսի դառը փորձ ունենք, երրորդ անգամ ռիսկի չենք գնա, այդ պատճառով էլ դիմել ենք ՈՒԵՖԱ-ին: Մեր միակ ցանկությունն է Չեմպիոնների լիգայի տնային խաղերն անցկացնել «Հանրապետականում»:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի 16-ակի չեմպիոն «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը:

Ակումբի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հունիսի 4-ին լրացել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի մասնակցության համար ստադիոնի պայմանագրի տրամադրման ժամկետը։ Ընդունելի պայմաններով «Հանրապետական» ստադիոնի վերաբերյալ ՀՖՖ-ից մերժում ստանալուց հետո «Փյունիկը» ստիպված է եղել հայտավորել հիմնական «Ջունիոր Երեւան» (1000 տեղ) եւ պահեստային «Շիրակ Գյումրի» (2300 տեղ) մարզադաշտերը։

Ամենայն հավանականությամբ, Հայաստանի չեմպիոնը Չեմպիոնների լիգայի հանդիպումը կընդունի արհեստական խաղադաշտով փոքր մանկական մարզադաշտում։

Պարոն Սողոմոնյան, շնորհավորում եմ Հայաստանի չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ: Ինչո՞վ առանձնացավ այս մրցաշրջանը թիմի համար:

Այս չեմպիոնությունը յուրահատուկ էր մեզ համար: Անցնող մրցաշրջանը շատ բարդ էր ինչպես թիմի, այնպես էլ ակումբի համար: Ստիպված եղանք պայքարել ոչ միայն խաղադաշտում, այլեւ դրա սահմաններից դուրս՝ ակումբի նկատմամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից անարդար եւ ագրեսիվ վերաբերմունքի պատճառով: Գրեթե առաջնության մեկնարկից մեզ զրկեցին տնային խաղերն անցկացնելու եւ բարձր մակարդակով խաղերին նախապատրաստվելու հնարավորությունից: Ցավոք, բնական խոտածածկով գրեթե բոլոր ազատ դաշտերը գտնվում են ֆեդերացիայի ենթակայության ներքո: Մենք ստիպված եղանք դիմել դատարան: Գործն ընթացքի մեջ է: Հուսամ՝ կկարողանանք ապացուցել ֆուտբոլի ֆեդերացիայի հակաօրինական գործողությունները: Այս ամենի ֆոնին, Հայաստանի չեմպիոնությունն ինձ համար շատ թանկ է: Չնայած այս խնդիրներին, այս տարի մեր բոլոր թիմերը, այդ թվում ակադեմիան, բնավորություն ցուցաբերեցին եւ գրանցեցին ֆենոմենալ արդյունք:

Մեր թիմը դարձավ Հայաստանի 16-ակի չեմպիոն: Հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ Չեմպիոնների լիգայի երեք մասնակից թիմերը ներկայացնում են մեկ ակումբ՝ «Փյունիկը»: Մեր հիմնական թիմը, կանանց եւ երիտասարդական թիմերը դարձել են իրենց առաջնությունների հաղթողներ եւ պետք է ներկայացնեն Հայաստանը Եվրոպայի գլխավոր ակումբային մրցաշարում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ֆուտբոլիստներին, մարզիչներին, երկրպագուներին, որոնք մեզ հավատացին եւ օգնեցին հասնել այս պատմական արդյունքին: «Փյունիկը» հերթական անգամ ապացուցեց, որ արհեստականորեն ստեղծված խնդիրները մեզ ոչ միայն չկոտրեցին, այլ օգնեցին ապացուցել, որ մենք արժանի ենք լինել առաջինը:

Ի՞նչ խնդիր կա Չեմպիոնների լիգայի տնային խաղերն անցկացնելու ստադիոնի հետ կապված:  Ճի՞շտ է, որ մտադիր եք հանդիպումներն անցկացնել Թբիլիսիում:

Սա նոր խնդիր չէ, հների շարունակությունն է: Մինչ այս պահը Ֆուտբոլի ֆեդերացիան ստադիոնի համար մեզ չի տրամադրել նորմալ պայմանագիր եւ ամեն գնով փորձում է մեզ ուղղորդել տնային հանդիպումներն անցկացնել Գյումրիում կամ Արմավիրում: Շատ թարմ է անցած տարվա խայտառակությունը, երբ «Փյունիկ» - «Կալմար» խաղին Աբովյանի քաղաքային ստադիոնը չկարողացավ տեղավորել մեծ թվով երկրպագուների: Ֆեդերացիայի պատճառով շատ երկրպագուներ մնացին ստադիոնի դարպասներից դուրս:

Այժմ ֆեդերացիան մեզ առաջարկում է ավելի փոքր ստադիոններ, այն էլ Երեւանից բավականին հեռու: Մենք ստիպված եղանք ուսումնասիրել պահեստային տարբերակ Թբիլիսիում: Մեծ պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մեր ցանկությունը մեկն է՝  բոլոր տնային հանդիպումներն անցկացնել Երեւանում՝ «Հանրապետական» ստադիոնում, երկրպագուների աջակցությամբ: Այդ պատճառով ստիպված եղանք դիմել ՈՒԵՖԱ-ի ղեկավարությանը:

Հայտնի է, որ ՀՖՖ-ն պատրաստ է տրամադրել «Հանրապետական» ստադիոնը եւ կարիք չկա դիմելու ՈՒԵՖԱ-ին: Ներկայացվել էր նաեւ ակումբին ուղարկված նամակն այդ մասին:  Ի՞նչն է խնդիրը:

Մենք օրերս ստացել ենք ՀՖՖ-ի կողմից ստադիոնը տրամադրելու պայմանագիրը, բայց այն անընդունելի է մեզ համար: Հայատարարությունը, որն արել է ֆեդերացիայի ներկայացուցիչը, ասելով՝ որեւէ անհրաժեշտություն չկա դիմելու ՈՒԵՖԱ-ին, ոչ կոռեկտ է եւ չի համապատասխանում իրականությանը: 

Չեմպիոնների լիգայի կանոնադրության 25.07 կետի համաձայն, հենց ՈՒԵՖԱ-ն է որոշում խաղն անցկացնելու վայրը, ստադիոնը: Զարմանալի է, որ ֆեդերացիայի ներկայացուցիչն այդ մասին չգիտի: Ինչ վերաբերում է՝ ՀՖՖ-ի պայմանագրին, որը մեզ ուղարկվել է, այն իրավական հիմք չունեցող փաստաթուղթ է առանց ստորագրության: Պայմանագիրը մեզ համար դատարկ է եւ պարունակում է անընունելի կետեր: Օրինակ այն, որ նրանք կարող են միակողմանի խզել պայմանագիրը եւ մերժել դաշտի տրամադրումը ցանկացած պահի, առանց որեւէ պատճառի: Մենք արդեն այդպիսի դառը փորձ ունենք եւ երկու անգամ տուժել ենք ֆեդերացիայի նմանօրինակ գործելաոճից: Անցած տարվա սեպտեմբերին ֆեդերացիան միակողմանի համաձայնությամբ խզեց Աբովյանի եւ Արմավիրի ստադիոնները տրամադրելու պայմանագիրը: Այդ ժամանակ մեզ աջակցեց «Շիրակ» ակումբը՝ տրամադրելով Գյումրիի ստադիոնը Հայաստանի առաջնության հերթական խաղն անցկացնելու համար եւ օգնեց խուսափել տեխնիկական պարտությունից, առաջնությունից դուրս մնալուց: Միանշանակ, երրորդ անգամ այդպիսի ռիսկի չենք գնա, նախ՝ որովհետեւ արդեն գտնվում ենք դատական պրոցեսում այս խնդրով եւ վստահ ենք, որ ապացուցելու ենք ֆեդերացիայի ապօրինի գործողությունը ակումբի նկատմամբ:

Բացի այդ, առջեւում Չեմպիոնների լիգայի խաղերն են եւ, իմանալով ֆեդերացիայի գործող ղեկավարության մակարդակը, ապահովագրված չենք, որ իրավիճակը չի կրկնվի: Պատահական չէ, որ ֆեդերացիայի իրավաբանները կտրականապես հրաժարվում են հանել այդ կետը պայմանագրից:

Մենք նաեւ պահանջում ենք, որ պայմանագրում ավելացնեն մարզումային խաղադաշտ տրամադրելու կետը, առանց որի խաղերին նախապատրաստվելն անհնար է: Նրանք չեն պատրաստվում մեզ հետ պայմանավորվել: Առանց միջամտության, ընդհանուր հայտարարի գալ եւ պայմանավորվածություն ձեռք բերել հնարավոր չի:

Բազմիցս առաջարկել ենք հանուն հայկական ֆուտբոլի, մի կողմ թողնել բոլոր վիրավորանքներն ու խնդիրները, ընդհանուր հայտարարի գալ: Ի պատասխան ստացել ենք մերժում, դատարկ հայտարարություններ եւ վիրավորանքներ ակումբի ղեկավարության հասցեին: Այդպես եղավ նաեւ այս անգամ:

Եթե ֆեդերացիայի ղեկավարությունն առաջնորդվեր առողջ մտածելակերպով եւ աշխատելու տրամաբանությամբ, մեր ազգային ֆուտբոլը չէր իջնի այն մակարդակին, որտեղ գտնվում է հիմա: Ցավոք, նրանք ապրում են այլ սկզբունքներով՝ առանջնորդվելով անձնական ամբիցիաներով եւ կոմպլեքսներով: Իրենց համար երկրպագուների հետաքրքրությունները վերջին տեղում են, այլապես ինչպես մեկնաբանել այն փաստը, որ ձմեռային մրցաշրջանում, առաջնության որոշիչ խաղերում, հանդիպումների մեծ մասն անցկացվում էին աշխատանքային օրերին, ցերեկային ժամերին:

ՀՖՖ նախագահի ընտրություններից առաջ, հայտարարեցիք, որ եթե մնա նույն ղեկավարությունը, «Փյունիկը» դուրս կգա Հայաստանի առաջնությունից: Հաջորդ տարի մասնակցելո՞ւ եք:

Անցած տարի ընտրություններից առաջ ես հայտարարեցի, որ եթե մնա գործող ղեկավարությունը եւ շարունակվեն «Փյունիկ» ակումբի վրա հարձակումները, մենք ստիպված կլինենք դուրս գալ առաջնությունից: Ես շարունակում եմ հավատալ, որ միասին, երկրպագուների աջակցությամբ կկարողանանք հայկական ֆուտբոլն ազատել այս ոչ կոմպետենտ ղեկավարությունից եւ վերադառնալ զարգացման ուղի: Սպորտում կարեւորը արդյունքն է: Բոլորն էլ տեսնում են, թե վերջին տարինեին ազգային հավաքականն ինչպիսի վատ արդյունքներ է գրանցում:

Մեզ համար այս մրցաշրջանի գլխավոր ձեռքբերումը Եվրագավաթներում հանդես գալն է: Եթե ֆեդերացիան նորից փորձի մեզ խանգարել եւ առաջնության խաղերը դնել Եվրոպայում կարեւոր հանդիպումներից առաջ, մենք առաջնությանը դուրս կբերենք երիտասարդական կամ փորձնական կազմ՝ հաշվի չառնելով պարտվելու ռիսկերը: Հուսամ՝ երկրպագուները մեզ կհասկանան եւ կներեն:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով