21:58  ,  30 հունիսի, 2024

Եվրո-2024. Բելինգեմի գոլի շնորհիվ Անգլիան պայքարը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ (տեսանյութ)

Եվրո-2024-ի գլխավոր ֆավորիտներից Անգլիայի հավաքականը փրկվեց պարտությունից 1/8 եզրափակիչի հանդիպման ավելացված ժամանակում։ Սլովակիայի հետ խաղում անգլիացի Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմը հաշիվը հավասարեցրեց վերջին վայրկյաններին՝ 1:1։ 

Գելզենկիրխենում ընթացող հանդիպման 25-րդ րոպեին աչքի ընկավ Պրահայի «Սլավիայի» հարձակվող Իվան Շրանցը (տեսանյութ)։ Գոլային փոխանցումը կատարեց Բրատիսլավայի «Սլովանի» հարձակվող Դավիդ Ստրելեցը։

81-րդ րոպեին Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Դեքլան Ռայսի հզոր հարվածից հետո Սլովակիային գոլից փրկեց ուղղահայաց դարպասաձողը։

Ավելացված 5-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց եւ պայքարը լրացուցիչ ժամանակ տեղափոխեց Մադրիդի «Ռեալի» 21-ամյա կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը (տեսանյութ)։ Գոլային փոխանցումը կատարեց Լոնդոնի «Քրիսթալ Փելասի» պաշտպան Մարկ Գեհին։

Այս զույգի հաղթողը քառորդ եզրափակիչում կմրցի Շվեյցարիայի հետ, որը 1/8 եզրափակիչում 2:0 հաշվով պարտության էր մատնել Եվրո-2020-ի չեմպիոն Իտալիային։

Изображение

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում