09:11  ,  24 օգոստոսի, 2020

Սերգեյ Կրիվոխարչենկո. Խորեն Բայրամյանը մոտ էր Ռուսաստանի հավաքական հրավիրվելուն

Ռուսական «Матч ТВ» ալիքի ֆուտբոլային մեկնաբան Սերգեյ Կրիվոխարչենկոն մանկության տարիներին մի քանի տարի ապրել է Հայաստանում, որտեղ նրա հայրը աշխատում էր Արտաշատում գտնվող լաբորատորիայում: Նախորդ տարի ռուս մեկնաբանը տևական ընդմիջումից հետո վերադարձավ Հայաստան՝ «Матч ТВ»-ի թիմի կազմում մասնակցելով Երեւանում երրորդ տարին անընդմեջ անցկացված լրագրողների միջազգային ֆուտբոլային մրցաշարին:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ հարցազրույցում Սերգեյ Կրիվոխարչենկոն պատմել է Հայաստանի հետ կապված հիշողությունների մասին, հիշել Հենրիխ Մխիթարյանի հետ ծանոթությունը, անդրադարձել ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանի՝ Հայաստանի հավաքականին միանալու որոշմանն ու «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանի նորամուտի մրցաշրջանին գերմանական Բունդեսլիգայում:

Սերգեյ, մանկության տարիներին դու ապրել ես Հայաստանում: Ի՞նչ հիշողություններ են պահպանվել այդ տարիներից:

Ես ծնվել եմ Ռուսաստանի Արմավիր քաղաքում, իսկ երբ մեկ տարեկան էի, ընտանիքս տեղափոխվեց Հայաստան, որտեղ Արտաշատում հայրս աշխատում էր լաբորատորիայում: Դա բավականին հայտնի լաբորատորիա էր Խորհդային Միության մասշտաբներով: Հայաստանում ապրել եմ 7 տարի: Մեր ընտանիքը Հայաստանից հեռացել է 1989 թվականին: Նախորդ տարի ես մոտ 30 տարվա ընդմիջումից հետո վերադարձա Հայաստան և եղա այն վայրերում, որտեղ անցել է մանկությունս: Դա անհավանական զգացողություն էր: Մանկության հուշերից շատերը չեն մոռացվում ամբողջ կյանքում: Ունեի շատ հիշողություններ, որոնք 30 տարի անց կրկնվեցին:

Սկզբում մենք ապրում էինք Բուրաստան գյուղում, որտեղից հիշում եմ մեր տունը, հարևաններին և այն մանկապարտեզը, որը հաճախում էի: Բուրաստանում մորս համար մի փոքր բարդ էր, քանի որ այնտեղ ոչ բոլորն էին խոսում ռուսերեն, սակայն, երբ տեղափոխվեցինք Արտաշատ, այնտեղ խնդիրներ չկային այդ առումով: Աշտաշատում ես նաև սկսեցի դպրոց հաճախել և սովորել հայերեն, որը, ցավոք, հիմա չեմ հիշում: Ամեն դեպքում, որոշ բառեր մինչև հիմա հիշում եմ: Արտաշատում շատ լավ հիշում եմ երկրաշարժը, որի ժամանակ ես դպրոցում էի: Սարսափելի տեսարան էր: Հիշում եմ, որ երբ Կոստա Ռիկա գործուղման ժամանակ ուժգին երկրաշարժ գրանցվեց, ես հիշեցի Հայաստանի երկրաշարժը:

Վերադառնալով Հայաստան՝ ես գտա մեր տներն Արտաշատում ու Բուրաստանում: Հիշում եմ, որ այցելում էինք Արտաշատի քաղաքային ստադիոն, որը մեր տանից մոտ 100 մետր հեռավորության վրա էր: Հիշում եմ, որ այնտեղ մարզումներ էր անցկացնում նաև Երևանի «Արարատը»: Ֆուտբոլային առաջին հիշողություններս ևս կապված են Արտաշատի հետ: Նախորդ տարի ես հյուրընկալվեցի մեր ընտանիքի մտերիմներին, որոնք շատ լավ ընդունեցին ինձ, ինչը շատ հաճելի էր:

Նշեցիր, որ նախորդ տարի տևական ընդմիջումից հետո վերադարձել էիր Հայաստան: Արտաշատից բացի, որտե՞ղ հասցրեցիր լինել և ամենաշատն ինչը դուր եկավ Հայաստանում:

Ինձ համար Հայաստան ճանապարհորդությունը բաժանվել էր 2 մասի: Մենք «Матч ТВ»-ի թիմի հետ Երեւան էինք ժամանել լրագրողների ֆուտբոլային մրցաշարի համար, բայց ես հասկացա, որ դա ինձ համար սուպերհնարավորություն է այցելել այն վայրերը, որոնք տեսնել վաղուց էի ցանկանում, բայց չէր հաջողվում անել դա: Այդ պատճառով ես տոմս գնեցի մեկ օր շուտ, որպեսզի հասցնեմ այցելել Արտաշատ: Դա է պատճառը, որ ուղևորության այդ հատվածն ավելի տպավորիչ էր ինձ համար, թեև երկրորդ հատվածը նույնպես ֆենոմենալ էր: Հայաստանում այցելեցինք Սևան և Գառնի: Անչափ դուր եկավ Սևանը, որի գեղեցկությունն անկրկնելի էր: Երևանն հրաշալի քաղաք է՝ շատ գեղեցիկ ու հյուրընկալ: Բացի այդ, այնտեղ մեզ ընդունեցին ամենաբարձր մակարդակով: Բոլոր վայրերը շատ գեղեցիկ էին: Հնարավորության դեպքում սիրով կվերադառնամ Հայաստան, քանի որ մենք չհասցրեցինք այցելել բոլոր տեսարժան վայրերը:

Հայկական ֆուտբոլին որքանո՞վ ես ծանոթ:

Հայկական ֆուտբոլում ունեմ ծանոթներ, որոնց շատ լավ եմ վերաբերվում և անհանգստանում նրանց համար: Առաջինը կնշեմ Հենրիխ Մխիթարյանին, որի հետ ծանոթացել եմ, երբ նա հանդես էր գալիս Դոնեցկի «Շախտյորում»: Այդ ժամանակ ես աշխատում էի ամսագրում և մեկնել էի Ուկրաինա՝ «Շախտյորի» մասին ռեպորտաժ պատրաստելու համար: Ես նաև հարցազրույց պատրաստեցի Հենրիխ Մխիթարյանի հետ, և նա հրաշալի տպավորություն թողեց ինձ վրա: Նա շատ ինտելիգենտ, կրթված, հաճելի ու խելացի տղա է՝ առանց աստղային հիվանդության նախանշանների՝ չնայած նույնիսկ այն ժամանակ հասկանալի էր, որ խաղալու է ավելի բարձր մակարդակում: Ես վստահ էի, որ նա հանդես է գալու մեծ ակումբներում: Դրանից հետո մենք, ցավոք, չենք հանդիպել և վստահ չեմ, որ նա կհիշի ինձ: Ամեն դեպքում, ես ուշադրությամբ հետևում եմ նրա կարիերային: Հայկական ֆուտբոլում իմ մյուս շատ լավ ծանոթն Ալեքսանդր Գրիգորյանն է, որը մեզ մոտ ֆուտբոլային փորձագետի աշխատանք էր կատարում: Վերլուծությունների առումով նա ամենաբարձր մակարդակում է: Գրիգորյանը լավագույն փորձագետներից էր մեր հաղորդման ժամանակ:

Չեմ կարող ասել, որ դիտում եմ Հայաստանի առաջնության խաղեր, քանի որ շատ զբաղված եմ: Գիտեմ, որ Հայաստանում մեծ աշխատանք է տարվում ակումբային ֆուտբոլի զարգացման ուղղությամբ: Հայաստանի հավաքականի խաղեր ես մեկնաբանել եմ: 

Ռուսաստանում վաղուց գործում է լեգեոնականների լիմիտ: Վերջերս նման սահմանափակում մտցրվեց նաև Հայաստանում: Ըստ քեզ՝ այդ սահմանափակումներն անհրաժեշտ են ֆուտբոլին՝ հաշվի առնելով, որ առաջատար լիգաներում նման օրենքներ չեն գործում:

Ես դեմ եմ այդ սահմանափակումներին: Տեսեք, թե որ երկրներն են արդյունավետ երիտասարդ ֆուտբոլիստների զարգացման գործում և օրինակ են ծառայում մյուսների համար: Դրանք են Իսպանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Հոլանդիան և վերջին տարիներին նաև Անգլիան: Այդ երկրների առաջնություններում միշտ եղել են շատ լեգեոնականներ, իսկ սահմանափակում չի գործում: Ըստ ինձ՝ լեգեոնականների սահմանափակումը չի նպաստում տեղացի ֆուտբոլիստների աճին, նույնիսկ՝ խանգարում է: Աճելու համար ֆուտբոլիստները պետք է լինեն մրցակցային միջավայրում, և որակյալ լեգեոնականները երիտասարդ ֆուտբոլիստներին օգնում են աճել: Լեգեոնականների սահմանափակման կիրառմամբ՝ տեղացի ֆուտբոլիստների շրջանում մրցակցությունը կտրուկ նվազում է, քանի որ շատերը մեկնարկային կազմում տեղ են ստանում միայն սահմանափակման պատճառով: Առաջատար երկրներում չկան սահմանափակումներ: Լավ խաղացողներ ունենալու համար անհրաժեշտ են լավ պայմաններ, կրթված, որակավորված ու բարձր վարձատրվող մարզիչներ երիտասարդական թիմերում: Բացի այդ, սահմանափակման կիրառումը նաև բերում է աշխատավարձի ավտոմատ աճի: Ստացվում է, որ տեղական անձնագրով ֆուտբոլիստն ավելի բարձր է գնահատվում, քան նույն մակարդակի լեգեոնականը: Օրինակ՝ Ռուսաստանում դա բերում է նրան, որ երիտասարդ ֆուտբոլիստները բարձր աշխատավարձ են ստանում ամենասկզբից` միայն անձնագրի համար, թեև նրանք չեն արժանացել դրան: Մենք հաճախ ենք տեսնում, որ մեծ գումարները փչացնում են երիտասարդ ֆուտբոլիստներին:

Գաղտնիք չէ, որ շատ մարզական լրագրողներ ունեն լավ մեկնաբան դառնալու ցանկություն: Սկսնակներին ի՞նչ խորհուրդ կտաս, որտեղից պետք է սկսել, ինչպե՞ս զարգանալ:

Կարծում եմ՝ այդտեղ չկա մեկ ճանապարհ կամ ուղղություն: Տարբեր մեկնաբաններ տարբեր ճանապարհներով են անցնում այս աշխատանքին: Ոմանք գալիս են մրցույթներում հաղթելու շնորհիվ, ոմանք ալիքներում աշխատելով և այլն: Լավագույն տարբերակներից մեկը սպորտային հեռուստաալիքներում աշխատանքի անցնելն է: Սպեցիֆիկ լրագրողական կրթությունը պարտադիր չէ մեկնաբան դառնալու համար: Կարելի է սովորել այլ բաժնում և ունենալ շատ գիտելիքներ տարբեր ոլորտներում, քանի որ դա նույնպես շատ կարևոր է մեկնաբանի աշխատանքում: Ես սկզբում աշխատանքի անցա նորաստեղծ սպորտային ալիքում՝ հասկանալով, որ այդտեղ խաղ մեկնաբանելու շանսերն ավելի մեծ կլինեն:

Իհարկե, այս աշխատանքում խորանալու համար անհրաժեշտ է մայրենի լեզվի գերազանց իմացություն, շատ գրքեր կարդալ նույն լեզվով, քիչ կարդալ թերթեր ու մարզական կայքեր, որտեղ ոչ միշտ է հանդիպում որակյալ բառապաշար: Պետք է հաճախ լսել լավ մեկնաբանների և ոչ թե կրկնօրինակել նրանց, այլ առանձնացնել ուժեղ կողմերը, հասկանալ սեփական թույլ կողմերն ու դրանց դեմ պայքարելու ուղիները:

Վերջերս Հայաստանի հավաքականում խաղալու որոշում էր կայացրել «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը, որը նախկինում հայտնել էր նաև Ռուսաստանի հավաքականում հանդես գալու ցանկություն: Ըստ քեզ՝ ի՞նչ կավելացնի նա Հայաստանի հավաքականում և արդյո՞ք նրա խաղային որակները թույլ կտային հանդես գալ Ռուսաստանի հավաքականում:

Ցանկությունը հասկանալի է: Վերջիվերջո, Խորենը վաղուց է խաղում Ռուսաստանի Պրեմիեր լիգայում: Նա հասկանում է, որ Ռուսաստանի հավաքականում մեծ մրցաշարերում հանդես գալու շանսերն ավելի մեծ են: Կարծում եմ՝ նա, իրոք, հեռու չէր Ռուսաստանի հավաքականում հայտնվելուց, պարզապես նրա դիրքում մրցակցությունը չափազանց մեծ է: Վստահ եմ, որ Հայաստանի հավաքականի համար դա շատ լավ ուժեղացում է, քանի որ Խորենն արդեն մի քանի մրցաշրջան անցկացնում է բարձր մակարդակում: Նա խաղում է ուժեղ թիմում ու շատ լավ մարզիչի՝ Վալերի Կարպինի գլխավորությամբ: Կարպինի թիմը խաղում է շատ ժամանակակից ֆուտբոլ: Այդպիսի ֆուտբոլ խաղացող թիմում աճում են շատ ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Բայրամյանը: Վստահ եմ, որ նա կուժեղացնի Հայաստանի հավաքականը:

Դու մեկնաբանում ես Գերմանիայի առաջնության խաղեր: Ավարտված մրցաշրջանում «Հոֆենհայմում» էր հանդես գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, որը նաև գոլի հեղինակ դարձավ «Բավարիայի» և «Բորուսիայի» դեմ խաղերում: Կարելի՞ է նրան համարել մրցաշրջանի հայտնություններից մեկը:

Կարծում եմ՝ այո, չնայած նրան, որ գերմանական Բունդեսլիգայում յուրաքանչյուր մրցաշրջանում շատ են վառ բացահայտումները, իսկ մրցակցությունը շատ մեծ է: Ցավոք, այս մրցաշրջանում Ադամյանին խանգարեցին վնասվածքները: Երբ առաջին անգամ հայտնվում ես Բունդեսլիգայի մակարդակի առաջնությունում, ցանկանում ես կանոնավոր կերպով խաղալ, իսկ վնասվածքները կանգնեցնում են քեզ: Սարգիսին մաղթում եմ առանց վնասվածքների անցկացնել հաջորդ մրցաշրջանը: Այո, նա մրցաշրջանի հայտնություններից մեկն էր, և խաղադաշտ դուրս գալով լավ էր դրսևորում իրեն: Նա ապացուցեց, որ կարող է հաջող հանդես գալ ուժեղ մրցակցության պայմաններում ու բարձր մակարդակի վրա:

«Հոֆենհայմի» գլխավոր մարզիչի փոփոխությունը նույնպես կարող է օգտակար լինել նրա համար, քանի որ ակումբի ղեկավարությունը կարծում էր, որ նախորդ մարզիչի պաշտպանողական խաղաոճը չէր համապատասխանում թիմին: Հիմա Սարգիսի համար իրավիճակն ավելի լավն է, թեև նոր մարզիչի նշանակումը միշտ կարող է վտանգավոր լինել ցանկացած խաղացողի համար: Հիմա «Հոֆենհայմը» գլխավորում է Սեբաստիան Հյոնեսը, որը հրաշալի աշխատանք է կատարել Մյունխենի «Բավարիայի» երկրորդ թիմում: Նա երիտասարդ, բայց շատ հեռանկարային ու առաջադիմող մարզիչ է: Հյոնեսը Տուխելի, Նագելսմանի շղթայի շարունակությունն է: Նա սիրում և կարողանում է աշխատել երիտասարդ ֆուտբոլիստների հետ: Ադամյանը ևս երիտասարդ է, իսկ «Հոֆենհայմում» տեղ են տալու երիտասարդ խաղացողներին: Սարգիսն աշխատասեր խաղացող է և Հյոնեսի պես մարզիչի գլխավորությամբ կարող է մի քանի քայլ առաջ կատարել, ինչը ես նրան մաղթում եմ:

Կան կարծիքներ, որ Հայաստանի հավաքականում Սարգիս Ադամյանին սխալ են օգտագործում: Ըստ քեզ՝ ո՞ր դիրքում պետք է խաղացնել նրան:

Բարդ հարց է, քանի որ հավաքականները վաղուց խաղեր չեն անցկացրել: Ընդհանրապես, Սարգիսը բազմակողմանի զարգացած ֆուտբոլիստ է, և կարող է խաղալ տարբեր դիրքերում: Եթե նա հանդես է գալիս եզրային կիսապաշտպանի դիրքում և քիչ գոլեր է խփում, դա օբյեկտիվ է, քանի որ այդ դիրքի խաղացողներն օգնում են նաև պաշտպանությանը:

Հիշում եմ, որ նրա մոտ հաջող էր ստացվում ձախ կիսապաշտպանի դիրքում խաղալը: Ես պատրաստ չեմ խորհուրդներ տալ Հայաստանի հավաքականի մարզիչին, քանի որ լավ հասկանում եմ բարդ իրավիճակը նրա համար: Երբ դու ունես առջևի գծի մի քանի լավ խաղացողներ, ապա չես կարող բոլորին դաշտ դուրս բերել հարձակման գծում: Հավաքականի մարզիչների համար դա բարդ խնդիր է, քանի որ յուրաքանչյուր խաղում նրանք փորձում են դաշտ դուրս բերել այդ պահին ամենալավ վիճակում գտնվող խաղացողներին: Նման բան հաճախ է պատահում նաև առաջատար հավաքականներում, երբ խաղացողները հանդես են գալիս իրանց համար ոչ այնքան հարազատ դիրքում:

Օրինակ՝ Transfermarkt-ը, որը շատ մանրակրկիտ է ուսումնասիրում այդպիսի պահերը, կարծում է, որ Ադամյանի ամենաօպտիմալ խաղային դիրքը ձախ հարձակվողն է: Իսկ կենտրոնական ու աջ հարձակվողի դիրքերը նրա լրացուցիչ խաղային դիրքերն են: Կարծում եմ, որ Ադամյանը կարող է օգտակար լինել ինչպես եզրերում, այնպես էլ հարձակման կենտրոնում:

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով



  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ