09:11 24 օգոստոսի, 2020Ռուսական «Матч ТВ» ալիքի ֆուտբոլային մեկնաբան Սերգեյ Կրիվոխարչենկոն մանկության տարիներին մի քանի տարի ապրել է Հայաստանում, որտեղ նրա հայրը աշխատում էր Արտաշատում գտնվող լաբորատորիայում: Նախորդ տարի ռուս մեկնաբանը տևական ընդմիջումից հետո վերադարձավ Հայաստան՝ «Матч ТВ»-ի թիմի կազմում մասնակցելով Երեւանում երրորդ տարին անընդմեջ անցկացված լրագրողների միջազգային ֆուտբոլային մրցաշարին:
NEWS.am Sport-ի թղթակցի հետ հարցազրույցում Սերգեյ Կրիվոխարչենկոն պատմել է Հայաստանի հետ կապված հիշողությունների մասին, հիշել Հենրիխ Մխիթարյանի հետ ծանոթությունը, անդրադարձել ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանի՝ Հայաստանի հավաքականին միանալու որոշմանն ու «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանի նորամուտի մրցաշրջանին գերմանական Բունդեսլիգայում:
Սերգեյ, մանկության տարիներին դու ապրել ես Հայաստանում: Ի՞նչ հիշողություններ են պահպանվել այդ տարիներից:
Ես ծնվել եմ Ռուսաստանի Արմավիր քաղաքում, իսկ երբ մեկ տարեկան էի, ընտանիքս տեղափոխվեց Հայաստան, որտեղ Արտաշատում հայրս աշխատում էր լաբորատորիայում: Դա բավականին հայտնի լաբորատորիա էր Խորհդային Միության մասշտաբներով: Հայաստանում ապրել եմ 7 տարի: Մեր ընտանիքը Հայաստանից հեռացել է 1989 թվականին: Նախորդ տարի ես մոտ 30 տարվա ընդմիջումից հետո վերադարձա Հայաստան և եղա այն վայրերում, որտեղ անցել է մանկությունս: Դա անհավանական զգացողություն էր: Մանկության հուշերից շատերը չեն մոռացվում ամբողջ կյանքում: Ունեի շատ հիշողություններ, որոնք 30 տարի անց կրկնվեցին:
Սկզբում մենք ապրում էինք Բուրաստան գյուղում, որտեղից հիշում եմ մեր տունը, հարևաններին և այն մանկապարտեզը, որը հաճախում էի: Բուրաստանում մորս համար մի փոքր բարդ էր, քանի որ այնտեղ ոչ բոլորն էին խոսում ռուսերեն, սակայն, երբ տեղափոխվեցինք Արտաշատ, այնտեղ խնդիրներ չկային այդ առումով: Աշտաշատում ես նաև սկսեցի դպրոց հաճախել և սովորել հայերեն, որը, ցավոք, հիմա չեմ հիշում: Ամեն դեպքում, որոշ բառեր մինչև հիմա հիշում եմ: Արտաշատում շատ լավ հիշում եմ երկրաշարժը, որի ժամանակ ես դպրոցում էի: Սարսափելի տեսարան էր: Հիշում եմ, որ երբ Կոստա Ռիկա գործուղման ժամանակ ուժգին երկրաշարժ գրանցվեց, ես հիշեցի Հայաստանի երկրաշարժը:
Վերադառնալով Հայաստան՝ ես գտա մեր տներն Արտաշատում ու Բուրաստանում: Հիշում եմ, որ այցելում էինք Արտաշատի քաղաքային ստադիոն, որը մեր տանից մոտ 100 մետր հեռավորության վրա էր: Հիշում եմ, որ այնտեղ մարզումներ էր անցկացնում նաև Երևանի «Արարատը»: Ֆուտբոլային առաջին հիշողություններս ևս կապված են Արտաշատի հետ: Նախորդ տարի ես հյուրընկալվեցի մեր ընտանիքի մտերիմներին, որոնք շատ լավ ընդունեցին ինձ, ինչը շատ հաճելի էր:

Նշեցիր, որ նախորդ տարի տևական ընդմիջումից հետո վերադարձել էիր Հայաստան: Արտաշատից բացի, որտե՞ղ հասցրեցիր լինել և ամենաշատն ինչը դուր եկավ Հայաստանում:
Ինձ համար Հայաստան ճանապարհորդությունը բաժանվել էր 2 մասի: Մենք «Матч ТВ»-ի թիմի հետ Երեւան էինք ժամանել լրագրողների ֆուտբոլային մրցաշարի համար, բայց ես հասկացա, որ դա ինձ համար սուպերհնարավորություն է այցելել այն վայրերը, որոնք տեսնել վաղուց էի ցանկանում, բայց չէր հաջողվում անել դա: Այդ պատճառով ես տոմս գնեցի մեկ օր շուտ, որպեսզի հասցնեմ այցելել Արտաշատ: Դա է պատճառը, որ ուղևորության այդ հատվածն ավելի տպավորիչ էր ինձ համար, թեև երկրորդ հատվածը նույնպես ֆենոմենալ էր: Հայաստանում այցելեցինք Սևան և Գառնի: Անչափ դուր եկավ Սևանը, որի գեղեցկությունն անկրկնելի էր: Երևանն հրաշալի քաղաք է՝ շատ գեղեցիկ ու հյուրընկալ: Բացի այդ, այնտեղ մեզ ընդունեցին ամենաբարձր մակարդակով: Բոլոր վայրերը շատ գեղեցիկ էին: Հնարավորության դեպքում սիրով կվերադառնամ Հայաստան, քանի որ մենք չհասցրեցինք այցելել բոլոր տեսարժան վայրերը:
Հայկական ֆուտբոլին որքանո՞վ ես ծանոթ:
Հայկական ֆուտբոլում ունեմ ծանոթներ, որոնց շատ լավ եմ վերաբերվում և անհանգստանում նրանց համար: Առաջինը կնշեմ Հենրիխ Մխիթարյանին, որի հետ ծանոթացել եմ, երբ նա հանդես էր գալիս Դոնեցկի «Շախտյորում»: Այդ ժամանակ ես աշխատում էի ամսագրում և մեկնել էի Ուկրաինա՝ «Շախտյորի» մասին ռեպորտաժ պատրաստելու համար: Ես նաև հարցազրույց պատրաստեցի Հենրիխ Մխիթարյանի հետ, և նա հրաշալի տպավորություն թողեց ինձ վրա: Նա շատ ինտելիգենտ, կրթված, հաճելի ու խելացի տղա է՝ առանց աստղային հիվանդության նախանշանների՝ չնայած նույնիսկ այն ժամանակ հասկանալի էր, որ խաղալու է ավելի բարձր մակարդակում: Ես վստահ էի, որ նա հանդես է գալու մեծ ակումբներում: Դրանից հետո մենք, ցավոք, չենք հանդիպել և վստահ չեմ, որ նա կհիշի ինձ: Ամեն դեպքում, ես ուշադրությամբ հետևում եմ նրա կարիերային: Հայկական ֆուտբոլում իմ մյուս շատ լավ ծանոթն Ալեքսանդր Գրիգորյանն է, որը մեզ մոտ ֆուտբոլային փորձագետի աշխատանք էր կատարում: Վերլուծությունների առումով նա ամենաբարձր մակարդակում է: Գրիգորյանը լավագույն փորձագետներից էր մեր հաղորդման ժամանակ:
Չեմ կարող ասել, որ դիտում եմ Հայաստանի առաջնության խաղեր, քանի որ շատ զբաղված եմ: Գիտեմ, որ Հայաստանում մեծ աշխատանք է տարվում ակումբային ֆուտբոլի զարգացման ուղղությամբ: Հայաստանի հավաքականի խաղեր ես մեկնաբանել եմ:

Ռուսաստանում վաղուց գործում է լեգեոնականների լիմիտ: Վերջերս նման սահմանափակում մտցրվեց նաև Հայաստանում: Ըստ քեզ՝ այդ սահմանափակումներն անհրաժեշտ են ֆուտբոլին՝ հաշվի առնելով, որ առաջատար լիգաներում նման օրենքներ չեն գործում:
Ես դեմ եմ այդ սահմանափակումներին: Տեսեք, թե որ երկրներն են արդյունավետ երիտասարդ ֆուտբոլիստների զարգացման գործում և օրինակ են ծառայում մյուսների համար: Դրանք են Իսպանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Հոլանդիան և վերջին տարիներին նաև Անգլիան: Այդ երկրների առաջնություններում միշտ եղել են շատ լեգեոնականներ, իսկ սահմանափակում չի գործում: Ըստ ինձ՝ լեգեոնականների սահմանափակումը չի նպաստում տեղացի ֆուտբոլիստների աճին, նույնիսկ՝ խանգարում է: Աճելու համար ֆուտբոլիստները պետք է լինեն մրցակցային միջավայրում, և որակյալ լեգեոնականները երիտասարդ ֆուտբոլիստներին օգնում են աճել: Լեգեոնականների սահմանափակման կիրառմամբ՝ տեղացի ֆուտբոլիստների շրջանում մրցակցությունը կտրուկ նվազում է, քանի որ շատերը մեկնարկային կազմում տեղ են ստանում միայն սահմանափակման պատճառով: Առաջատար երկրներում չկան սահմանափակումներ: Լավ խաղացողներ ունենալու համար անհրաժեշտ են լավ պայմաններ, կրթված, որակավորված ու բարձր վարձատրվող մարզիչներ երիտասարդական թիմերում: Բացի այդ, սահմանափակման կիրառումը նաև բերում է աշխատավարձի ավտոմատ աճի: Ստացվում է, որ տեղական անձնագրով ֆուտբոլիստն ավելի բարձր է գնահատվում, քան նույն մակարդակի լեգեոնականը: Օրինակ՝ Ռուսաստանում դա բերում է նրան, որ երիտասարդ ֆուտբոլիստները բարձր աշխատավարձ են ստանում ամենասկզբից` միայն անձնագրի համար, թեև նրանք չեն արժանացել դրան: Մենք հաճախ ենք տեսնում, որ մեծ գումարները փչացնում են երիտասարդ ֆուտբոլիստներին:
Գաղտնիք չէ, որ շատ մարզական լրագրողներ ունեն լավ մեկնաբան դառնալու ցանկություն: Սկսնակներին ի՞նչ խորհուրդ կտաս, որտեղից պետք է սկսել, ինչպե՞ս զարգանալ:
Կարծում եմ՝ այդտեղ չկա մեկ ճանապարհ կամ ուղղություն: Տարբեր մեկնաբաններ տարբեր ճանապարհներով են անցնում այս աշխատանքին: Ոմանք գալիս են մրցույթներում հաղթելու շնորհիվ, ոմանք ալիքներում աշխատելով և այլն: Լավագույն տարբերակներից մեկը սպորտային հեռուստաալիքներում աշխատանքի անցնելն է: Սպեցիֆիկ լրագրողական կրթությունը պարտադիր չէ մեկնաբան դառնալու համար: Կարելի է սովորել այլ բաժնում և ունենալ շատ գիտելիքներ տարբեր ոլորտներում, քանի որ դա նույնպես շատ կարևոր է մեկնաբանի աշխատանքում: Ես սկզբում աշխատանքի անցա նորաստեղծ սպորտային ալիքում՝ հասկանալով, որ այդտեղ խաղ մեկնաբանելու շանսերն ավելի մեծ կլինեն:
Իհարկե, այս աշխատանքում խորանալու համար անհրաժեշտ է մայրենի լեզվի գերազանց իմացություն, շատ գրքեր կարդալ նույն լեզվով, քիչ կարդալ թերթեր ու մարզական կայքեր, որտեղ ոչ միշտ է հանդիպում որակյալ բառապաշար: Պետք է հաճախ լսել լավ մեկնաբանների և ոչ թե կրկնօրինակել նրանց, այլ առանձնացնել ուժեղ կողմերը, հասկանալ սեփական թույլ կողմերն ու դրանց դեմ պայքարելու ուղիները:

Վերջերս Հայաստանի հավաքականում խաղալու որոշում էր կայացրել «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը, որը նախկինում հայտնել էր նաև Ռուսաստանի հավաքականում հանդես գալու ցանկություն: Ըստ քեզ՝ ի՞նչ կավելացնի նա Հայաստանի հավաքականում և արդյո՞ք նրա խաղային որակները թույլ կտային հանդես գալ Ռուսաստանի հավաքականում:
Ցանկությունը հասկանալի է: Վերջիվերջո, Խորենը վաղուց է խաղում Ռուսաստանի Պրեմիեր լիգայում: Նա հասկանում է, որ Ռուսաստանի հավաքականում մեծ մրցաշարերում հանդես գալու շանսերն ավելի մեծ են: Կարծում եմ՝ նա, իրոք, հեռու չէր Ռուսաստանի հավաքականում հայտնվելուց, պարզապես նրա դիրքում մրցակցությունը չափազանց մեծ է: Վստահ եմ, որ Հայաստանի հավաքականի համար դա շատ լավ ուժեղացում է, քանի որ Խորենն արդեն մի քանի մրցաշրջան անցկացնում է բարձր մակարդակում: Նա խաղում է ուժեղ թիմում ու շատ լավ մարզիչի՝ Վալերի Կարպինի գլխավորությամբ: Կարպինի թիմը խաղում է շատ ժամանակակից ֆուտբոլ: Այդպիսի ֆուտբոլ խաղացող թիմում աճում են շատ ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Բայրամյանը: Վստահ եմ, որ նա կուժեղացնի Հայաստանի հավաքականը:
Դու մեկնաբանում ես Գերմանիայի առաջնության խաղեր: Ավարտված մրցաշրջանում «Հոֆենհայմում» էր հանդես գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, որը նաև գոլի հեղինակ դարձավ «Բավարիայի» և «Բորուսիայի» դեմ խաղերում: Կարելի՞ է նրան համարել մրցաշրջանի հայտնություններից մեկը:
Կարծում եմ՝ այո, չնայած նրան, որ գերմանական Բունդեսլիգայում յուրաքանչյուր մրցաշրջանում շատ են վառ բացահայտումները, իսկ մրցակցությունը շատ մեծ է: Ցավոք, այս մրցաշրջանում Ադամյանին խանգարեցին վնասվածքները: Երբ առաջին անգամ հայտնվում ես Բունդեսլիգայի մակարդակի առաջնությունում, ցանկանում ես կանոնավոր կերպով խաղալ, իսկ վնասվածքները կանգնեցնում են քեզ: Սարգիսին մաղթում եմ առանց վնասվածքների անցկացնել հաջորդ մրցաշրջանը: Այո, նա մրցաշրջանի հայտնություններից մեկն էր, և խաղադաշտ դուրս գալով լավ էր դրսևորում իրեն: Նա ապացուցեց, որ կարող է հաջող հանդես գալ ուժեղ մրցակցության պայմաններում ու բարձր մակարդակի վրա:
«Հոֆենհայմի» գլխավոր մարզիչի փոփոխությունը նույնպես կարող է օգտակար լինել նրա համար, քանի որ ակումբի ղեկավարությունը կարծում էր, որ նախորդ մարզիչի պաշտպանողական խաղաոճը չէր համապատասխանում թիմին: Հիմա Սարգիսի համար իրավիճակն ավելի լավն է, թեև նոր մարզիչի նշանակումը միշտ կարող է վտանգավոր լինել ցանկացած խաղացողի համար: Հիմա «Հոֆենհայմը» գլխավորում է Սեբաստիան Հյոնեսը, որը հրաշալի աշխատանք է կատարել Մյունխենի «Բավարիայի» երկրորդ թիմում: Նա երիտասարդ, բայց շատ հեռանկարային ու առաջադիմող մարզիչ է: Հյոնեսը Տուխելի, Նագելսմանի շղթայի շարունակությունն է: Նա սիրում և կարողանում է աշխատել երիտասարդ ֆուտբոլիստների հետ: Ադամյանը ևս երիտասարդ է, իսկ «Հոֆենհայմում» տեղ են տալու երիտասարդ խաղացողներին: Սարգիսն աշխատասեր խաղացող է և Հյոնեսի պես մարզիչի գլխավորությամբ կարող է մի քանի քայլ առաջ կատարել, ինչը ես նրան մաղթում եմ:

Կան կարծիքներ, որ Հայաստանի հավաքականում Սարգիս Ադամյանին սխալ են օգտագործում: Ըստ քեզ՝ ո՞ր դիրքում պետք է խաղացնել նրան:
Բարդ հարց է, քանի որ հավաքականները վաղուց խաղեր չեն անցկացրել: Ընդհանրապես, Սարգիսը բազմակողմանի զարգացած ֆուտբոլիստ է, և կարող է խաղալ տարբեր դիրքերում: Եթե նա հանդես է գալիս եզրային կիսապաշտպանի դիրքում և քիչ գոլեր է խփում, դա օբյեկտիվ է, քանի որ այդ դիրքի խաղացողներն օգնում են նաև պաշտպանությանը:
Հիշում եմ, որ նրա մոտ հաջող էր ստացվում ձախ կիսապաշտպանի դիրքում խաղալը: Ես պատրաստ չեմ խորհուրդներ տալ Հայաստանի հավաքականի մարզիչին, քանի որ լավ հասկանում եմ բարդ իրավիճակը նրա համար: Երբ դու ունես առջևի գծի մի քանի լավ խաղացողներ, ապա չես կարող բոլորին դաշտ դուրս բերել հարձակման գծում: Հավաքականի մարզիչների համար դա բարդ խնդիր է, քանի որ յուրաքանչյուր խաղում նրանք փորձում են դաշտ դուրս բերել այդ պահին ամենալավ վիճակում գտնվող խաղացողներին: Նման բան հաճախ է պատահում նաև առաջատար հավաքականներում, երբ խաղացողները հանդես են գալիս իրանց համար ոչ այնքան հարազատ դիրքում:
Օրինակ՝ Transfermarkt-ը, որը շատ մանրակրկիտ է ուսումնասիրում այդպիսի պահերը, կարծում է, որ Ադամյանի ամենաօպտիմալ խաղային դիրքը ձախ հարձակվողն է: Իսկ կենտրոնական ու աջ հարձակվողի դիրքերը նրա լրացուցիչ խաղային դիրքերն են: Կարծում եմ, որ Ադամյանը կարող է օգտակար լինել ինչպես եզրերում, այնպես էլ հարձակման կենտրոնում:
Դավիթ Եղիազարյան

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.