00:47  ,  24 հուլիսի, 2024

Արթուր Դավթյանը՝ Փարիզից․ Ամեն ինչ լավ է, փորձարկել ենք մարզումների համար նախատեսված գործիքները

Օլիմպիական Փարիզում ամեն ինչ շատ լավ է, բոլորիս տրամադրությունը բարձր է: Արդեն անցկացրել ենք առաջին մարզումները: Փորձարկել ենք մարզումների համար նախատեսված մարմնամարզության գործիքները:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակից, Հայաստանի առաջատար մարմնամարզիկ Արթուր Դավթյանը:

Աշխարհի չեմպիոնը Վահագն Դավթյանի հետ արդեն օլիմպիական Փարիզում է եւ անցկացրել է առաջին մարզումները:

«Ամեն ինչ շատ լավ է այստեղ՝ օլիմպիական մայրաքաղաքում: Օլիմպիական ավան ենք ժամանել կիրակի օրը՝ հուլիսի 21-ին: Բնակվում ենք օլիմպիական ավանում: Արդեն հասցրել ենք առաջին մարզումներն անել: Ամեն ինչ լավ է, փորձարկել ենք մարզումների համար նախատեսված մարմնամարզության գործիքները: Շրջել ենք օլիմպիական քաղաքում, բայց դեռ շատ բան չենք տեսնել:

Բոլորիս տրամադրությունը բարձր է: Միայն եղանակը այդքան էլ կայուն չի, երբեմն անձրեւում է կամ արեւ է: Սնունդը նույնպես լավն է: Նախորդ օրերին այդքան էլ լավ չէր, քանի որ Օլիմպիական խաղերի մասնակիցները դեռ նոր են ժամանում: Սովորաբար Օլիմպիական ավանում տարբեր երկրների խոհանոցներ են բաց լինում, առաջին երկու օրը համեմատաբար քիչ էր: Այսօր արդեն, կարծես, ավելացել էր:

Մարզիկների փոխադրող ավտոբուսների աշխատանքային օրակարգը դեռ կայուն չի: Վարորդները դեռ չեն կողմնորոշվում, թե ուր պետք է գնան: Սա զուտ տեխնիկական խնդիր է, որը կկարգավորվի:

Ավանի սենյակները, որտեղ մենք մնում ենք, համեմատած Տոկիոյի, ավելի լավն են եւ հարմարավետ»,- ասաց Արթուր Դավթյանը:

Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության մրցաշարում Հայաստանը կունենա երկու մասնակից: Արթուր Դավթյանի հետ մրցահարթակ դուրս կգա նաեւ օղակների վարժությունում Հայաստանի առաջատար, Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը:

Մարմնամարզիկները Ֆրանսիա էին մեկնել հուլիսի 8-ից եւ մինչեւ հուլիսի 21-ը ուսումնամարզական հավաք էին անցնում Փարիզին մոտ գտնվող Ռուան քաղաքում:

Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը Փարիզի մրցահարթակ դուրս կգան հուլիսի 27-ին: Որակավորման փուլը կմեկնարկի Երեւանի ժամանակով 13:00-22:00 (ըստ ենթախմբի):

Սպորտային մարմնամարզության մրցաշարը կանցկացվի Փարիզի  «Բերսի» մարզապալատում  (Bercy Arena):

 Արթուր Դավթյանին եւ Վահագն Դավթյանին Փարիզի մրցահարթակում կօգնի հավաքականի մարզիչ Հայկ Նազարյանը։

Հակոբ Սերոբյանը մրցավարական կազմում կսպասարկի Օլիմպիական խաղերը։

Օլիմպիական խաղերի մեկնարկին մնաց երկու օր:

Փարիզ-2024 Օլիմպիական խաղերը կանկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: 

Լուսինե Շահբազյան 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով