15:35  ,  5 հուլիսի, 2024

Վազորդ Երվանդ Մկրտչյանը կմասնակցի Փարիզի Օլիմպիական խաղերին

Փարիզի Օլիմպիական խաղերին կմասնակցի վազորդ Երվանդ Մկրտչյանը։ Նա հանդես կգա 800 մետր մրցատարածությունում։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, հեռացատկի Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը։

«Աթլետիկայի մրցաշարում հանդես կգա մեր առաջատար վազորդ Երվանդ Մկրտչյանը։ Ուրախ եմ, որ հաստատվեց նրա մասնակցությունը, ափսոսում եմ միայն, որ իր հիմնական մրցատարածությունը չի վազելու՝ 1500 մետրը, այլ 800 մետր։ Մեծ էր ցանկությունս, որ շատ մասնակիցներ ունենայինք, բայց, ինչպես արդեն ասել էի, այս Օլիմպիական խաղերում կրճատել են մասնակիցների թիվը, այդ թվում եւ սպիտակ քարտերով մասնակիցների թիվը։

Երվանդ Մկրտչյանը վարկանիշով երկրորդն է, առաջինը Լեւոն Աղասյանն է, բայց վնասվածքը նրան խանգարեց ուղեգիր նվաճել։

Ես արդեն ասել էի, որ աթլետների վերջնական ցանկը հայտնի կդառնա հունիսի 30-ից հետո։ Շնորհակալ եմ ՀԱՕԿ-ին եւ ԿԳՄՍ նախարարությանը սերտ համագործակցության եւ աջակցության համար»,- ասաց Ռոբերտ Էմմիյանը։

Փարիզի Օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Հայաստանը Օլիմպիական խաղերում կունենա 15 ներկայացուցիչ։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով