19:25  +04,  27 հոկտեմբերի, 2018

ԱԱ-2018. Արթուր Ալեքսանյանը պարտվեց կիսաեզրափակիչում, Կարապետ Չալյանը լքեց պայքարը

Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) չկարողացավ դուրս գալ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչ եւ հոկտեմբերի 28-ին կգոտեմարտի բրոնզե մեդալի համար:

Չորրորդ գոտեմարտում աշխարհի եռակի չեմպիոնը 1:3 հաշվով պարտվեց 25-ամյա ռուսաստանցի Մուսա Էվլոեւին, որին նախորդ տարի հաղթել էր Փարիզում անցկացված աշխարհի առաջնության եզրափակիչում։

Առաջին մրցափուլում ռուս ըմբիշը հաղթեց 3:0 հաշվով: Երկրորդ մրցափուլում Մուսա Էվլոեւը հայտնվեց պարտեր դիրքում, սակայն Արթուր Ալեքսանյանը չկարողացավ միավոր վաստակել եւ պարտվեց 1:3 հաշվով:

Եզրափակիչում Մուսա Էվլոեւը կմրցի բուլղարացի Կիրիլ Միլովի հետ:

Գյումրեցի ըմբիշը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ 5։1 հաշվով ուժեղ էր գտնվել Իտալիան ներկայացնող վրացի Նիկոլոզ Կաքելաշվիլուց։ 1/8 եզրափակիչում Ալեքսանյանը 10։6 հաշվով հաղթեց նորվեգացի Ֆելիքս Բալդաուֆին, որին նախորդ տարի պարտվել էր Սերբիայում կայացած Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչում։ Մինչեւ երկրորդ մրցափուլի միջնամասը նորվեգացի ըմբիշը հաղթում էր 6։0 հաշվով, սակայն Արթուր Ալեքսանյանը շտկեց իրավիճակը՝ վաստակելով 10 միավոր։ Քառորդ եզրափակիչում Արթուրը 4։3 հաշվով պարտության մատնեց վրացի Ռեւազի Նադարեիշվիլուն, որին նախորդ տարի հաղթել էր նաեւ Փարիզում անցկացված աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում։

Հոկտեմբերի 27-ին պայքարի մեջ էր մտել նաեւ Կարապետ Չալյանը (77 կգ), որը 1/16 եզրափակիչում 0։4 հաշվով պարտվեց Լոնդոն-2012 օլիմպիական չեմպիոն, Ռիո-2016 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի 2013թ. չեմպիոն, 29-ամյա հարավկորեացի Կիմ Հյոն Ուին։ Կորեացի ըմբիշը պարտություն կրեց կիսաեզրափակիչում, ինչից հետո Չալյանը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից։

Նախօրեին պայքարի մեջ մտած եւ հաղթանակով մեկնարկելուց հետո 1/8 եզրափակիչում պարտություն կրած Արթուր Շահինյանը (87 կգ) բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի երեկոյան մրցահերթում։ Շահինյանը հնարավորություն էր ստացել պայքարել բրոնզե մեդալի համար, քանի որ նրան հաղթած Ռիո-2016 օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի 2015թ. չեմպիոն, ուկրաինացի Ժան Բելենյուկը նվաճել է եզրափակիչի ուղեգիր։ Հոկտեմբերի 27-ին հայ ըմբիշը նախ ժամանակից շուտ 9։0 հաշվով հաղթել էր լիտվացի Էիվիդաս Ստանկեւիչուսին, իսկ երկրորդ սփոփիչ գոտեմարտում 7։5 հաշվով ուժեղ էր գտնվել իրանցի Հուսեյն Ահմեդ Նուրիից։ Շահինյանը բրոնզե մեդալը կվիճարկի ադրբեջանցի Իսլամ Աբասովի հետ։

Հիշեցնենք, որ Բուդապեշտում Հայաստանի թիմի առաջին մեդալը նախօրեին նվաճել էր 2017թ. աշխարհի ու 2018թ. Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը (82 կգ), որը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 4:1 հաշվով հաղթել էր Ռիո-2016 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 2011թ. աշխարհի չեմպիոն, իրանցի Սաիդ Աբդվալիին: Հոկտեմբերի 26-ին բրոնզե մեդալի համար գոտեմարտ էր անցկացրել նաեւ Նորայր Հախոյանը (55 կգ), որը 0:4 հաշվով պարտվեց թուրք Էրկեմ Օզտուրկին:

Օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորած հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում հանդես են եկել նաեւ Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ) եւ Կարեն Ասլանյանը (67 կգ), որոնք մեդալ չեն նվաճել:

Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեդալ չէր նվաճել Բուդապեշտում: Հայաստանի թիմի կազմում հանդես էին եկել Միհրան Ջաբուրյանը (57 կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ), 2013թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը (70 կգ), Վալտեր Մարգարյանը (74 կգ), Գրիգոր Գրիգորյանը (79 կգ) եւ Գեորգի Կետոեւը (97 կգ): Սաֆարյանը եւ Գրիգորյանը 2 հաղթանակներից հետո պարտություն էին կրել քառորդ եզրափակիչում, իսկ մյուսները պարտել էին մեկնարկում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: