19:34  ,  26 հոկտեմբերի, 2018

ԱԱ-2018. Արթուր Շահինյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Շահինյանը (87 կգ) Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հնարավորություն ստացավ պայքարել բրոնզե մեդալի համար:

Հաղթանակով մեկնարկելուց հետո Շահինյանը 1/8 եզրափակիչում 1:4 հաշվով պարտվել էր Ռիո-2016 օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի 2015թ. չեմպիոն, ուկրաինացի Ժան Բելենյուկին, որը նվաճեց եզրափակիչի ուղեգիր: Դրա շնորհիվ հայ ըմբիշը հնարավորություն ստացավ հոկտեմբերի 27-ին անցկացնել սփոփիչ գոտեմարտերի: Հոկտեմբերի 27-ին Շահինյանը առաջին սփոփիչ գոտեմարտում կմրցի լիտվացի Էիվիդաս Ստանկեւիչուսի հետ:

Հոկտեմբերի 26-ին պայքարը սկսած Հայաստանի մյուս 2 ներկայացուցիչներ Գեւորգ Ղարիբյանը (60 կգ) եւ Կարեն Ասլանյանը (67 կգ) լքել են պայքարը, քանի որ նրանց հաղթած ըմբիշները չկարողացան դուրս գալ եզրափակիչ:

Գեւորգ Ղարիբյանը 1/8 եզրափակիչում պարտություն էր կրել Հյուսիսային Կորեան ներկայացնող Սի Ուն Ռիից՝ 1:5: Ղարիբյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 8:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել պանամացի Անդրես Գոնսալես Անդրադեի նկատմամբ:

2018թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Կարեն Ասլանյանը որակավորման փուլում պարտվել էր ադրբեջանցի Կամրան Մամադովին (2:2):

Հիշեցնենք, որ նախօրեին պայքարի մեջ մտած եւ քառորդ եզրափակիչում պարտություն կրած Մաքսիմ Մանուկյանը (82 կգ) եւ Նորայր Հախոյանը (55 կգ) հոկտեմբերի 26-ին հաղթել էին սփոփիչ գոտեմարտերում եւ երեկոյան մրցահերթում կանցկացնեն բրոնզե մեդալի համար գոտեմարտ: Աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն Մաքսիմ Մանուկյանի մրցակիցը կլինի իրանցի Սաիդ Աբդվալին, իսկ Նորայր Հախոյանը կմրցի թուրք Էրկեմ Օզտուրկի հետ:

Հոկտեմբերի 25-ին հանդես էր եկել նաեւ Սլավիկ Գալստյանը (63 կգ), որը հաղթանակով մեկնարկելուց հետո պարտություն էր կրել եւ լքել պայքարը:

Օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորած հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի առաջնությանը մեկնել են նաեւ Կարապետ Չալյանը (77 կգ) եւ Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ), որոնք պայքարի մեջ կմտնեն հոկտեմբերի 27-ին:

Արթուր Ալեքսանյանը պայքարը կսկսի 1/16 եզրափակիչից, որտեղ ուժերը կչափի Իտալիան ներկայացնող վրացի Նիկոլոզ Կաքելաշվիլու հետ: Հաղթանակի դեպքում գյումրեցի ըմբիշը 1/8 եզրափակիչում կհանդիպի Ֆելիքս Բալդաուդ (Նորվեգիա) – Դանիել Գաստլ (Ավստրիա) զույգի հաղթողի հետ:

Կարապետ Չալյանը եւս կմեկնարկի 1/16 եզրափակիչից՝ ուժերը չափելով Լոնդոն-2012 օլիմպիական չեմպիոն, Ռիո-2016 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի 2013թ. չեմպիոն, հարավկորեացի Կիմ Հյոն Ուի հետ: Այդ զույգի հաղթողը հաջորդ փուլում կմրցի կամ խորվաթ Բոզո Ստարցեվիչի, կամ գերմանացի Պասկալ Էիսելեի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում