14:58  ,  6 մայիսի, 2017

ԵԱ. Արթուր Ալեքսանյանը պարտություն կրեց

Սերբիայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում պարտություն կրեց օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: 98 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում Հայաստանի հավաքականի առաջատարը չկարողացավ հաղթահարել նորվեգացի Ֆելիքս Բալդաուֆի դիմադրությունը (2:2):

Որակավորման փուլում Արթուր Ալեքսանյանը 4:0 հաշվով հաղթել էր լիտվացի Վիլիուս Լաուրինաիտիսին, իսկ 1/8 եզրափակիչում՝ սերբ Միխեիլ Կայայային (5:1), որը պայքարից դուրս էր թողել ռուսաստանցի Նիկիտա Մելնիկովին:

Եթե Ֆելիքս Բալդաուֆին դուրս գա եզրափակիչ, Արթուր Ալեքսանյանը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար:

Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանը ծնկի վնասվածք էր ստացել մարզման ժամանակ եւ դեռ մինչեւ անցած շաբաթ հարցականի տակ էր նրա մասնակցությունը Եվրոպայի առաջնությանը:

130 կգ քաշային կարգում Վաչիկ Եղիազարյանը 1/8 եզրափակիչում 10:2 հաշվով հաղթել է հույն Նիկոլաոս Լեոնին, քառորդ եզրափակիչում 0:4 հաշվով պարտվել է հունգարացի Բալինտ Լամին, որը հասել է եզրափակիչ: Բրոնզե մեդալի համար առաջին սփոփիչ գոտեմարտում հայ ըմբիշը 0:4 հաշվով պարտվել է ռուսաստանցի Վիտալի Շչուրին եւ դուրս մնացել պայքարից:

66 կգ քաշային կարգում Կարեն Ասլանյանը մեկնարկային գոտեմարտում (1/8 եզրափակիչ) 1:3 հաշվով պարտվել է թուրք Ատական Յուկսելին: 59 կգ քաշային Գեւորգ Ղարիբյանը դարձյալ դուրս է մնացել պայքարից մեկնարկում (1/8 եզրափակիչ)՝ 2:3 հաշվով պարտվելով ադրբեջանցի Թալեհ Մամադովին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում