Այս պահին Հայաստանի հավաքականը շատ լուրջ ձեռքբերում ունի. Բոլորովին այլ հավաքական է եւ նման չէ նախորդ տարիների կազմերին: Կարծում եմ՝ Չեռնոգորիայի դեմ խաղում Հայաստանի հավաքականն ավելի լավն էր: Ուզում եմ եւ ես կարծում եմ, որ հաջոդ խաղում կհաղթեք:
Այսպես ֆուտբոլի Հայաստանի հավաքականի մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, վրացական ֆուտբոլի լեգենդ Լեւան Կոբիաշվիլին:
Այս օրերին Լեւան Կոբիաշվիլին Երեւանում է եւ սեպտեմբերի 30-ին ներկա եղավ Թուրինի «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիայի «Ավան» եւ «Կենտրոն» մասնաճյուղերի, ինչպես նաեւ Freedom Arena-ի բացման արարողությանը, մասնակցեց նաեւ Նոր Հաճնում «Յուվենտուսի» հայաստանյան երրորդ մարզաբազայի հիմնարկեքի արարողությանը:
Պարոն Կոբիաշվիլի, «Յուվենտուսի» ակադեմիայի հայաստանյան մասնաճյուղը տարածաշրջանում առաջինն է: Ի՞նչ տպավորություններ ունեք Երեւանում եւ մյուս կենտրոններում կատարված աշխատանքներից:
Շատ ուրախ եմ, որ գտնվում եմ Հայաստանում եւ մասնակցում եմ «Յուվենտուսի» ակադեմիայի բացմանը: Այն ինչ տեսա այստեղ, ուղղակի հիացած եմ եւ շատ ուրախ, որ Ձեր մոտ՝ Հայաստանում, մեր բարեկամ երկրում կառուցվել է այսպիսի ակադեմիա: Հայկական ֆուտբոլի զարգացման համար «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան շատ կարեւոր է: Կարծում եմ՝ ոչ միայն Հայաստանի, նաեւ Վրաստանի եւ ամբողջ տարածաշրջանի համար շատ կարեւոր եւ հաճելի է, որ «Յուվենտուսի» ակադեմիա այլեւս կա: Այս առումով ցանկանում եմ սրտանց շնորհավորել հայերին, Հայաստանին, իմ լավ բարեկամ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին եւ մաղթել մեծ հաջողություններ ակադեմիայի աշխատանքներում եւ, առհասարակ հայկական ֆուտբոլում:
Ըստ Ձեզ, եվրոպական խոշոր ակադեմիայի ներկայությունը Հայաստանում որքանո՞վ կօգնի հայկական ֆուտբոլի զարգացմանը, հետագայում նաեւ Հայաստանի ազգային հավաքականին:
Հասկանալի է, որ սա ակադեմիա է, այստեղ երեխաները պետք է մարզվեն, զբաղվեն ֆուտբոլով, բայց հավատում եմ եւ վստահ եմ, որ տարիներ անց այն կնպաստի ոչ միայն Հայաստանի հավաքականին, այլեւ առավել մրցակցային կդարձնի ներքին առաջնությունը: Վստահ եմ, որ մոտ ապագայում այս ակումբի սաները կխաղան նաեւ Հայաստանի առաջնություններում: Հենց այս փաստը կօգնի Հայաստանի հավաքականին: Այն երեխաները, որոնք այստեղ կսովորեն, կմարզվեն, հայկական ֆուտբոլի ապագան են լինելու: Այս առումով շատ կարեւոր է այսպիսի ակադեմիայի բացումը երկրում: Վստահաբար, հետագայում այն իր կորիզը կտա ազգային հավաքականներին:
Հետեւո՞ւմ եք Հայաստանի հավաքականի մրցելույթներին: Հայաստանի թիմը հանդես է գալիս Ազգերի լիգայի լիգայի C խմբում եւ արդեն անցկացրել է երկու խաղ: Ի՞նչ կարծիք ունեք Հայաստանի հավաքականի մասին:
Հետեւել եմ Ձեր հավաքականի առաջին երկու խաղերին: Լատվիայի հետ խաղում հաղթեցիք, Չեռնոգորիային՝ պարտվեցիք: Կարծում եմ, որ այդ դիմակայությունում Հայաստանի հավաքականն ավելի լավն էր, քան Չեռնոգորիան: Այդ խաղում Հայաստանի հավաքականն այնպիսի գնդակներ բաց թողեց, որ չպետք է բաց թողներ, բայց սա ֆուտբոլ է, եւ այսպես էլ է լինում. չես կարող բոլոր խաղերում հաղթել:
Ինչ վերաբերում է հավաքականի ներկայիս կազմին, կարծում եմ՝ այս պահին դուք շատ լուրջ ձեռքբերում ունեք. ձեր հավաքականը լիովին տարբեր է նախորդ կազմերից, բոլորովին այլ հավաքական է՝ ի տարբերություն, օրինակ, մի քանի տարի առաջվա: Այնպես, որ ես ուզում եւ ես կարծում եմ, որ հաջոդ խաղում (Կիպրոս) Հայաստանը կհաղթի:
Մեր տարածաշրջանի համար շատ կարեւոր է, որպեսզի ունենանք ուժեղ հավաքականներ, ինչպես դուք, այնպես մենք՝ Վրաստանը: Հայաստանի հավաքականին մաղթում եմ հաջողություն եւ հույս ունեմ՝ հաջորդ խաղում կհաղթի:
Վրաստանի հավաքականը հանդես է գալիս B խմբում: Ինչպե՞ս եք գնահատում Ձեր հավաքականի շանսերն այդ խմբում:
Մենք խաղում ենք B լիգայում: Այդքան էլ հեշտ չի մեզ համար, քանի որ այստեղ ուժեղ թիմեր են խաղում: Առաջին խաղն անհաջող ստացվեց մեզ համար, երկրորդն Ուկրաինայի հավաքականի հետ խաղացինք, լավ հանդիպում անցկացրինք, բայց չկարողացանք հաղթել: Առջեւում երկու շատ բարդ եւ ծանր խաղեր ունենք: Հույս ունենք, որ լավ արդյունքներ կգրանցենք:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

10:14 , 1 հոկտեմբերի
09:52 , 1 հոկտեմբերի
09:06 , 1 հոկտեմբերի
23:10 , 30 սեպտեմբերի 
22:42 , 30 սեպտեմբերի
22:03 , 30 սեպտեմբերի
21:02 , 30 սեպտեմբերի
20:28 , 30 սեպտեմբերի
20:13 , 30 սեպտեմբերի 
19:23 , 30 սեպտեմբերի