13:15  ,  22 հոկտեմբերի, 2018

ԱԱ-2018. Գեորգի Կետոեւն անհաջող մեկնարկեց

Հայաստանի ներկայացուցիչ Գեորգի Կետոեւը (97 կգ) պարտությամբ մեկնարկեց Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում:

Որակավորման փուլում Կետոեւը պարտվեց ղազախ Մամեդ Իբրագիմովին (2:2) եւ չկարողացավ դուրս գալ 1/8 եզրափակիչ: Եթե ղազախ ըմբիշը հասնի եզրափակիչ, Կետոեւը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար:

Հոկտեմբերի 22-ին պայքարի մեջ էր մտել նաեւ 2013թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը, որը 70 կգ քաշային կարգում պայքարը սկսեց որակավորման փուլից՝ 4:1 հաշվով հաղթելով հունգարացի Նորբերտ Լուկաշին: Սաֆարյանի հաջորդ մրցակիցը կլինի Իսրայելի ներկայացուցիչ Էրմաչ Հասանովը:

Նախօրեին պայքարի մեջ մտած ու մեկնարկային փուլում պարտություն կրած Միհրան Ջաբուրյանը (57 կգ) հնարավորություն է ստացել պայքարել բրոնզե մեդալի համար: Ջաբուրյանին 10:0 հաշվով հաղթած ռուսաստանցի Զավուր Ուգուեւը դուրս է եկել եզրափակիչ: Առաջին սփոփիչ գոտեմարտում հայ ըմբիշը կհանդիպի կուբացի Անդրեու Օրտեգայի հետ:

Հիշեցնենք, որ Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում հանդես էին եկել նաեւ Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ), Վալտեր Մարգարյանը  (74 կգ) եւ Գրիգոր Գրիգորյանը (79 կգ), որոնք մեդալ չէին նվաճել: Գրիգորյանը 2 հաղթանակներից հետո պարտություն էր կրել քառորդ եզրափակիչում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս