20:16  ,  26 հոկտեմբերի, 2018

ԱԱ-2018. Նորայր Հախոյանը մեդալ չնվաճեց  

Հայաստանի ներկայացուցիչ Նորայր Հախոյանը (55 կգ) չկարողացավ մեդալ նվաճել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում:

Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հախոյանը մրցեց թուրք Էրկեմ Օզտուրկի հետ եւ պարտություն կրեց 0:4 հաշվով:

Հիշեցնենք, որ  նախօրեին հաղթանակով մեկնարկելուց հետո 1/4 եզրափակիչում պարտություն կրած Նորայր Հախոյանը հնարավորություն էր ստացել պայքարել բրոնզե մեդալի համար: Հոկտեմբերի 26-ին նա միակ սփոփիչ գոտեմարտում 8:6 հաշվով ուժեղ էր գտնվել կորեացի Հի Դոն Սոնից: 

Հոկտեմբերի 26-ին բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի նաեւ աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը (82 կգ), որի մրցակիցը կլինի Ռիո-2016 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 2011թ. աշխարհի չեմպիոն, իրանցի Սաիդ Աբդվալին:

Հոկտեմբերի 26-ին պայքարի մեջ մտած եւ հաղթանակով մեկնարկելուց հետո պարտություն կրած Արթուր Շահինյանը (87 կգ) հնարավորություն է ստացել պայքարել բրոնզե մեդալի համար: Հոկտեմբերի 27-ին Շահինյանը առաջին սփոփիչ գոտեմարտում կմրցի լիտվացի Էիվիդաս Ստանկեւիչուսի հետ:

Հոկտեմբերի 26-ին պայքարը սկսած Հայաստանի մյուս 2 ներկայացուցիչներ Գեւորգ Ղարիբյանը (60 կգ) եւ Կարեն Ասլանյանը (67 կգ) լքել են պայքարը, քանի որ նրանց հաղթած ըմբիշները չկարողացան դուրս գալ եզրափակիչ:

Գեւորգ Ղարիբյանը 1/8 եզրափակիչում պարտություն էր կրել Հյուսիսային Կորեան ներկայացնող Սի Ուն Ռիից՝ 1:5: Ղարիբյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 8:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել պանամացի Անդրես Գոնսալես Անդրադեի նկատմամբ:

2018թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Կարեն Ասլանյանը որակավորման փուլում պարտվել էր ադրբեջանցի Կամրան Մամադովին (2:2):

Հոկտեմբերի 25-ին հանդես էր եկել նաեւ Սլավիկ Գալստյանը (63 կգ), որը հաղթանակով մեկնարկելուց հետո պարտություն էր կրել եւ լքել պայքարը:

Օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորած հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի առաջնությանը մեկնել են նաեւ Կարապետ Չալյանը (77 կգ) եւ Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ), որոնք պայքարի մեջ կմտնեն հոկտեմբերի 27-ին:

Արթուր Ալեքսանյանը պայքարը կսկսի 1/16 եզրափակիչից, որտեղ ուժերը կչափի Իտալիան ներկայացնող վրացի Նիկոլոզ Կաքելաշվիլու հետ: Հաղթանակի դեպքում գյումրեցի ըմբիշը 1/8 եզրափակիչում կհանդիպի Ֆելիքս Բալդաուդ (Նորվեգիա) – Դանիել Գաստլ (Ավստրիա) զույգի հաղթողի հետ:

Կարապետ Չալյանը եւս կմեկնարկի 1/16 եզրափակիչից՝ ուժերը չափելով Լոնդոն-2012 օլիմպիական չեմպիոն, Ռիո-2016 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի 2013թ. չեմպիոն, հարավկորեացի Կիմ Հյոն Ուի հետ: Այդ զույգի հաղթողը հաջորդ փուլում կմրցի կամ խորվաթ Բոզո Ստարցեվիչի, կամ գերմանացի Պասկալ Էիսելեի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում