16:28  ,  27 հոկտեմբերի, 2018

ԱԱ-2018․ Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ (ֆոտո)  

Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) նվաճեց Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի ուղեգիր։

Երրորդ գոտեմարտում աշխարհի եռակի չեմպիոնը 4։3 հաշվով պարտության մատնեց վրացի Ռեւազի Նադարեիշվիլուն, որին նախորդ տարի հաղթել էր նաեւ Փարիզում անցկացված աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում։

Գյումրեցի ըմբիշը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ 5։1 հաշվով ուժեղ էր գտնվել Իտալիան ներկայացնող վրացի Նիկոլոզ Կաքելաշվիլուց։ 1/8 եզրափակիչում Ալեքսանյանը 10։6 հաշվով հաղթեց նորվեգացի Ֆելիքս Բալդաուֆին, որին նախորդ տարի պարտվել էր Սերբիայում կայացած Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչում։ Մինչեւ երկրորդ մրցափուլի միջնամասը նորվեգացի ըմբիշը հաղթում էր 6։0 հաշվով, սակայն Արթուր Ալեքսանյանը շտկեց իրավիճակը՝ վաստակելով 10 միավոր։ 

Եզրափակիչի ուղեգիրը Ալեքսանյանը կվիճարկի 25-ամյա ռուսաստանցի Մուսա Էվլոեւի հետ, որին նախորդ տարի հաղթել է Փարիզում անցկացված աշխարհի առաջնության եզրափակիչում։

Հոկտեմբերի 27-ին պայքարի մեջ էր մտել նաեւ Կարապետ Չալյանը (77 կգ), որը 1/16 եզրափակիչում 0։4 հաշվով պարտվեց Լոնդոն-2012 օլիմպիական չեմպիոն, Ռիո-2016 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի 2013թ. չեմպիոն, 29-ամյա հարավկորեացի Կիմ Հյոն Ուին։ Եթե կորեացի ըմբիշը դուրս գա եզրափակիչ, Չալյանը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար։

Նախօրեին պայքարի մեջ մտած եւ հաղթանակով մեկնարկելուց հետո 1/8 եզրափակիչում պարտություն կրած Արթուր Շահինյանը (87 կգ) բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի երեկոյան մրցահերթում։ Շահինյանը հնարավորություն էր ստացել պայքարել բրոնզե մեդալի համար, քանի որ նրան հաղթած Ռիո-2016 օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի 2015թ. չեմպիոն, ուկրաինացի Ժան Բելենյուկը նվաճել է եզրափակիչի ուղեգիր։ Հոկտեմբերի 27-ին հայ ըմբիշը նախ ժամանակից շուտ 9։0 հաշվով հաղթել էր լիտվացի Էիվիդաս Ստանկեւիչուսին, իսկ երկրորդ սփոփիչ գոտեմարտում 7։5 հաշվով ուժեղ էր գտնվել իրանցի Հուսեյն Ահմեդ Նուրիից։ Շահինյանը բրոնզե մեդալը կվիճարկի ադրբեջանցի Իսլամ Աբասովի հետ։

Հիշեցնենք, որ Բուդապեշտում Հայաստանի թիմի առաջին մեդալը նախօրեին նվաճել էր 2017թ. աշխարհի ու 2018թ. Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը (82 կգ), որը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 4:1 հաշվով հաղթել էր Ռիո-2016 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 2011թ. աշխարհի չեմպիոն, իրանցի Սաիդ Աբդվալիին: Հոկտեմբերի 26-ին բրոնզե մեդալի համար գոտեմարտ էր անցկացրել նաեւ Նորայր Հախոյանը (55 կգ), որը 0:4 հաշվով պարտվեց թուրք Էրկեմ Օզտուրկին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում