09:33  ,  14 սեպտեմբերի, 2026

Դավիթ Չալոյան․ Մեծ ակնկալիքներով եւ մարտական տրամադրությամբ ենք մեկնում Եվրոպայի առաջնության (ֆոտո, վիդեո)

Շատ լավ ենք պատրաստվել Եվրոպայի առաջնությանը: Մեծ ակնկալիքներով եւ մարտական տրամադրությամբ ենք մեկնում:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի առաջատար, աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը:

Բռնցքամարտիկները մարտունակ կազմով, մարտական տրամադրությամբ պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 15-27-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: Տղամարդկանց եւ կանանց հավաքականները վերջին հավաքն անցնում էին Ծաղկաձորում, որով էլ ավարտեցին նախապատրաստական փուլը:

NEWS.am Sport-ի թղթակիցը Ծաղկաձորում հետեւել է բռնցքամարտիկների վերջին մարզումային օրվան:

Ռուդիկ Մկրտչյանի եւ Վազգեն Բադալյանի գլխավորած տղամարդկանց եւ կանանց հավաքականները համատեղ մարզումներով են պատրաստվում ԵԱ-ին: Ֆիզիկական ծանրաբեռնված աշխատանքին հաջորդում է զույգերով մարզումները, մրցափուլերով եւ վայրկյանացույցով աշխատանքը ձեռնոցներով: Ռուդիկ Մկրտչյանն անհատապես աշխատում է յուրաքանչյուր բռնցքամարտիկի հետ: Համատեղ մարզումից հետո զույգերով աշխատանքը տեղափոխովում է ռինգ, որտեղ անհատական մոտեցմամբ գլխավոր մարզիչն անձնական մարզիչների հետ միասին հետեւում են բռնցքամարտիկների տեխնիկային եւ տակտիկային, շտկումներ իրականացնում, խորհուրդներ տալիս:

Աղջիկները մարզվում են տղաների հետ զուգահեռ, նույն ծանրաբեռնվածությամբ, անհատական ուժային աշխատանքով, ապա անհատական մարզիչների հետ աշխատանքով: Քանի որ կանանց հավաքականը նվազագույն կազմով է ներկայանալու Եվրոպայի առաջնությանը, աղջիկների մարզումները սահմանափակվում են միայն տանձիկների վրա ձեռնոցներով աշխատանքով եւ մարզիչների հետ տեխնիկայի վրա աշխատանքով: Զույգերով մենամարտեր անցկացնելու հնարավորություն աղջիկները չունեն:

Բռնցքամարտ անելուց եւ ծանրաբեռնված մարզումն ավարտելուց հետո բռնցքամարտիկները չեն շտապում լքել մարզադահլիճը: Անիջապես հաջորդում են թեթեւ մարզումները՝ ցատկապարան, թենիսի գնդակի կամ բասկետբոլի գնդակի հետ աշխատանք:

Աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը 5-րդ անգամ է մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Աշխարհի փոխչեմպիոնությունից հետո գերծանր քաշային կարգում Հայաստանի առաջատարը դեռ մեդալ չի նվաճել Եվրոպայի առաջնություններում: Բուլղարիայում անցկացվելիք առաջնությունում գերխնդիրը մեդալ նվաճելն է:

«Շատ լավ ենք պատրաստվել Եվրոպայի առաջնությանը: Լավ մարզավիճակում եմ, մեծ աշխատանք ենք կատարել: Մեծ ակնկալիքներով ենք մեկնում Բուլղարիա: Ռինգը ցույց կտա, թե ինչպես եմ նախապատրաստվել, բայց ամեն ինչ անելու եմ, որ այս անգամ մեդալով վերադառնամ Եվրոպայի առաջնությունից:

Մրցակցությունը շատ մեծ է, բավականին լուրջ մրցակիցներ կան իմ քաշային կարգում: Անուններ չեմ տա, բայց բոլորն էլ ուժեղ են, ֆավորիտ են: Աշխարհի առաջնությունում արծաթե մեդալ նվաճելուց հետո իմ մարզական կարիերայում լուրջ հաջողություններ չունեցա: Սպորտ է, ամեն ինչ էլ կարող է պատահել մարզիկի հետ, բայց ես չեմ կոտրվել հաջորդող անհաջողություններից, ամեն ինչ արել եմ, որպեսզի դուրս գամ այդ ամենից եւ առաջ շարժվեմ:

Աշխարհի առաջնությունում իսկապես շատ անփորձ էի, եթե համեմատենք ներկայիս հետ: Հիմա փորձս շատ է, ֆիզիկապես եւ տեխնիկապես ավելի ուժեղ եմ հիմա: Սպասելիքներ ունեմ, բայց թե ինչպես կստացվի, չեմ կարող նախապես ասել, բայց շատ եմ ուզում Եվրոպայի առաջնության մեդալ նվաճել»,- ասաց Դավիթ Չալոյանը:

Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Արթուր Բազեյանը Եվրոպայի առաջնության է մեկնում ոսկե մեդալի ակնկալիքով:

«Շատ լավ պատրաստվել ենք, ֆիզիկական շատ լավ աշխատանք ենք արել, տեխնիկայի վրա ենք մեծ ուշադրություն դարձրել: Արդեն աստիճանաբար մարզավիճակի մեջ ենք մտնում: Մարտական ենք տրամադրված: Սպասելիքներս շատ մեծ են, վստահ եմ ինձ վրա: Մրցակցությունը բարձր է լինելու: Հիմա բռնցքամարտն այնպես է զարգացել, բոլորը հավասար են: Մեդալի եւ չեմպիոնության համար շատ մեծ պայքար է լինելու: Մրցակիցներիս ուսումնասիրել եմ, մեծ մասի հետ հանդիպել եմ ռինգում եւ հավատում եմ, որ բոլորին անցնելու եմ:

Թե ինչն է ինձ մինչեւ այս պակասել ոսկե մեդալին հասնելու համար, կարծում եմ ուժայինս չի բավականացրել: Սխալներ շատ են եղել Եվրոպայի առաջնության եզրափակիչում, կիսաեզրափակիչում: Սխալներիս վրա մեծ աշխատանք ենք կատարել եւ այս պահին համարում եմ, որ արդեն բոլորին հավասար եմ, եթե ոչ ավել: Այս Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալի ակնկալիք ունեմ: Եվրոպայի առաջնությունից հետո նպատակս կլինի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելը»,- նշեց Արթուր Բազեյանը:

Աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը նույնպես չեմպիոնական սպասելիքներ ունի:

«Ինձ համար էլ արդեն շատ սպասելի է իմ չեմպիոնությունը Եվրոպայի առաջնությունում: Մարզավիճակս լավ է, եկել եմ քաշիս եւ շատ լավ պատրաստվել այս առաջնությանը: Սոֆիայում արագաուժային վարժությունների վրա կաշխատենք: Կարծում եմ՝ այս անգամ ավելի լավ մենամարտեր կունենամ: Մինչ օրս ինձ չի հաջողվել ոսկե մեդալակիր դառնալ, բայց միշտ նույն կերպ եմ պատրաստվել, ուղղակի միշտ անհարմար մրցակիցների եւ մրցավարների եմ հանդիպել, որն էլ խանգարել է հաղթանակի հասնել: Կարծում եմ՝ այս անգամ ոչինչ ինձ չի խանգարի հաղթանակի հասնելու համար: Այժմ հանդես եմ գալու 90 կգ քաշային կարգում, նախկինի՝ 92 կգ քաշային կարգի փոխարեն: 2 կգ-ի տարբերությունն իմ կարծիքով ռինգում ինձ ավելի շատ արագություն կտա»,- մանրամասնեց Նարեկ Մանասյանը:

Հայաստանի հավաքականները մրցավայր կմեկնեն սեպտեմբերի 14-ի լույս 15-ին: Վիճակահանությունը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին, առաջնությունը կմեկնարկի սեպտեմբեր 16-ին:

Ռուդիկ Մկրտչյանի գլխավորությամբ տղամարդկանց Հայաստանի հավաքականի կազմում ռինգ դուրս կգան Ռուդոլֆ Գարբոյանը (50 կգ), Ժիրայր Սարգսյանը (55 կգ), Արթուր Բազեյանը (60 կգ), Արթուր Սահակյանը (65 կգ), Հարություն Հակոբկոխյանը (70 կգ), Մարատ Միքայելյանը (75 կգ), Արտուշ Հովհաննիսյանը (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ), Նարեկ Մանասյանը (90 կգ) եւ  Դավիթ Չալոյանը (+90 կգ):

Վազգեն Բադալյանի գլխավորությամբ կանանց հավաքականի կազմում կպայքարեն Հեղինե Պետրոսյանը (48 կգ), Լուսյա Ավետիսյանը (54 կգ) եւ Էլիդա Քոչարյանը (65 կգ):

Լուսինե Շահբազյան

 Լուսանկարները՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News

  • Latest news