13:40  ,  27 հոկտեմբերի, 2018

ԱԱ-2018. Կարապետ Չալյանի մեկնարկն անհաջող էր

Հայաստանի ներկայացուցիչ Կարապետ Չալյանը (77 կգ) պարտությամբ մեկնարկեց Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում։

1/16 եզրափակիչում գյումրեցի ըմբիշը մրցեց Լոնդոն-2012 օլիմպիական չեմպիոն, Ռիո-2016 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի 2013թ. չեմպիոն, 29-ամյա հարավկորեացի Կիմ Հյոն Ուի հետ եւ պարտվեց 0։4 հաշվով։ Եթե կորեացի ըմբիշը դուրս գա եզրափակիչ, Չալյանը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար։

Հոկտեմբերի 27-ին պայքարի մեջ կմտնի նաեւ Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն Արթուր Ալեքսանյանը  (97 կգ), որը 1/16 եզրափակիչում ուժերը կչափի Իտալիան ներկայացնող վրացի Նիկոլոզ Կաքելաշվիլու հետ: Հաղթանակի դեպքում գյումրեցի ըմբիշը 1/8 եզրափակիչում կհանդիպի Ֆելիքս Բալդաուֆ (Նորվեգիա) – Դանիել Գաստլ (Ավստրիա) զույգի հաղթողի հետ: 

Նախօրեին պայքարի մեջ մտած եւ հաղթանակով մեկնարկելուց հետո 1/8 եզրափակիչում պարտություն կրած Արթուր Շահինյանը (87 կգ) հնարավորություն էր ստացել պայքարել բրոնզե մեդալի համար, քանի որ նրան հաղթած Ռիո-2016 օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի 2015թ. չեմպիոն, ուկրաինացի Ժան Բելենյուկը նվաճել է եզրափակիչի ուղեգիր։ Հոկտեմբերի 27-ին Շահինյանն առաջին սփոփիչ գոտեմարտում ժամանակից շուտ 9։0 հաշվով հաղթեց լիտվացի Էիվիդաս Ստանկեւիչուսին։ Երկրորդ սփոփիչ գոտեմարտում հայ ըմբիշի մրցակիցը կլինի իրանցի Հուեսյն Ահմեդ Նուրին։ Հաղթանակի դեպքում Շահինյանը բրոնզե մեդալը կվիճարկի ադրբեջանցի Իսլամ Աբասովի հետ։

Հիշեցնենք, որ Բուդապեշտում Հայաստանի թիմի առաջին մեդալը նախօրեին նվաճել էր 2017թ. աշխարհի ու 2018թ. Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը (82 կգ), որը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 4:1 հաշվով հաղթել էր Ռիո-2016 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 2011թ. աշխարհի չեմպիոն, իրանցի Սաիդ Աբդվալիին: Հոկտեմբերի 26-ին բրոնզե մեդալի համար գոտեմարտ էր անցկացրել նաեւ Նորայր Հախոյանը (55 կգ), որը 0:4 հաշվով պարտվեց թուրք Էրկեմ Օզտուրկին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում