14:09  ,  22 հոկտեմբերի, 2018

ԱԱ-2018. Միհրան Ջաբուրյանը լքեց պայքարը

Հայաստանի ներկայացուցիչ Միհրան Ջաբուրյանը (57 կգ) դուրս մնաց պայքարից Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում:

Նախօրեին պայքարի մեջ մտած ու մեկնարկային փուլում պարտություն կրած Ջաբուրյանը հնարավորություն էր ստացել պայքարել բրոնզե մեդալի համար: Ջաբուրյանին 10:0 հաշվով հաղթած ռուսաստանցի Զավուր Ուգուեւը դուրս է եկել եզրափակիչ: Առաջին սփոփիչ գոտեմարտում հայ ըմբիշը հանդիպեց կուբացի Անդրեու Օրտեգայի հետ եւ պարտվեց 3:6 հաշվով:

Հոկտեմբերի 22-ին պայքարի մեջ է մտել նաեւ 2013թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը, որը 70 կգ քաշային կարգում պայքարը սկսեց որակավորման փուլից՝ 4:1 հաշվով հաղթելով հունգարացի Նորբերտ Լուկաշին: Սաֆարյանի հաջորդ մրցակիցը կլինի Իսրայելի ներկայացուցիչ Էրմաչ Հասանովը:

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Գեորգի Կետոեւը (97 կգ) որակավորման փուլում պարտվել էր ղազախ Մամեդ Իբրագիմովին (2:2) եւ չկարողացավ դուրս գալ 1/8 եզրափակիչ: Եթե ղազախ ըմբիշը հասնի եզրափակիչ, Կետոեւը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար:

Հիշեցնենք, որ Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում հանդես էին եկել նաեւ Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ), Վալտեր Մարգարյանը  (74 կգ) եւ Գրիգոր Գրիգորյանը (79 կգ), որոնք մեդալ չէին նվաճել: Գրիգորյանը 2 հաղթանակներից հետո պարտություն էր կրել քառորդ եզրափակիչում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում