16:06  ,  25 մայիսի, 2018

ԱԱ-2018-ի մասնակիցները. Ավստրալիայի հավաքական (ֆոտո)

Շարունակում ենք ներկայացնել Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին: 32 մասնակիցներից 12-րդը Ավստրալիայի հավաքականն է։

Ավստրալիան աշխարհի առաջնություններին մասնակցել է 4 անգամ՝ նորամուտը նշելով 1974 թվականին: «Մունդիալներում» թիմը լավագույն արդյունքը գրանցել է ԱԱ-2006-ում, որտեղ հասել է մինչեւ 1/8 եզրափակիչ եւ պարտվել այդ տարվա չեմպիոն իտալացիներին:

ԱԱ-2018-ի ընտրական մրցաշարում ավստրալացիները նախ հաղթեցին որակավորման առաջին փուլի B խմբում (Ավստրալիա, Հորդանան, Ղրղզստան, Տաջիկստան, Բանգլադեշ), իսկ հետո խմբում (Ճապոնիա, Սաուդյան Արաբիա, Ավստրալիա, ԱՄԷ, Իրաք, Թաիլանդ) երրորդ տեղը գրավեցին երկրորդ փուլում եւ նվաճեցին անցումային խաղերի ուղեգիր: Աշխարհի առաջնության ուղեգրի համար անցումային փուլում Ավստրալիան 2 խաղերի արդյունքում ուժեղ գտնվեց Հոնդուրասի հավաքականից (0:0, 3:1):

ԱԱ-2018-ի խմբային փուլում Ավստրալիան ընդգրկված է C խմբում, որտեղ ուժերը չափելու է Ֆրանսիայի (հունիսի 16, Կազան), Դանիայի (հունիսի 21, Սամարա) եւ Պերուի (հունիսի 26, Սոչի) հավաքականների հետ: Մասնագետների կարծիքով՝ խմբի ընդգծված ֆավորիտն է Ֆրանսիայի հավաքականը, իսկ մյուս 3 թիմերը կպայքարեն երկրորդ ուղեգրի համար:

Մարզչական փոփոխությունն ԱԱ-2018-ից առաջ

Ավստրալիայի հավաքականն աշխարհի առաջնության ուղեգիր նվաճեց Անգելոս Պոստեկոլուի գլխավորությամբ, սակայն ԱԱ-2018-ի ընտրական մրցաշարի վերջում ավստրալացի մասնագետը հեռացավ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարի հետ կոնֆլիկտի պատճառով:

Նրան փոխարինեց հոլանդացի մասնագետ Բերտ վան Մարվեյկը, որի գլխավորությամբ Սաուդյան Արաբիայի հավաքականը նվաճել էր ԱԱ-2018-ի ուղեգիր, ինչից հետո նա չերկարաձգեց պայմանագիրը եւ հեռացավ թիմից: 66-ամյա Վան Մարվեյկը 2008-2012-ը աշխատել է նաեւ Հոլանդիայի ազգային հավաքականում, որի գլխավոր մարզիչի պաշտոնը լքեց Եվրո-2012-ում ձախողումից հետո:

Հատկանշական է, որ Անգելոս Պեստեկոլուի գլխավորությամբ Ավստրալիայի հավաքականը խաղում էր 3-4-2-1 տակտիկական դասավորությամբ, իսկ Բերտ վան Մարվեյկի թիմերը երբեք չեն խաղում 3 կենտրոնական պաշտպաններով սխեմայով: Հոլանդացին նախընտրում է 4-2-3-1 սխեման, որով, հավանաբար, Ռուսաստանում կխաղան ավստրալացիները:

Գլխավոր աստղն ու վետերանը

Անգլիական «Էվերտոնի» նախկին հարձակվող Թիմ Կեհիլն Ավստրալիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է 50 գոլով: Նույնիսկ 38 տարեկանում նա շարունակում է մնալ ավստրալացիների հարձակման գծի առաջատարը: Կեհիլը գոլ է խփել աշխարհի 3 առաջնություններում: ԱԱ-2018-ի ընտրական փուլում ավստրալացիների հաջողությունը հնարավոր չէր լինի առանց Կեհիլի գոլերի: 2012-ին հեռանալով «Էվերտոնից»՝ հարձակվողը խաղաց ԱՄՆ-ում, Չինաստանում ու Ավստրալիայում, իսկ այս տարվա հունվարին վերադարձավ անգլիական «Միլուոլ», որը եղել է նրա առաջին պրոֆեսիոնալ ակումբը:

Թիմի նախնական հայտացուցակն ԱԱ-2018-ում

 

Բուքմեյքերների կարծիքը

Ավստրալիայի հավաքականի չեմպիոնության գործակիցը 300 է: Թիմի՝ 1/8 եզրափակիչ դուրս գալու համար սահմանվել է 4 գործակից:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը: Խմբային փուլի վիճակահանությունը կայացել էր դեկտեմբերի 1-ին Մոսկվայում։

ԱԱ-2018-ի մասնակիցները.

ՃապոնիաՊերուԵգիպտոսՇվեդիաՄեքսիկաԹունիսԻրանՊանամաՄարոկկո, Սաուդյան ԱրաբիաԿոստա Ռիկա 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով