19:47  ,  3 հունիսի, 2024

Միրանյանն ու Պետրակովը՝ Սլովենիայի դեմ առաջիկա խաղի մասին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ուկրաինացի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը եւ թիմի հարձակվող Արթուր Միրանյանը Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում տեղի ունեցած նախախաղային ասուլիսում խոսել են առաջիկա մրցակցի եւ հանդիպման մասին։

«Վերլուծել ենք մրցակցին։ Ուժեղ թիմ է, որն ունի ուժեղ եւ թույլ կողմեր։ Վաղը կփորձենք օգտագործել նրանց թույլ կողմերը»,- ասել է Արթուր Միրանյանը։

«Դիտել եմ Սլովենիայի մասնակցությամբ հանդիպումներ, հավանեցի թիմը, մարզիչը վաղուց է աշխատում այս թիմի հետ։ Այն արժանիորեն դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ։ Լավ հավաք ենք անկացրել, տղաների նկատմամբ ոչ մի կշտամբանք չունեմ։ Կատարել ենք աշխատանքը։ Ակնկալում ենք ցուցադրել լավ ֆուտբոլ։

Ստուգողական խաղ է, որը հնարավորություն կտա տեսնել ֆուտբոլիստներին, նրանց պատրաստականությունը Ազգերի լիգայի սեպտեմբերյան խաղերից առաջ»,- նշել է Ալեքսանդր Պետրակովը։

Հայաստանի հավաքականը հունիսի 4-ին ընկերական հանդիպում կանցկացնի Սլովենիայի թիմի հետ, որը պատրաստվում է Եվրո-2024-ին։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով