17:23  ,  20 մայիսի, 2024

Վարդան Մինասյան․ Այն, ինչ եղավ Հայաստանի գավաթի պարգեւատրման ժամանակ, իմ անձնական դիրքորոշումն է

Այն, ինչ եղավ Հայաստանի գավաթի պարգեւատրման արարողության ժամանակ, իմ անձնական դիրքորոշումն է, եւ ես այն չեմ փոխում: Իմ քայլով նոր բան չեմ ասել, իմ կարծիքն ու դիրքորոշումը հայտնել էի նաեւ ՀՖՖ նախագահի ընտրությունների ժամանակ, երբ թեկնածու էր նաեւ Արաս Օզբիլիզը: Ինձ մի քանի խաղ զրկել են տեխնիկական գոտում լինելու հնարավորությունից, բայց դա ոչ մի ազդեցություն չունի իմ դիրքորոշման վրա:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ, Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

Հայաստանի գավաթիր դառնալուց հետո պարգեւատրման արարողության ժամանակ Վարդան Մինասյանը եւ Արթուր Մկրտչյանը հրաժարվեցին ստանալ իրենց մեդալները, նաեւ չսեղմեցին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի ձեռքը: Այս միջադեպը մեծ արձագանք ունեցավ մամուլում:

«Ակումբը պաշտոնապես գրություն է ուղարկել է ֆեդերացիային, քանի որ պետք է բացատրություն տար, թե ինչու է այդպես եղել: Այնտեղ գրված է, որ ակումբը առանձին է, այսինքն՝ գործնական միշտ շատ լավ հարաբերությունների ունի ֆեդերացիայի հետ, ինչպես ցանկացած ակումբ՝ չհաշված «Փյունիկը»: Այստեղ ոչ մի խնդիր չկա: Սա զուտ իմ անձնական դիրքորոշումն է: Եվ ես մնում եմ իմ արած քայլին հավատարիմ, իմ դիրքորոշմանը: Ես որոշել եմ այդպես անել եւ իմ կարծիքը չի փոխվել այդ հարցում: Գիտեմ, որ 3-4 խաղ ինձ զրկել են տեխնիկական գոտում լինելու հնարավորությունից, բայց դա իմ որոշման, դիրքորոշման վրա որեւէ ազդեցություն չունի: Ես շարունակում եմ մնալ իմ կարծիքին»,- ասաց Վարդան Մինասյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 23-ին տեղի ունեցած ՀՖՖ նախագահի ընտրությունում Վարդան Մինասյանն աջակցում էր Հայաստանի հավաքականի նախկին խաղացող, նախագահի թեկնածու Արաս Օզբիլիզին: 

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում