10:33  ,  6 նոյեմբերի, 2012

Դավիթ Գրաֆ. Մենամարտից հետո մի քանի կար դրեցին ունքիս

Ես միշտ ինքնավստահ եմ, քանի որ միշտ լավ մարզավիճակում եմ լինում: Մինչեւ մենամարտը մենք երկարատեւ մարզումներ ենք անցկացնում: Ինչպես մյուս բոլոր իմ մենամարտերում, այս դեպքում էլ հենց սկզբից ինձ ռինգի տիրակալ էի զգում: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշեց Դավիթ Գրաֆը:

Նոյեմբերի 3-ին Գերմանիայի Հալե Ուեստֆալեն քաղաքի «Գերրի Ուեբեր» մարզապալատում կայացած մենամատում ծանրքաշային բռնցքամատիկ, գերմանական «Զաուերլանդ» ակումբի սան Դավիթ Գրաֆը (Վահագն Սահակյան) իր 9-րդ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում` միավորներով առավելության հասնելով  ֆրանսիացի Բլանշաղ Կալամբայի նկատմամբ:

Դավիթ, շնորհավորում եմ քեզ 9-րդ հաղթանակի կապակցությամբ: Ի՞նչ զգացողություններ ունես:

Շնորհակալ եմ: Երջանիկ եմ, որ մենամարտը հաղթել եմ: Դեռեւս չեմ հասկանում՝ ինչ եմ զգում, շատ կարճ ժամանակ է անցել, բայց երջանիկ եմ:

Սա քո 9-րդ մենամարտն էր: Մրցակցի մասին ի՞նչ կասես: Դժվա՞ր տրվեց քեզ այս հաղթանակը:

Իրականում մենամարտն էր դժվար: Ֆրանսիացի բռնցքամարտիկը շատ անհարմար մրցակից էր: Նրա հարվածները անհարմար եւ անկանխատեսելի տեղերից էին լինում: Չէի կարողանում հասկանալ` որ հարվածին ինչ հարված կհաջորդի եւ որ կողմից: Նա այդպես գլխով բավական ուժգին հարված հասցրեց ունքիս եւ ես ունքի պատռվածք ստացա: Մենամարտից հետո մի քանի կար դրեցին ունքիս. լուրջ վնասվածք էր, բայց դա ինձ չխանգարեց շարունակել մենամարտը: Մրցակիցս ուժեղ էր, ամուր: Իմ կողմից շատ ուժեղ հարվածներ ստացավ, բայց դիմացավ:

Մենամարտի նախօրեին, կշռման պաշտոնական արարողությունից հետո հայտարարեցիր, որ մրցակիցդ վախից  չէր կարողանում նույնիսկ նայել քո աչքերին:

Այո, այդպես էր: Այդ վախը տեսա նրա աչքերում եւ համոզվեցի, երբ նա չնայեց իմ աչքերին: Բռնցքամարտում մենամարտը սկսվում է կշռման պաշտոնական արարողությունից: Այստեղ կարեւոր է, թե ինչպես ես քեզ ներկայացնում, ինքնավստահությունդ, ուժերիդ հանդեպ հավատը: Կշռման արարողության ժամանակ մրցակիցներից  յուրաքանչյուրը փորձում է ցույց տալ, որ ռինգում տիրակալն ինքն է լինելու:

Կարո՞ղ ենք համարել, որ այդ ինքնավստահությունն է քեզ հաղթանակ բերում: Քեզ ռինգի տիրակալ զգո՞ւմ էիր այդ մենամարտում:

Ես այդ ինքնավստահությունը միշտ ունեմ, քանի որ միշտ լավ մարզավիճակում եմ լինում: Մինչեւ մենամարտը մենք երկարատեւ մարզումներ ենք անցկացնում, լավ պատրաստվում ենք, ոչ մի բացթողում չի լինում: Ինչպես մյուս բոլոր իմ մենամարտերում, այս դեպքում էլ հենց սկզբից ինձ ռինգի տիրակալ էի զգում:

Դու հայտնի ես քո արագ մենամարտերով: Որքա՞ն տեւեց այս մենամարտը:

Սա իմ առաջին ութ ռաունդանոց մենամարտն էր: Ութ ռաունդ ես անցկացրի մենամարտը մինչեւ վերջ: Չեմ կարող ասել` որքան տեւեց, բայց առաջին անգամ ես ութ ռաունդ մինչեւ վերջ տարել եմ մենամարտը: Նոկաուտով չեմ հաղթել, պայքարել եմ մինչեւ վերջ:

Դավիթ, քո հաջողության գաղտնիքը ո՞րն է: Ինչպե՞ս ես հաջողացնում այդքան արագ տապալել մրցակիցներին:

Չեմ կարող ասել: Լավ մարզումներից ու պատրաստվելուց հետո բնական է, որ հաջողությամբ պետք է ավարտեմ մենամարտը: Այստեղ գաղտնիք չկա: Ամեն ինչ կախված է լավ մարզումներից:

Դու կամ մրցակիցդ շա՞տ վնասվածքներ ստացաք:

Ոչ: Միայն ունքի պատռվածքը ես ստացա: Իսկ նա ոչ մի վնասվածք չստացավ:

Դավիթ, երբ դուրս ես գալիս ռինգ, ի՞նչ ես զգում, ինչի մասին ես մտածում: Երկրպագուներիդ նկատո՞ւմ ես:

Ոչնչի մասին չեմ մտածում: Միայն հաղթանակի եւ գեղեցիկ մենամարտ ցուցադրելու մասին եմ մտածում: Այդ պահին իմ ականջներին հասնում է միայն եղբորս՝ Ժիրայրի ձայնը: Դա լիովին բավական է եւ ես ոչնչի մասին չեմ մտածում:

Ո՞ւմ ես նվիրում հաղթանակդ:

Իմ երկրպագուներին:

Իսկ քո կյանքի ուղեկցին արդեն գտե՞լ ես:

Դեռ ոչ: Անձնական կյանքում փոփոխություններ չկան: Ամեն ինչ նույն է:

Զրուցեց Լուսինե Շահբազյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով