18:02  ,  3 հունիսի, 2024

Դավիթ Չալոյանը՝ Բանգկոկից․ Անչափ ուրախ եմ, որ կարողացա իմ նպատակն իրականացնել

Երբ հասկացա օլիմպիական ուղեգիր եմ նվաճել, ուրախությունից աչքերս լցվեցին ռինգում: Անբացատրելի է, անչափ ուրախ եմ, որ կարողացա իմ նպատակն իրականացնել Թաիլանդում:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Թաիլանդից ասաց բռնցքամարտի աշխարհի փոխչեմպիոն, Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Դավիթ Չալոյանը:

Բանգկոկում անցկացված բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում հունիսի 2-ին Դավիթ Չալոյանը նվաճեց Փարիզ-2024-ի ուղեգիր:  +92 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը 3:2 հաշվով առավելության հասավ իռլանդացի Մարտին Մաքդոնագի նկատմամբ: Չալոյանը կլինի Հայաստանի միակ ներկայացուցիչը բռցքամարտի օլիմպիական մրցաշարում։

Դավիթ, շնորհավորում եմ օլիմպիական ուղեգիր նվաճելու կապակցությամբ: Ինչպե՞ս տրվեց ուղեգիրը:

Շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Շատ բարդ մրցաշար էր: Այստեղ մեր վերջին հնարավորությունն էր, այս առումով դժվար էր, պատասխանատվությունն էր մեծ: Ընդհանուր առմամբ, աշխարհի առաջնության մասշտաբով բարդ մրցում էր: Իսկապես՝ աշխարհի առաջնությունից բարդ ու լարված մրցաշար էր: Օրինակ՝ աշխարհի առաջնությունում այդքան էլ փորձ չունեի, բայց այստեղ փորձս ավելի մեծ էր: Կարողացա պատվով դուրս գալ:

Օլիմպիական ուղեգրի ճանապարհին երեք մենամարտ անցկացրիր: Ո՞րը կառանձնացնես:

Ծանր ու դժվար մենամարտ էր երկրորդը, որտեղ մրցում էի իրանցի բռնցքամարտիկի հետ: 1/8 եզրափակիչում 5։0 հաշվով հաղթեցի Ռուզբե Սաֆարիին։ Կառանձնացնեմ նաեւ քառորդ եզրափակիչը: Իռնալդացի Մարտին Մաքդոնագը շատ անհարմար մրցակից էր: Այստեղ էլ խելացի եւ գրագետ մենամարտելու արդյունքում հաղթեցի:

Ի՞նչ զգացողություններ ունեցար ձեռքդ բարձրացնելուց հետո:

Ուրախությունից աչքերս լցվեցին ռինգում, երբ հասկացա՝ ուղեգիր նվաճեցի: Անբացատրելի է, շատ ուրախ եմ: Աշխարհի առաջնությունում երբ դարձա փոխչեմպիոն, ինձ համար շատ անսպասելի էր: Այստեղ եկել էի միայն մեկ նպատակով՝ նվաճել ուղեգիր:

Ուղեգիր նվաճելու բարդ փուլը հաղթահարելուն հաջորդում է առավել բարդ՝ նախապատրաստական փուլը: Պատրա՞ստ ես:

Հայաստան վերադառնալուն պես մի քանի օր կհանգստանամ, կվերականգնվեմ եւ արդեն կսկսենք պատրաստվել Օլիմպիական խաղերին: Քիչ ժամանակ ունեմ, բայց հոգեպես պատրաստ եմ մեծ աշխատանքին եւ գլխավոր իրադարձությանը: Պատասխանատվությունը շատ մեծ է, քանի որ միակ ներկայացուցիչն եմ լինելու բռնցքամարտի մրցաշարում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով