10:33 6 նոյեմբերի, 2012Ես միշտ ինքնավստահ եմ, քանի որ միշտ լավ մարզավիճակում եմ լինում: Մինչեւ մենամարտը մենք երկարատեւ մարզումներ ենք անցկացնում: Ինչպես մյուս բոլոր իմ մենամարտերում, այս դեպքում էլ հենց սկզբից ինձ ռինգի տիրակալ էի զգում: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշեց Դավիթ Գրաֆը:
Նոյեմբերի 3-ին Գերմանիայի Հալե Ուեստֆալեն քաղաքի «Գերրի Ուեբեր» մարզապալատում կայացած մենամատում ծանրքաշային բռնցքամատիկ, գերմանական «Զաուերլանդ» ակումբի սան Դավիթ Գրաֆը (Վահագն Սահակյան) իր 9-րդ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում` միավորներով առավելության հասնելով ֆրանսիացի Բլանշաղ Կալամբայի նկատմամբ:
Դավիթ, շնորհավորում եմ քեզ 9-րդ հաղթանակի կապակցությամբ: Ի՞նչ զգացողություններ ունես:
Շնորհակալ եմ: Երջանիկ եմ, որ մենամարտը հաղթել եմ: Դեռեւս չեմ հասկանում՝ ինչ եմ զգում, շատ կարճ ժամանակ է անցել, բայց երջանիկ եմ:
Սա քո 9-րդ մենամարտն էր: Մրցակցի մասին ի՞նչ կասես: Դժվա՞ր տրվեց քեզ այս հաղթանակը:
Իրականում մենամարտն էր դժվար: Ֆրանսիացի բռնցքամարտիկը շատ անհարմար մրցակից էր: Նրա հարվածները անհարմար եւ անկանխատեսելի տեղերից էին լինում: Չէի կարողանում հասկանալ` որ հարվածին ինչ հարված կհաջորդի եւ որ կողմից: Նա այդպես գլխով բավական ուժգին հարված հասցրեց ունքիս եւ ես ունքի պատռվածք ստացա: Մենամարտից հետո մի քանի կար դրեցին ունքիս. լուրջ վնասվածք էր, բայց դա ինձ չխանգարեց շարունակել մենամարտը: Մրցակիցս ուժեղ էր, ամուր: Իմ կողմից շատ ուժեղ հարվածներ ստացավ, բայց դիմացավ:
Մենամարտի նախօրեին, կշռման պաշտոնական արարողությունից հետո հայտարարեցիր, որ մրցակիցդ վախից չէր կարողանում նույնիսկ նայել քո աչքերին:
Այո, այդպես էր: Այդ վախը տեսա նրա աչքերում եւ համոզվեցի, երբ նա չնայեց իմ աչքերին: Բռնցքամարտում մենամարտը սկսվում է կշռման պաշտոնական արարողությունից: Այստեղ կարեւոր է, թե ինչպես ես քեզ ներկայացնում, ինքնավստահությունդ, ուժերիդ հանդեպ հավատը: Կշռման արարողության ժամանակ մրցակիցներից յուրաքանչյուրը փորձում է ցույց տալ, որ ռինգում տիրակալն ինքն է լինելու:
Կարո՞ղ ենք համարել, որ այդ ինքնավստահությունն է քեզ հաղթանակ բերում: Քեզ ռինգի տիրակալ զգո՞ւմ էիր այդ մենամարտում:
Ես այդ ինքնավստահությունը միշտ ունեմ, քանի որ միշտ լավ մարզավիճակում եմ լինում: Մինչեւ մենամարտը մենք երկարատեւ մարզումներ ենք անցկացնում, լավ պատրաստվում ենք, ոչ մի բացթողում չի լինում: Ինչպես մյուս բոլոր իմ մենամարտերում, այս դեպքում էլ հենց սկզբից ինձ ռինգի տիրակալ էի զգում:
Դու հայտնի ես քո արագ մենամարտերով: Որքա՞ն տեւեց այս մենամարտը:
Սա իմ առաջին ութ ռաունդանոց մենամարտն էր: Ութ ռաունդ ես անցկացրի մենամարտը մինչեւ վերջ: Չեմ կարող ասել` որքան տեւեց, բայց առաջին անգամ ես ութ ռաունդ մինչեւ վերջ տարել եմ մենամարտը: Նոկաուտով չեմ հաղթել, պայքարել եմ մինչեւ վերջ:
Դավիթ, քո հաջողության գաղտնիքը ո՞րն է: Ինչպե՞ս ես հաջողացնում այդքան արագ տապալել մրցակիցներին:
Չեմ կարող ասել: Լավ մարզումներից ու պատրաստվելուց հետո բնական է, որ հաջողությամբ պետք է ավարտեմ մենամարտը: Այստեղ գաղտնիք չկա: Ամեն ինչ կախված է լավ մարզումներից:
Դու կամ մրցակիցդ շա՞տ վնասվածքներ ստացաք:
Ոչ: Միայն ունքի պատռվածքը ես ստացա: Իսկ նա ոչ մի վնասվածք չստացավ:
Դավիթ, երբ դուրս ես գալիս ռինգ, ի՞նչ ես զգում, ինչի մասին ես մտածում: Երկրպագուներիդ նկատո՞ւմ ես:
Ոչնչի մասին չեմ մտածում: Միայն հաղթանակի եւ գեղեցիկ մենամարտ ցուցադրելու մասին եմ մտածում: Այդ պահին իմ ականջներին հասնում է միայն եղբորս՝ Ժիրայրի ձայնը: Դա լիովին բավական է եւ ես ոչնչի մասին չեմ մտածում:
Ո՞ւմ ես նվիրում հաղթանակդ:
Իմ երկրպագուներին:
Իսկ քո կյանքի ուղեկցին արդեն գտե՞լ ես:
Դեռ ոչ: Անձնական կյանքում փոփոխություններ չկան: Ամեն ինչ նույն է:
Զրուցեց Լուսինե Շահբազյանը
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.