09:10  ,  5 օգոստոսի, 2020

Թովմաս Գրիգորյան. «Լոռիում» գլոբալ փոփոխություններ են սպասվում

«Լոռիում» գլոբալ փոփոխություններ են սպասվում: Առաջատար ֆուտբոլիստները կտեղափոխվեն այլ ակումբներ, իսկ մենք նոր թիմ կհավաքենք: Այդ մասին NEWS.am Sportթղթակցի հետ զրույցում հայտնեց Վանաձորի «Լոռիի» նախագահ Թովմաս Գրիգորյանը, որը խոսեց թիմում մարզչական փոփոխության, Հայաստանում լեգեոնականների սահմանափակման ու առաջիկա ծրագրերի մասին:

Պարոն Գրիգորյան, վերջերս Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփեց Հայաստանի՝ 2019/2020 մրցաշրջանի լավագույն մարզիչ ու լավագույն ֆուտբոլիստ անվանակարգում քվեարկության արդյունքները: Ինչո՞ւ «Լոռին» չի մասնակցել քվեարկությանը:

Ես վստահ չեմ, որ չենք մասնակցել, քանի որ ինձ նույնիսկ ասել են, թե ում են ընտրել: Որքանով տեղյակ եմ, մեր մարզիչն ու թիմի ավագը մասնակցել են քվեարկությանը: Հնարավոր է, որ տեխնիկական խոտան է եղել:

Իսկ դուք ո՞ւմ եք համարում այս մրցաշրջանի Հայաստանի լավագույն մարզիչ:

Կարող եմ ասել, որ ընտրված մարզիչն իմ սրտով է, քանի որ ամենալավը հենց նա աշխատեց այս մրցաշրջանում:

Արմեն Սանամյանի հեռանալուց հետո թիմի գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր է: Արդեն կողմնորոշվե՞լ եք նոր գլխավոր մարզիչի հարցում:

Այո, մենք արտասահմանից մարզիչ ենք հրավիրել: Նա արդեն ժամանել է Հայաստան: Որոշակի քննարկումներից հետո կհայտարարենք թիմի նոր գլխավոր մարզիչի անունը: Նա ժամանել է Իսրայելից

Ինչո՞վ էր պայմանավորված Աբրահամ Խաշմանյանի հեռանալը թիմից:

Արդյունքը չկատարելու համար նրանք բոլորը հրաժարական են տվել՝ սկսած ակումբի տնօրենից:

Նոր մրցաշրջանում ի՞նչ խնդիրներ են դրվելու ակումբի առջև: Գլոբալ փոփոխություններ լինելո՞ւ են:

Այո, շատ գլոբալ փոփոխություններ են լինելու թիմում: Առաջատար ֆուտբոլիստները կտեղափոխվեն այլ ակումբներ, իսկ մենք նոր թիմ կհավաքենք: Թիմի նպատակը մեկն է՝ պայքարել ամենաբարձր տեղերի ու եվրագավաթների ուղեգիր նվաճելու համար:

Նոր թիմ ձևավորելիս շեշտը դրվելու է տեղացի՞ խաղացողների վրա, թե՞ լեգեոնականների:

Տեղացի ֆուտբոլիստների շրջանում էլ կունենանք համալրումներ: Միանշանակ, թիմին կմիանան նաև որակյալ լեգեոնականներ: Եթե ամեն բան նորմալ լինի, շուտով պայմանագիր կկնքենք նոր մարզիչի հետ և նա ընտրություն կկատարի: Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված դժվարությունների պատճառով օգոստոսի 5-ին թիմն առաջին անգամ կհավաքվի:

Վերջերս ՀՖՖ-ն ընդունեց լեգեոնականների սահմանափակման մասին որոշում: Ըստ Ձեզ՝ այդ սահմանափակումներն արդյունավետ կլինե՞ն և օգուտ կտան հայկական ֆուտբոլին:

Ավելի խիստ սահմանափակումները կարող էր ցնցումներ առաջացնել թիմերում, որոնք երկարաժամկետ պայմանագրեր ունեն արտասահմանցի խաղացողների հետ: Այդ պատճառով կարծում եմ, որ այդ քայլին աստիճանաբար գնալը ճիշտ է: Պետք է հաշվի առնենք նաև այստեղի ռեսուրսները, թե ինչ քանակի ու որակի հայ ֆուտբոլիստներ ունենք, ու արդյոք նրանք կարող են լուծել մարզական մեծ խնդիրներ: Այդ ամենին պետք է շատ զգույշ մոտենալ: Կարծում եմ, որ այս պահին այդ սահմանափակումները նորմալ են ու տեղին:

Կորոնավիրուսի համավարակը մեծ վնաս հասցրեց ակումբներին: «Լոռին» կարողացա՞վ հաղթահարել այդ ճգնաժամը, այժմ ակումբը ֆինանսական խնդիրներ ունի:

Կորոնավիրուսը վնասեց բոլոր ակումբներին, բայց ամենաշատը տուժեց «Լոռին», քանի որ մեր մարզիչն ու 8 ֆուտբոլիստներ չկարողացան վերադառնալ: Ինքներդ տեսաք, թե առաջին տեղից ուր նահանջեցինք: Մեր ակումբն ամենաշատը տուժեց թե՛ մարզական, թե՛ ֆինանսական առումով, քանի որ «Լոռին» մեկն է այն բացառիկ ակումբներից, որը ֆինանսավորվում է տեղական ռեսուրսներով: Գաղտնի չէ, որ Հայաստանի ակումբների 80-90 տոկոսը ֆինանսավորվում է դրսի աղբյուրներից:

Այսինքն՝ մրցաշրջանի վերջնամասում անհաջող ելույթները կապում եք հենց կորոնավիրուսի հետ:

Այո, մեր թիմի 17 ֆուտբոլիստների թեստերի պատասխանները դրական էին: Օրինակ՝ «Ալաշկերտի» հետ խաղում խաղադաշտում գտնվող 8 ֆուտբոլիստներ հանդես էին եկել կորոնավիրուսով վարակված: Այդ վարակն ազդում է իմունիտետի վրա, իսկ ֆուտբոլում անչափ կարևոր է ֆիզիկական վիճակը:

Կորոնավիրուսով պայմանավորված դադարի ընթացքում «Լոռիում» տեղի ունեցավ մարզչական փոփոխություն: Ակումբը հայտնել էր, որ Դավիդ Կամպանյան կորոնավիրուսի պատճառով չի կարողանում վերադառնալ Հայաստան, սակայն ավելի ուշ մարզիչը նշել էր, որ իր հետ կապ չեն հաստատել: Վերջապես, ի՞նչ էր տեղի ունեցել այդ ժամանակ:

Ես ամենօրյա կապի մեջ եմ եղել մարզիչի հետ, պարզապես չէր ստացվում նրան վերադարձնել Հայաստան: Եթե նա վերադառնար այդ օրերին, ապա պետք է գտնվեր ինքնամեկուսացման մեջ, իսկ առաջնության վերջնամասը ստացվեց շատ կարճ: Մենք հաշվարկեցինք և հասկացանք, որ լավագույն դեպքում նա կարող է թիմի հետ լինել միայն եզրափակիչ հատվածի 10 տուրերի վերջին 3 խաղերում: Այդ պատճառով մենք նպատակահարմար գտանք չդիմել այդպիսի քայլի:

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով