22:20  ,  14 հոկտեմբերի, 2014

Բեռնար Շալանդ. Խաղի արդյունքից զարմացած չեմ

Արտյոմ Սիմոնյանի խաղից գոհ եմ: Նա դեռ շատ բան ունի ապացուցելու բարձր մակարդակում, բայց այսօր կարողացավ իրեն լավ դրսեւորել եւ ցուցադրել գրագետ ֆուտբոլ: 

Այս մասին երեւանյան ընկերական խաղում ֆրանսիացիներից կրած պարտությունից հետո ասուլիսում նշեց ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը։

«Նախախաղային ասուլիսում նշել էի, որ մեզ շատ դժվար հանդիպում է սպասվում: Խաղի արդյունքից զարմացած չեմ, մեր ցուցադրած խաղի դեմ խոսք չունեմ ասելու տղաներին: Հպարտ եմ թիմի ցուցադրած խաղով: Մեր տղաները ցուցադրեցին լավ խաղ, նույնիսկ մի քանի գոլային պահ ունեցան: Այնպես որ չեմ դժգոհի մեր տղաների խաղից: Ես արդեն նշել էի, որ խաղալու ենք աշխարհի ուժեղագույն թիմերից մեկի դեմ:

Հիմնական դասը, որ ես քաղեցի այս երկու խաղերից, պաշտանությունում միասնական խաղ ցուցադրելն էր: Մենք հարձակման գծում ավելի լավ հնարավորություններ կունենանք, երբ մեզ միանան հիմնական կազմի խաղացողները, իսկ այժմ մեզ պետք է հստակեցնել խաղը պաշտպանությունում: Ես հասկացա, որ պաշտպանությունում մեր տղաները կարողանում են միասնական խաղ ցուցադրել:

Արտյոմ Սիմոնյանի խաղից գոհ եմ: Պաշտպանական գործողությունները եւ ընդհանուր նրա ցուցադրած խաղը տեխնիկապես շատ գրագետ էր: Արտյոմը շարունակում է հանդես գալ «Զենիթում» եւ դեռ շատ բան ունի ապացուցելու բարձր մակարդակում, բայց այսօր նա կարողացավ իրեն լավ դրսեւորել եւ ցուցարել գրագետ ֆուտբոլ:

Ինչ վերաբերում է Հովհաննես Համբարձումյանին, ես ունեի այլ խաղացողներ, որոնք կարող էին թարմացնել հարձակման գիծը, բայց կարեւոր էր նաեւ փակել աջ եզրը, որտեղից ֆրանսիացիներն ավելի շատ էին գրոհում: Հովհաննես Համբարձումյանը որոշակի առումով հարձակողական ոճի խաղացող է»,- նշեց Բեռնար Շալանդը:

Հիշեցնենք, որ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում Ֆրանսիայի հավաքականը խփեց 3 անպատասխան գոլ: Մեկական անգամ աչքի ընկան Լոնդոնի «Չելսիի» նորեկ Լոիկ Ռեմին, «Մարսելի» հարձակվող Անդրե-Պյեր Ժինյակը եւ Մադրիդի «Աթլետիկոյի» կիսապաշտպան Անտուան Գրիզմանը: Այդ խաղում Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմում էր ռուսական «Զենիթի» 19-ամյա կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը, ով նորամուտը նշեց ազգային թիմում:

Լուսինե Շահբազյան 

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան / NEWS.am Sport


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում