19:49  ,  3 հոկտեմբերի, 2014

«Բորուսիա» - «Համբուրգ». Կագավայի եւ Կելի մասնակցությունը վտանգված է

«Համբուրգի» դեմ Գերմանիայի առաջնության 7-րդ տուրից առաջ Դորտմունդի «Բորուսիան» դարձյալ կադրային խնդիրներ ունի, գրում է Der Westen-ը։

Վերջերս կազմ վերադարձած Սեբաստիան Կելը դարձյալ վնասվածք է ստացել «Անդերլեխտի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրի խաղում։ Նրա մասնակցությունը «Համբուրգի» դեմ հարցականի տակ է։

Առայժմ հստակ չէ նաեւ Սինձի Կագավայի մասնակցությունը։ Ճապոնացի կիսապաշտպանը «Շալկեի» դեմ նախորդ տուրի խաղում մնաց պահեստայինների նստարանին։

«Հույս ունեմ, որ Կագավան կխաղա «Համբուրգի» դեմ։ Եթե նրա վիճակը թույլ տա, ապա նման սուր կադրային ճգնաժամում բնականաբար Կագավային նստարանին չեմ թողնի»,- ասել է Կլոպը։

Հիշեցնենք, որ վնասվածքների պատճառով «Բորուսիային» չեն կարող օգնել Հենրիխ Մխիթարյանը, Մարկո Ռոյսը, Իլկայ Գյունդոգանը, Նուրի Շահինը, Օլիվեր Կիրխը, Յակուբ Բլաշչիկովսկին։

Հոկտեմբերի 4-ին կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 17։30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում