16:33  ,  3 սեպտեմբերի, 2018

Ունաի Էմերին ու «Արսենալի» մամուլի քարտուղարը` «Ղարաբաղի» դեմ Հենրիխ Մխիթարյանի խաղալու մասին

Լոնդոնի «Արսենալի» մամուլի ծառայությունն անդրադարձել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությանն ադրբեջանական «Ղարաբաղի» դեմ Եվրոպայի լիգայի հանդիպմանը, որը կայանալու է Բաքվում:

«Խաղացողների անվտանգությունը միշտ առաջնային է: Մենք կհետեւենք իրավիճակին եւ այդ հարցով որոշում կկայացնենք ֆուտբոլիստի հետ զրուցելուց հետո»,- «Արսենալի» մամուլի քարտուղարի խոսքը մեջբերում է Daily Mail-ը։

Այդ հարցով խոսել է նաեւ «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին։

«Կցանկանայի, որ Մխիթարյանը լիներ մեզ հետ, սակայն ես այդ հարցով դեռ չեմ զրուցել նրա հետ»,- ասել է իսպանացի մասնագետը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին տեղի էր ունեցել Եվրոպայի լիգայի խմբային փուլի վիճակահանությունը: «Արսենալի» մրցակիցներն են Լիսաբոնի «Սպորտինգը», Ադրբեջանի «Ղարաբաղը» եւ Ուկրաինայի «Վորսկլան», որի կազմում խաղում է Հայաստանի հավաքականի թեկնածու Գեղամ Կադիմյանը։

2015-ին Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում չէր մասնակցել «Գաբալայի» դեմ Ադրբեջանում տեղի ունեցած Եվրոպայի լիգայի խաղին, իսկ Գերմանիայում գրավել էր ադրբեջանական թիմի դարպասը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում