09:12  ,  22 մայիսի, 2018

ԱԱ-2018-ի մասնակիցները. «Մունդիալների» նորեկ Պանամայի հավաքական (ֆոտո)

Շարունակում ենք ներկայացնել Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին: 32 մասնակիցներից 9-րդը Պանամայի հավաքականն է, որը հասել է պատմական հաջողության:

Պանամայի հավաքականը երբեք չի մասնակցել աշխարհի առաջնությունների եզրափակիչ մրցաշարերին:

ԱԱ-2018-ի ընտրական փուլում պանամացիները նախ երկրորդ տեղը գրավեցին B խմբում (Կոստա Ռիկա, Պանամա, Հաիթի, Ջամայկա), իսկ հետո որակավորման վերջին փուլից եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճեցին երրորդ տեղով՝ զիջելով միայն Մեքսիկայի ու Կոստա Ռիկայի հավաքականին: Պանամայի հավաքականը միայն լրացուցիչ ցուցանիշներով գերազանցեց Հոնդուրասին՝ հետ թողնելով նաեւ ամերիկացիներին:

ԱԱ-2018-ի խմբային փուլում Պանամայի հավաքականն ընդգրկված է G խմբում, որտեղ ուժերը կչափի Բելգիայի (հունիսի 18, Սոչի), Անգլիայի (հունիսի 24, Նիժնի Նովգորոդ) եւ Թունիսի (հունիսի 28, Սարանսկ) հետ: Պանաման համարվում է խմբի ընդգծված հետնապահը եւ հաջողության ակնկալիք կարող է ունենալ միայն Թունիսի հավաքականի դեմ վերջին տուրի խաղում: Եվրոպական ֆուտբոլում հազվադեպ կարելի է հանդիպել պանամացի խաղացողների:

Աշխարհի առաջնությունների փորձ ունեցող մարզիչը

2014 թվականից Պանամայի հավաքականը գլխավորում է կոլումբացի մասնագետ Էրնան Գոմեսը, որի համար այս աշխարհի առաջնությունը կլինի երրորդը: 62-ամյա մասնագետը Կոլումբիայի հավաքականի հետ մասնակցել է ԱԱ-1998-ին, իսկ Էկվադորի հավաքականի հետ՝ ԱԱ-2002-ին: 2 դեպքում էլ նրա գլխավորած հավաքականները չեն հաղթահարել խմբային փուլի արգելքը: Մարզչական կարիերայի ընթացքում նա գլխավորել է Կոլումբիայի մի շարք ակումբներ, իսկ 1991-ին «Աթլետիկո Նասիանալի» հետ դարձել է երկրի չեմպիոն:

Էրնան Գոմեսը նախկին ֆուտբոլիստ է, սակայն ծնկի վնասվածքի պատճառով կարիերան ավարտել է 28 տարեկանում:

Թիմի վերջնական հայտացուցակն ԱԱ-2018-ում

Դարպասապահներ Խոսե Կալդերոն («Չորիլո»), Պայմե Պենեդո («Դինամո» Բուխարեստ), Ալեկս Ռոդրիգես («Սան Ֆրանցիսկո»)։

Պաշտպաններ Ալդոլֆո Մաչադո («Դինամո Հյուսթոն»), Ֆիդել Էսկոբար, Միքայել Մուլիլյո (երկուսն էլ՝ «Նյու Յորք Ռեդ Բուլ»), Ֆելիպե Բալոյ («Մունիսիպալ»), Ռոման Տորես («Սիեթլ»), Էրիկ Դևիս («ԴԱԿ-1904»), Լուիս Օվալյե («Օլիմպիա»), Գարոլդ Կամինգս («Սան Խոսե»)։

Կիսապաշտպաններ Գաբրիել Գոմես («Բուկարամանգա»), Անիբալ Գոդոյ («Սան Խոսե»), Ալբերտո Կինտերո («Ունիվերսիտարիո»), Արմանդո Կուպեր («Ունիվերսիդադ դե Չիլի»), Խոսե Լուիս Ռոդրիգես («Գենտ»), Վալենտին Պիմենտել («Պլասա Ամադոր»), Էդգար Բարսենաս («Կաֆետալերոս դե Տապաչուկա»)։

Հարձակվողներ Բլաս Պերես («Մունիսիպալ»), Լուիս Տեխադա («Սպորտս Բոյս»), Գաբրիել Տորես («Ուաչիպատո»), Աբդիել Արոյո («Ալախուելենսե»), Իսմաել Դիաս («Դեպորտիվո»)։

Բուքմեյքերների կարծիքը

Պանամայի հավաքականի չեմպիոնության գործակիցը 1000 է, որն ԱԱ-2018-ի մասնակիցների մեջ ամենաբարձ գործակիցն է: Թիմի՝ 1/8 եզրափակիչ դուրս գալու համար սահմանվել է 9 գործակից:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը: Խմբային փուլի վիճակահանությունը կայացել էր դեկտեմբերի 1-ին Մոսկվայում։

ԱԱ-2018-ի մասնակիցները՝ ՃապոնիաՊերուԵգիպտոսԿոստա ՌիկաՇվեդիաՄեքսիկաԹունիս, Իրան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով