18:51  ,  19 փետրվարի, 2014

NEWS.am Sport-ի Օլիմպիական բլոգը անտրամադիր Սոչիից. Ադլերից դուրս կյանքը դժգույն է (ֆոտոշարք)

Սոչիում NEWS.am Sport-ի հատուկ թղթակից Լուսինե Շահբազյանը Օլիմպիական բլոգի հերթական հրապարակման համար Ադլերից մեկնել է Սոչի, որտեղ օլիմպիական մթնոլորտը քիչ է զգացվում։ 

22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաքում արդեն երկու շաբաթ շարունակվում է թեժ մարզական պայքարը: Օլիմպիական մայրաքաղաք ասելով՝ թերեւս ճիշտ կլինի հասկանալ Ադլերը։ Իսկ Սոչիի բնակիչների մեծ մասն անհամբերությամբ սպասում է Խաղերի ավարտին: Ոչ բոլորին է այն հաճույք պատճառում: Նման հետեւություն արեցի Սոչի այցելելուց հետո։

Գնացքով շուրջ երկու ժամ անցնելով Ադլեր - Խոստա - Մացեստա ուղին՝ հասա Սոչի: Գնացքի ուղեւորների մեծ մասը հայեր էին, անընդհատ ականջիս հասնում էին հայերեն զրույցներ: Երկաթուղային կայարանը լի էր մեկնող ու ժամանող ուղեւորներով: Մեկնողների մեծ մասը ռուս երկրպագուներն էին: Կայարանում օլիմպիական ուրախ տրամադրություն էր: Սակայն կայարանից դուրս, Սոչիում տրամադրությունն այլ էր:

Հետաքրքրվեցի ընկերոջիցս, թե ինչու են բոլորն այսքան անտարբեր հայացքներով: Նա ինձ պատմեց, թե իրականում ինչ մեծ անհարմարություն եւ անհանգստություն է պատճառել Օլիմպիադան Սոչիի բնակիչներին:  Քաղաքում մեքենաներ գրեթե չկան: Նույնիսկ գրանցում ունեցողներին է հրահանգվել մեքենաները բակերից չհանել, երթեւեկության դուրս չգալ: Այս օրերին Սոչի քաղաքում հիմնականում միայն քաղաքային տրանսպորտն է աշխատում: Որոշ մեքենաներ երթեւեկում են միայն ծայրամասային շրջաններում, իսկ կենտրոնական փողոցներում միայն ոտքով կարող են շրջել:

Քաղաքում շատ են կիսակառույցները՝ բարձրահարկ շինություններ, որոնք չեն հասցրել ավարտել մինչեւ Օլիմպիական խաղերը: Անմիջապես կայարանի հարեւանությամբ կառուցվել է քաղաքի ամբողջ կենտրոնն իրար կապող մեծ զբոսայգի, որն արդեն հասցրել է դառնալ զբոսանքի սիրելի վայր: Այգու երկու կողմից առեւտրի կենտրոններ են: Ամբողջ այգու երկայնքով ձգվում են արմավենիներ: Ընկերս նշեց, որ դրանք վերջին ամիսներին են տնկել Օլիմպիական խաղերի կապակցությամբ:

Քաղաքի կենտրոնում կառուցվել է մի քանի հարկանի էստակադա, ինչպես երեւանյան Բարեկամության հրապարակում: Նախկինում այդ փոքրիկ հրապարակում միշտ խցանումներ են եղել: Սոչեցիները ամենաշատը թերեւս էստակադաներն են հավանել, քանի որ օգնում է խուսափել մեծ խցանումներից:

Իմ այցելության օրը քաղաքը մի տեսակ «անտրամադիր» էր, օլիմպիական մթնոլորտ բացարձակ չկար: Քաղաքում քիչ են օլիմպիական դրոշները, գրառումները, ցուցատախտակները, վահանակները: Ամբողջ քաղաքում Օլիմպիական խաղերի մասին հուշող վահանակներ հանդիպեցի միայն մեկ-երկու տեղ՝ զբոսայգիներից մեկում՝ Sochi 2014 գրառմամբ, քաղաքի կենտրոնական փողոցի խաչմերուկում, որտեղ տեղադրված է մեծ հեռուստաէկրան՝ Խաղերի ուղիղ հեռարձակմամբ։

Մարդկանց, կարծես, բացարձակ չի հետաքրքրում Ադլերում տիրող աշխուժությունը եւ այն փաստը, որ աշխարհը համախմբվել է այդ փոքրիկ քաղաքում: Մարդկանց նույնիսկ չի հետաքրքրում, թե այժմ որ մարզաձեւի մրցումներն է ընթանում, Ռուսաստանը որ մարզաձեւից ոսկե մեդալ նվաճեց, ինչ արձագանքներ կան, ինչպես են ընթանում Խաղերը:

Ակնկալում էի Սոչիում տեսնել նույն տոնական ու օլիմպիական տրամադրությունն, ինչ ամեն օր տեսնում եմ օլիմպիական քաղաքում, բայց Սոչիի շատ բնակիչներ նշեցին, որ անհամբեր սպասում են Խաղերի ավարտին, որպեսզի քաղաքն անցնի իր բնականոն կյանքին:

Շրջեցինք Սոչիով, եւ ես ինքս համոզվեցի, որ սոչեցիներին ոչ այնքան հետաքրքրում է Ադլերում տեղի ունեցող խոշորագույն մարզական իրադարձությունը, որքան իրենց առօրյա հոգսերը, անցած Սուրբ Վալենտինի տոնը: Այդպես ականատես եղա, թե որքան երիտասարդներ են լուսանկարվելու հերթի մեջ կանգնած սպասում քաղաքի կենտրոնում Վալենտինի տոնի առթիվ տեղադրված մեծ սրտի մոտ, իսկ Խաղերի խորհրդանիշ սպիտակ արջը մեն-մենակ «կանգնած» էր իր տեղում եւ նրա մոտ լուսանկարվող միայն ես էի:

Օլիմպիական մթնոլորտ զգացվեց միայն Խաղերի օրիգինալ հուշանվերների խանութի մոտ: Այստեղ մեծ հերթ էր գոյացել:

Սոչիի թերեւս ամենահաճելի եւ գեղեցիկ վայրը նավահանգիստն էր: Այստեղ անթիվ նավեր դատարկ կանգնած են, եւ ոչ ոք այս օրերին նավ չի վարձում՝ ծովում զբոսնելու համար: Անմիջապես նավահանգստի կենտրոնական մասում, ծովածոցում է Օլիմպիական նավ-հյուրանոցը: Այն հիմնականում պաշտոնատար անձնանց, բարձրաստիճան հյուրերի համար է:

Երեկոյան քաղաքի փողոցներն ավելի դատարկվեցին: Եվս մի քանի փողոցով եւ այգով անցանք: Հասանք Սոչիի արվեստի այգի: Ակնկալում էի այնտեղ տեսնել ռուսական արվեստի նմուշներ, բայց միայն մեկ ծաղկե հորինվածք էր ամբողջ այգիում։ Իսկ ետնամասում Լենինի արձանն էր, որի շրջակայքի վերակառուցման աշխատանքները  դեռ շարունակվում են: Լենինի պատկերների հանդիպեցի եւս մի քանի տեղ։

Քաղաքի միջնամասով անցնող Սոչի գետի երկայնքով ձգվում է հայերին պատկանող ռեստորանների շարքը: Այստեղ ամեն մի ռեստորանից հայկական երաժշտություն է լսվում, հայկական պարեր, հայկական կենացներ: Մտանք դրանցից մեկը։ Ռեստորանում ամեն ինչ հայկական ոգով էր: Հնչում էր հայկական երաժշտություն, իսկ մեր հարեւան սեղաններին մեծամասամբ հայեր էին՝ ռուս կանանց ընկերակցությամբ:

Ամեն երգից հետո հայերը հայկական երգեր էին պատվիրում եւ նվիրում՝ Կատյային, Մաշային, Օլգային: Մի երգ էլ նվիրվեց ինձ, ընկերոջս անակնկալն էր: Ինձ նվիրած երգի ժամանակ հարեւան սեղանից ֆրանսիացի մի զբոսաշրջիկ, Օլիմպիական խաղերի երկրպագու եվրոպականո ոճով այնպես պարեց հայկական երգի տակ, որ ամբողջ դահլիճը նրան ծափահարեց: Շուտով նրան միացան նաեւ սեղանակից ֆրանսիացի ընկերները եւ ֆրանսիացիներով մի լավ քեֆ արեցին հայկական «Ջան, բալես, բալես» երգի տակ:

Հայկական ռեստորաններում սիրելի հյուրեր են նաեւ գնչուները։ Ընկերս նախապես զգուշացրել էր նրանց մասին, որ զգույշ լինեմ, որեւէ իր չկորցնեմ: Գնչուները բացի իրենց ծառայությունները առաջարկելուց նաեւ հնարավորությունը չեն կորցնում որեւէ մեկի դրամապանակը, պայուսակը թռցնել:

Զբոսնեցի նաեւ գիշերային Սոչիում, որն այդպես էլ ինձ չհիացրեց ժամանակակից լուսավորությամբ, նորաոճ այգիներով եւ այնպիսի հիացմունք չառաջացրեց, ինչպիսին ունենում եմ ամեն անգամ գիշերային Երեւանում շրջելիս: Արդեն օլիմպիական քաղաք վերադառնալու ճանապարհին, մտովի վերլուծելով նավահանգստային քաղաք - հանգստավայրից ստացած տպավորություններս, եկա այն եզրահանգման, որ իրականում Երեւանն ավելի գեղեցիկ է ու ջերմ:

Լուսինե Շահբազյան՝ Սոչիից

NEWS.am Sport-ի Օլիմպիական բլոգը Սոչիից. Ինֆորմացիոն հոսքերի սկզբնաղբյուրը

NEWS.am Sport-ի Օլիմպիական բլոգը Սոչիից. Թալան, թալան մինչեւ վերջ

NEWS.am Sport-ի Օլիմպիական բլոգը Սոչիից. Հայկական ռեպորտաժ՝ օլիմպիական հոկեյից, եռագույնն էլ՝ Չեխիա - Շվեդիա խաղին (ֆոտոշարք)

NEWS.am Sport-ի Օլիմպիական բլոգը Սոչիից. «Օլիմպիական պարկում» թեժ է (ֆոտոռեպորտաժ)

NEWS.am Sport-ի Օլիմպիական բլոգը Սոչիից. «Լաուրա» հասնելու լեռնային փորձությունները

NEWS.am Sport-ի Օլիմպիական բլոգը Սոչիից. Հեքիաթն ավարտվեց կամ գուցե դեռ նոր է սկսվում (ֆոտո)

NEWS.am Sport-ի Օլիմպիական բլոգը Սոչիից. Համառությամբ բացման հրավիրատոմս էլ կգտնվի (ֆոտո)

NEWS.am Sport-ի Օլիմպիական բլոգը Սոչիից (live). Կամավորներն ասես բոլորը հայ լինեն

Սոչի-2014. Օլիմպիական բլոգ, մեկնարկ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով