13:14  ,  18 փետրվարի, 2014

NEWS.am Sport-ի Օլիմպիական բլոգը Սոչիից. Ինֆորմացիոն հոսքերի սկզբնաղբյուրը

Սոչիում NEWS.am Sport-ի հատուկ թղթակից Լուսինե Շահբազյանը շարունակում է Օլիմպիական բլոգը՝ այս անգամ անդրադառնալով գլխավոր մեդիակենտրոնին:

Օլիմպիական Սոչին հյուրընկալել է միջազգային եւ ռուսական լրատվամիջոցների ավելի քան 13 հազար ներկայացուցիչների, որոնց մի մասն այս օրերին աշխատում է գլխավոր մեդիակենտրոնում, մյուս մասն էլ՝ լեռնային մեդիակենտրոնում: Աշխատանքի հսկայական մասն իրականացվում է գլխավոր մեդիակենտրոնում՝ հեռարձակումներ, հարցազրույցներ, մամուլի ասուլիներ եւ այլ ինֆորմացիոն միջոցառումներ:

Գլխավոր մեդիակենտրոնը գտնվում է Օլիմպիական քաղաքի հենց սրտում՝ օլիմպիական ավանի եւ «Օլիմպիական պարկի» հարեւանությամբ: Այն զբաղեցնում է շուրջ 158 հազար քմ տարածք: Համալիրը բաժանված է երկու հիմնական մասնաճյուղի՝ հեռարձակողների մասնաճյուղ եւ լրատվամիջոցների մասնաճյուղ: Գլխավոր մեդիակենտրոնը օլիմպիական Սոչիի գլխավոր ձեռքբերումներից է, սակայն Խաղերից հետո այն կդառնա առեւտրի կենտրոն: Կառույցը դրսից հիշեցնում է ալիք, հոսք: Եվ, իսկապես, այստեղից ամեն օր, ամեն ժամ ու վայրկյան ալիքի պես մեծ հոսքով ինֆորմացիա է դուրս հորդում՝ տարածվելով ամբողջ աշխարհում:

Այստեղ ամեն պայման ստեղծված է հարմարավետ ու արդյունավետ աշխատելու համար: Շուրջօրյա աշխատող կենտրոնում տպագիր մամուլի լրագրողներն ունեն իրենց մեծ աշխատանքային դահլիճը, լուսանկարիչներն՝ իրենցը, մի ամբողջ բաժին հատկացված է առանձին լրատվամիջոցների: Սեփական  աշխատանքային սենյակներում տեղակայված են հզորագույն լրատվամիջոցների թղթակցական կետերը: Այստեղ առանձին ներկայացված են Washington Post-ը, USA Today-ը, Yahoo Sport-ը, New York Times-ը, Ria Novosti-ն եւ այլ հայտնի լրատվամիջոցներ:

Գլխավոր մեդիակենտրոնի առաջին հարկում ինֆորմացիոն ծառայությունների բաժինն է եւ սննդի ու հանգստի կետերը, երկրորդ հարկն ամբողջությամբ լրատվամիջոցների տրամադրության տակ է:

Երբ բարձրանում ես երկրորդ հարկ, բացվում է երեք ուղղություն՝ առաջինը տանում է դեպի տպագիր մամուլի, լրատվական գործակալությունների, էլեկտրոնային լրատվամիջոցների լրագրողների եւ լուսանկարիչների դահլիճներ, երկրորդ միջանցքը՝ դեպի խմբագրությունների թղթակցական կետերը, իսկ երրորդ ուղղությամբ քո առջեւ բացվում են մամուլի ասուլիսների սրահները: Այստեղ միաժամանակ գործում է մամուլի ասուլիսների չորս դահլիճ՝ ռուս գրականության դասականների անուններով՝ «Դոստոեւսկի», «Պուշկին», «Տոլստոյ» եւ «Չեխով»: 

Մեդիակենտրոնում նաեւ ցուցադրված է Կուբանի մշակույթը: Հարեւանությամբ գործում է անվճար թեյարանը՝ ռուսական ինքնաեռով: Օրվա բոլոր ժամերին այստեղ տիրում է աշխուժություն: Այս օրերին լրատվամիջոցների ներկայացուցիներն այնպիսի գրաֆիկով են աշխատում, որ երբեմն նույնիսկ հանգստի սրահներում, նստած տեղում հոգնածությունից քնում են:

Օրվա ավարտին, մեդիակենտրոնի անմիջապես մուտքի մոտից ավտոբուսները հոգնած եւ կիսաքնած լրագրողներին եւ ֆոտոթղթակիցներին հասցնում են հյուրանոցներ: 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերը շարունակվում են:

Լուսինե Շահբազյան՝ օլիմպիական Սոչիի գլխավոր մեդիակենտրոնից

NEWS.am Sport-ի Օլիմպիական բլոգը Սոչիից. Թալան, թալան մինչեւ վերջ

NEWS.am Sport-ի Օլիմպիական բլոգը Սոչիից. Հայկական ռեպորտաժ՝ օլիմպիական հոկեյից, եռագույնն էլ՝ Չեխիա - Շվեդիա խաղին (ֆոտոշարք)

NEWS.am Sport-ի Օլիմպիական բլոգը Սոչիից. «Օլիմպիական պարկում» թեժ է (ֆոտոռեպորտաժ)

NEWS.am Sport-ի Օլիմպիական բլոգը Սոչիից. «Լաուրա» հասնելու լեռնային փորձությունները

NEWS.am Sport-ի Օլիմպիական բլոգը Սոչիից. Հեքիաթն ավարտվեց կամ գուցե դեռ նոր է սկսվում (ֆոտո)

NEWS.am Sport-ի Օլիմպիական բլոգը Սոչիից. Համառությամբ բացման հրավիրատոմս էլ կգտնվի (ֆոտո)

NEWS.am Sport-ի Օլիմպիական բլոգը Սոչիից (live). Կամավորներն ասես բոլորը հայ լինեն

Սոչի-2014. Օլիմպիական բլոգ, մեկնարկ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով