15:40  ,  8 փետրվարի, 2014

NEWS.am Sport-ի Օլիմպիական բլոգը Սոչիից. Հեքիաթն ավարտվեց կամ գուցե դեռ նոր է սկսվում (ֆոտո)

Սոչիում NEWS.am Sport-ի հատուկ թղթակից Լուսինե Շահբազյանը Օլիմպիական բլոգի հերթական հրապարակումը նվիրել է Խաղերի թերեւս գլխավոր իրադարձությանը՝ բացման արարողությանը: Տպավորությունները հակասական են՝ հիացմունքից մինչեւ հիասթափություն:

Սոչի 2014-ն այլեւս իրականություն է: Մեկնարկը տրված է: Տպավորոթյուններն աննկարագրելի են, մասնավորապես երբ այդ ամենին քո աչքերով՝ ստադիոնում  ես հետեւում: Ամեն ինչ այնքան շատ էր, որ անմիջապես չկարողացա տպավորություններս հանձնել համակարգչին. Ժամանակ էր պետք այդ ամենը իմի բերելու կամ ինչպես սիրում ենք մենք՝ հայերս ասել «մարսելու» համար: Բայց, կային նաեւ բայցեր, կամ գուցե ավելի ճիշտ կլինի ասել՝ բացեր:

Սկսեմ ամենասկզբից: Երբ պատրաստվում էի մեկնել «Ֆիշտ» ստադիոն, նախքան հյուրանոցային համարիցս դուրս գալը, աչքիս ընկավ հեռուստացույցով  ցուցադրվող ռուս աստղերի համատեղ երգը Օլիմպիական խաղերում ռուս մարզիկների մասին: Գուցե շատերը տեսած լինեն. ռուս աստղերը գովում են ռուս մարզիկներին եւ հավատում նրանց հաղթանակին: Նման երգերը դրական լիցքեր եւ հավատ են ներշնչում եւ կարեւոր չէ, թե դա կոնկրետ որ ազգի ներկայացուցիչ մարզիկների մասին է: Բարի կամ գուցե եւ ոչ բարի նախանձ առաջացավ հոգումս, թե ինչու մի նմանատիպ համահունչ երգ չի գրվել եւ կատարվել մեր երգիչների կողմից մեր մարզիկների մասին, նրանց ոգեւորելու համար: Այդպես, յուրաքանչյուրն էլ կգոտեպնդվի, կզգա իր հայրենիքի, իր ժողովրդի աջակցությունը: Իսկ մենք ինչ ենք անում՝ հաղթանակի դեպքում գովում են, համարելով որ մեզ հասնող չկա, իսկ պարտության դեպքում՝ փնովում, վատաբանում ու վերջում չենք մոռանում ավելացնել՝ «դե սպորտսմեն չունենք էլի»:  Ունենք եւ լավ մարզիկներ ունենք: Դա ապացուցեցին այս տարի Հայաստանի պատմության մեջ առաջին ագամ  ձմեռային օլիմպիական խաղերի համար վարկանիշով ուղեգիր նվաճած մեր դահուկորդները՝ Սերգեյ Միքայելյանը եւ Արթուր Եղոյանը:

Ռուս աստղերի երգը մտքումս, կիսաձայն շշնջալով հասա «Ֆիշտ» ստադիոն: Բայց ոգեւորությունս ոչ թե ռուս մարզիկների համար էր, այլ մերոնց: Մտածում էի՝ ինչպես ոգեւորեմ մեր տղաներին եւ միակ աղջկան, ինչպես միայնակ ցույց տամ, որ նրանք այստեղ միայնակ չեն, որ մի ամբողջ Հայաստան նրանց համար ցավալու է այս օրերին:

Այս գիտակցումով եւ ինքնս իմ մեջ քննարկումներ անցկացնելով հասա «Ֆիշտ»: Այստեղ ինչպես սպասում էի, նույնիսկ հավատարմնագրումով եւ հրավիրատոմսով բավական դժվարությամբ հնարավոր եղավ մուտք գործել մարզադաշտ, բայց շների համար ոչ մի սահմանափակում (կատակ է):

Բայց դա իր դրական կողմն էլ ուներ: Անվտանգությունն ամենաբարձր մակարդակի վրա է: Սովորաբար մարդն իր գիտակցության մեջ վիրավորվում է երբ իրեն ինչ-որ տեղ պահանջում են մի քանի անցակետում բացել պայուսակը, հատ-հատ ստուգել պայուսակում առկա իրերը: Ես այդ փաստից ուրախանում էի եւ երեկ ինքս առաջարկում բոլոր անցակետերում բացել պայուսակս, ստուգել ինձ: Միայն ծիծաղելին այն էր, որ ինձ հետ եղած կոնֆետներն էլ ստուգեցին եւ անցկացրեցին անցակետով եւ տվեցին ինձ: Հյուրասիրեցի անվտանգության աշխատակիցներին, բայց նրանք բարեհամբույր հրաժարվեցին:

Բոլոր անցակետերն անցնելով վերջապես հայտնվեցի ահռելի մեծության շինությունում: «Ֆիշտ» ստադիոնը օլիմպիական քաղաքի ձեռքբերումներից է: Օլիմպիական խաղերի հրաշքներից մեկն է: Այստեղ դու նույնիսկ կարող ես կորել, այնքան մեծ է եւ այնքան բազմաֆունկցիոնալ: Անբացատրելի գեղեցկություն, որ միայն քո աչքերով տեսնելուց հետո կարող ես պատկերացնել: Հեռվից, օլիմպիական քաղաքի երկնքի երկայնքով ձգվող այս շինությունն ասես համակարգչային 3D-ի հրաշալի լուծում լինի:

Երկնքի տակ խոյացած այս շինությունը հեռվից դիտելիս իսկապես անիրական է թվում, ձեռքդ մեկնես հօդս կցնդի: Իրականում այս մարզադաշտը նույնիսկ Ռուսաստանի համար  բացարձակ յուրօրինակ նորություն է, ճարտարապետական օրիգինալ լուծում: Մարզադաշտի տանիքը կառուցված է լուսաթափանց նյութից:

Երբ բացման արարողության ավարտին եղավ հրավառությունը, ամբողջ մարզադաշտը լուսավորվեց այնպես, ասես այդ հրավառությունը տեղի էր ունենում ներսում: Օլիմպիական ստադիոնը տեղակայված է այնպես, որ տրիբունաներում նստած հանդիսատեսը միաժամանակ տեսանելի են հյուսիսային կողմում վեր խոյացող լեռնային գագաթները եւ հարավում՝ փռված ծովը: Մարզադաշտն իր կառուցվածքով հիշեցնում է ժայռ: Եվ երբ հայացք ես ձգում սարերի կողմը , մարզադաշտը հիշեցնում է ժայռ, որը ասես կովկասյան լեռների մի մասը լինի:

Վերջապես հասա լրագրողների համար նախատեսված տրիբունա, ու տեղավորվեցի՝ «հեքիաթի սպասումով»: Մարզադաշտում անտանելի ցուրտ էր: Իրականում դրսում այդքան ցուրտ չէր, բայց քանի որ մարզադաշտը երկու կողմից բաց է, միջանցիկ քամին իր գործն արեց, բացի այդ կազմակերպիչները եւս արհեստական քամի էին փչում, ներսում իրական ձյուն էր տեղում:  Ցուրտ Ռուսաստանի շունչը պահպանվել էր: Սկզբում չէի զգում այդ ցուրտը, նույնիսկ հաճելի էր: Բայց շուտով ինչպես ես, այնպես էլ շատերը ամուր փաթաթվեցին իրենց վերարկուների մեջ: Շատ լրագրողներ իրենց վերարկուները թողել էին պահարաններում: Վերջում արդեն բոլորը ցրտից դողում էին, մի կողմ էին դրել համակարգիչներն ու ձեռքերն էին տաքացնում: Ոմանք չդիմացան ցրտին եւ աստիճանաբար լքեցին տեղերը: Կողքիս շվեդ մի ֆոտոլրագրող էր նստած: Շատ դժգոհ էր կազմակերպումից եւ լրագրողների հետ աշխատանքից: Ասում էր՝ որ չի կարողանում ինտերնետին միանալ: Փորձեցի օգնել, բացատրել, բայց չստացվեց: Հետո սկսեց տեղում ցատկոտել, որ տաքանար, մրսում էր: Ասում է՝ միշտ է այսպես ցուրտ այստեղ: Հետո վերցրեց իր տեխնիկան եւ ինձ հաջողություն մաղթելով լքեց արարողության կեսից:

Ինչ վերաբերում է շոուին, ամեն ինչ հրաշալի էր, բայց այն ինչ հեռուստադիտողին ներկայացվեց, նույնը չէր ինչ բեմում, իրականում: Մարզադաշտում չորս մեծ հեռուստաէկրաններով ցուցադրվում էր եթերի հեռարձակումը: Հանդիսատեսն էլ ավելի շատ հեռուստաէկրաններին էր հետեւում, քանի որ բեմում չէր հասկացվում, թե ինչ է տեղի ունենում, 3D ինչպես էր պատկերում այն, ինչ իրականում տեղի էր ունենում բեմում:

Շոուի ընտրված երաժշտությունը մի փոքր վախեցնող էր եւ բացասական էմոցիա առաջացնող: Ինձ բնականաբար դուր եկավ Առնո Բաբաջանյանի եւ Արամ Խաչատրյանի երաժշտությունը: Կոնստանտին Էռնստի ընտրած իրար հաջորդող սահմռկեցուցիչ երաժշտությունից հետո Առնո Բաբաջանյանի «Աշխարհի լավագույն քաղաքը» եւ Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը» անցկացրեցին հոգումս առաջացած վախը: Դե կարծում եմ, որ հարկ էլ չկա նշել, որպես հայ, որքան լավ զգացի ինձ այդ ընթացքում:

Հանդիսատեսի շարքում նստողների համար ըստ իս վախեցնող էին նաեւ բեմականացման համար պատրաստված աշխատող մարդուն պատկերող կիսանդրիները: Զարմանք առաջացրեցին միայ Սոչիի օլիմպիական խաղերի երեք խորհրդանիշները: Այնքան իրական էին, կարծես հեքիաթից լինեին եւ տպավորություն կար, որ իրականում կենդանի էկաներ են եւ իրենք են շրջում դաշտում:

Այս օլիմպիական խաղերի բացման արարողության բեմականացման հիմնական շեշտադրությունը օդից կախված պատկերներն էին. Ակամայից աչքիս առաջ եկավ 1980 թվականին Մոսկվայում անցկացված ամառային Օլիմպիական խաղերի փակման արարողությունը՝ օդում «շրջող» օլիմպիական խաղերի խորհրդանիշ արջուկը: Փաստորեն, Կոնստանտին Էռնստի մտահաղացումը կրկնեց 1980 թվականի ռուսների մտահաղացումը՝ միայն ավելի ժամանակակից տարբերակով:

Իսկ ընդհանուր բեմականացումը՝ Ռուսաստանի պատմությունը, չափից շատ էր: Եվ վերջում կարծես այդպես էլ մնացինք պատմության մեջ. ժամանակակից Ռուսաստանը շատ քիչ էր:

Ավարտին, հեքիաթին սպասողիս հիասթափությունը հասավ գագաթնակետին. Հրավառությունը, որի մասին նախապես լսել էի, չվայելեցի: Ինձ հետ նաեւ ամբողջ ստադիոնը: Գուցե ավելին էի սպասում կազմակերպիչներից: Ամենքը խոսում էին սպասվող զարմանահրաշ հրավառության մասին, որ նման բան չի տեսել նույնիսկ ողջ աշխարհը:

Բայց ինձ հետ այդ ամենին ականատես չեղավ նաեւ «Ֆիշտ» ստադիոնի հանդիսականը: Ես, օրինակ, սպասում էի, որ այդ ամենից հետո կբացվի «Ֆիշտի» տանիքը եւ բոլորը կվայելեն այդ շքեղ հրավառությունը: Հրավառության մեկնարկի հետ բոլորը բառիս բուն իմաստով դուրս թափվեցին: 40 հազար մարդ միանգամից լքեց մարզադաշտը եւ խառնաշփոթ առաջացավ, մարդիկ միմյանց հերթ չէին տալիս եւ իրար վրայով վազում էին դուրս: Մինչ 40 հազար մարդ դուրս կգար ստադիոնից, հրավառությունն ավարտվեց, բացման արարողությունը եւս:

Բոլորի հայացքները հիասթափություն էին արտահայտում: Իոսիֆ Կոբզոնը թերեւս գոհ էր: Երկրպագուները պահը բաց չեն թողնում լուսանկարվել նրա հետ:

Արդեն  ավտոբուսում բոլորը խոսում էին հրավառությունը չտեսնելու մասին: Ավտոբուսում կողքիս նտած երիտասարդը, ով Կիեւից էր, հարցրեց՝իսկ դուք հավանեցիք շոուն: Անորոշ թոթվեցի ուսերս: Պատասխան հարցով դիմեցի՝ իսկ դուք: Ասաց՝ ոչ այնքան: Ավելին էի սպասում: Ավելիի սպասումը ռուս կազմակերպիչներից միայն ես չունեի:

Պետք է գնահատել արված ահռելի աշխատանքը: Այսքանն էր ռուսների հնարավորությունը: Իսկ իմ հուշերում դրանցից կմնան միայն դրվագներ կամ գուցե եւ ոչինչ չմնա: Իսկ օրինակ Լոնդոնի ամառային խաղերի բացման արարողությունը հուշերումս կմնա ընդմիշտ: Գուցե դա նրանից է, որ հեռուստաէկրանից եմ հետեւել, այդ պատճառով: Այլեւս առանց հեքիաթների սպասումով:

Լուսինե Շահբազյան՝ օլիմպիական Սոչիից

NEWS.am Sport-ի Օլիմպիական բլոգը Սոչիից. Համառությամբ բացման հրավիրատոմս էլ կգտնվի (ֆոտո)

NEWS.am Sport-ի Օլիմպիական բլոգը Սոչիից (live). Կամավորներն ասես բոլորը հայ լինեն

Սոչի-2014. Օլիմպիական բլոգ, մեկնարկ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս