09:33  ,  6 փետրվարի, 2014

Սոչի-2014. NEWS.am Sport-ը տալիս է Օլիմպիական բլոգի մեկնարկը (live)

NEWS.am Sport-ը գալիս է Սոչիի Օլիմպիական խաղեր: Մնաց մեկ օր բացմանը: Սակայն արդեն այսօր սկսվում են 22-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի նախնական մրցումները, իսկ Սոչիում կբարձրացվի Հայաստանի եռագույնը:

Սոչիում կայանալիք 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերին սպասել էի երկար: Ու այժմ, «Զվարթնոց» օդանավակայանում նստած, սպասում եմ իմ չվերթին: Հայաստանի պատվիրակության մարզահագուստով որոշեցի մեկնել Սոչի, որպեսզի անմիջապես օդանավակայանից բոլորը տեսնեն «Հայաստան-Armenia» գրառումը, Հայաստանից ժամանած լրագրողին՝ NEWS.am Sport-ի թղթակցին, ով անմիջապես Սոչիից կլուսաբանի այն, ինչ տեղի է ունենում օլիմպիական մայրաքաղաքում այս օրերին, մինչեւ փետրվարի 23-ը:

Օդանավակայանում բոլորը ժպտալով հարցնում էին. մեկնո՞ւմ եք Օլիմպիական խաղերի: Ու նույն ժպիտով պատասխան ստանում՝ այո: Եվ գուցե այդ փաստը, կամ գուցե եւ ժպիտով պատասխանս օդանավակայանի աշխատակիցներին վստահություն ներշնչեց եւ ինձ նույնիսկ չստուգեցին, ինչպես դա անում են անցումային կետում բոլոր մեկնողներին:

Երկորդ հարցը, որ հետաքրքրում էր օդանավակայանի աշխատակիցներին այն էր, թե արդյոք մարզիկ եմ եւ որ մարզաձեւն եմ ներկայացնում: Իսկ ես նույն ժպիտով եւ մի փոքր էլ հպարտությամբ, պատասխանում էի՝ ոչ, լրագրող եմ. մեկնում եմ Օլիմպիական խաղերը լուսաբանելու:

Մեկ ժամից օդանավս վայրէջք կկատարի Սոչիի օդանավակայանում ու կսկսվի՝ հեքիաթ, որին ամբողջ աշխարհն է սպասում… Բարի թռիչք, կհանդիպենք Սոչիում: Կլուսաբանեմ, կլուսանկարեմ, կտեսագրեմ եւ կձայնագրեմ այն, ինչ չի տեսնում եւ չի լսում հեռուստա-ռադիոլսարանը եւ ամբողջ համացանցը:

Հետաքրքիր է լինելու, թեժ է լինելու, քոնն է լինելու…

Լուսինե Շահբազյան, Երեւան - Սոչի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով