20:01  ,  12 փետրվարի, 2014

NEWS.am Sport-ի Օլիմպիական բլոգը Սոչիից. «Օլիմպիական պարկում» թեժ է (ֆոտոռեպորտաժ)

Սոչիում գարնանային եղանակ է՝ 12 աստիճան տաքություն, փոփոխական ամպամածություն, սակայն բարձր տրամադրությունն ապահովված է: Ամբողջ քաղաքն իր հյուրերով եւ քաղաքացիներով շարունակում է տոնել ձմեռային Օլիմպիական խաղերը: NEWS.am Sport-ի օլիմպիական բլոգի այսօրվա թողարկումը Սոչիից որոշեցի նվիրել օլիմպիական քաղաքի ամենակարեւոր վայրին՝ «Օլիմպիական պարկին», որն առանձին քաղաք է օլիմպիական քաղաքի մեջ, ժամանակակից ճարտարապետության թանգարան:

Այստեղ ամեն ինչ այնքան շատ է եւ այնքան նոր, որ հնարավոր չէ մեկ օրում ամեն ինչ տեսնել։ «Օլիմպիական պարկը» զբաղեցնում է շուրջ 200 hեկտար տարածք: Այստեղ կողք-կողքի տեղակայված են օլիմպիական ստադիոն «Ֆիշտը» եւ բոլոր մարզապալատները՝ «Բոլշոյը», «Շայբան», «Ադլեր-Արենան» եւ «Այսբերգը»: 

Անմիջապես «Օլիմպիական պարկի» մուտքից բացվում է մեծ հրապարակ, որը բաժանվում է մի քանի ճանապարհների՝ դեպի օլիմպիական մարզապալատներ: Իսկ «Օլիմպիական պարկի» կենտրոնական մասում վեր է խոյացել օլիմպիական ջահը, որն այս օրերին լուսանկարվելու ամենահայտնի վայրն է աշխարհում: Օլիմպիական ջահի շուրջը բաձրացված են օլիմպիական դրոշը եւ ՄՕԿ-ի անդամ բոլոր երկրների դրոշները:


Մինչ փնտրում էի Հայաստանի դրոշը, ուշադրությունս շեղեցին երկու ռուս զբոսաշրջիկներ՝ ամուսիններ, ովքեր փորձում էին դրոշներից մեկի ֆոնին լուսանկարվել: Իսկ այդ դրոշը հենց այն էր, որը ես էի փնտրում: Նրանք մոտեցան ինձ եւ խնդրեցին իրենց լուսանկարել հայոց եռագույնի ֆոնին: Հետաքրքրվեցի՝ ինչու հենց Հայաստանի դրոշի ֆոնին, կինը պատասխանեց. «Մենք լավ ընկերներ ունենք Հայաստանում, նրանց համար ենք լուսանկարվում, որ ուղարկենք»:

Ջահի հարեւանությմաբ գործող շատրվաններն արդեն հասցրել են սիրելի եւ պատմական վայր դառնալ ռուսների, ինչպես նաեւ Օլիմպիական խաղերի հյուրերի համար: Այստեղ մարդիկ երազանքներ են պահում եւ մետաղադրամներ նետում ջուրը։ Ամբողջ հատակն արդեն չի երեւում մետաղադրամների տակ։ «Ես արդեն հաշվել եմ՝ այնտեղ ինչքան կա: Բավական գումար է հավաքվել»,- կատակեց մարզասերներից մեկը:

Տարված նետված կոպեկներով, մտածում էի՝ որքան երազանք կա տեսնես այստեղ, երբ սկսվեց երգող շատրվանների «պարը»: Ամեն օր 5-10 րոպեն մեկ միացնում են: Երբ տեխնիկական բաժինը ցանկանում է, այդ ժամանակ էլ միացնում է: Բայց հիմնականում միացնում են այն ժամանակ, երբ ջահի շուրջը լինում են մեծ թվով զբոսաշրջիկներ: Մարդիկ այստեղ գալիս են երգող շատրվանները տեսնելու համար: Գիշերն են գեղեցիկ շատրվանները: Բայց ուշ ժամերին քիչ են միացնում, քանի որ մարդիկ մայրամուտից հետո քիչ են լինում «Օլիմպիական պարկում»,- պատմեց կամավոր Մաքսը:

Բայց ասեմ, որ Երեւանի Հանրապետության հրապարակի երգող շատրվաններն ավելի գեղեցիկ են ու գունեղ: Օլիմպիական ստադիոնների հարեւանությամբ գրեթե ամեն 100 մետր հեռավորության վրա գործում են սննդի կետեր, որոնց առջեւ ամեն վայրկյան մեծ հերթեր են գոյանում:

Յուրաքանչյուր օլիմպիական ոսկին նվաճելու հետո, «Օլիմպիական պարկում» բարձրախոներով հայտարարում են, թե որ մարզաձեւում, ով նվաճեց չեմպիոնի տիտղոսը:

Օլիմպիական ջահի դիմաց պարգեւատրության մեծ բեմահարթակն է՝ մեծ հեռուստաէկրաններով, որտեղ ամեն երեկո, ուղիղ ժամը 20:14 սկսվում է օրվա մեդալակիների պարգեւատրությունը, հնչում են չեմպիոնի երկրի հիմնը եւ բարձրացվում են դրոշները:

Երբ շրջում էի օլիմպիական ստադիոնների կողքով, ականջիս հասան դհոլի հնչյուններ: Հեռվից տպավորություն էր, որ հայկական խումբ է, բայց երբ մոտեցա եւ ավելի պարզ լսեցի հնչյունները եւ տեսա երեխաների հագուստները՝ պարզ դարձավ, որ օսեր են՝ Վլադիկավկազից։ Այդ մասին ասաց նրանց ղեկավարը։

Մեկ այլ անկյունում էլ հանդիպեցի մարդկանց մի մեծ խմբի: Այստեղ էլ ռուս երիտասարդները ցուցադրում էին իրենց տաղանդը՝ բրեյք-դանսում:

«Օլիմպիական պարկի» ելքի մոտ, մեծ տոնածառի հարեւանությամբ տեղակայված է ռուս Ձմեռ Պապու նստավայրը: Այստեղ ռուսական երաժշտություն է հնչում ու ռուսական պարեր են:

«Օլիմպիական պարկում» է գործում նաեւ օլիմպիական հուշանվերների մեծ տոնավաճառը: Որոշեցի ես էլ նվերներ գնել, բայց երբ մոտեցա տոնավաճառին, հասկացա, որ օրվա վերջում այդտեղից դուրս կգամ, եթե սպասեմ հերթում, որը հասնում էր մինչեւ «Օլիմպիական պարկի» ելքը: Իսկ օլիմպիական օրիգինալ հուշանվերներ վաճառվում են միայն այդ տոնավաճառում: Հույս ունեմ, որ առաջիկա օրերին ազատ ժամանակ եւ համարձակություն կգտնեմ այդքան մեծ հերթի մեջ կանգնել:

Ելքի մոտ հանդիպեցի օլիմպիական քաղաքի ամենահետաքրքիր հյուրին՝ կանադացի նմուշահավաք Հարվիին, ով արդեն շուրջ 30 տարի հավաքում է Օլիմպիական խաղերի կրծքանշաններ: Նա ինձ պատմեց, որ 1976 թվականին Կանադայի Մոնրեալ քաղաքում կայացած Օլիմպիական խաղերից սկսած  տարվել է օլիմպիական կրծքանշաններով եւ փոխանակում է դրանք այլ կրծքանշաններով: Սա  ձեւավորված ավանդույթ է օլիմպիական երկրպագուների մոտ եւ շատերի համար նույնիսկ  մասնագիտություն է դարձել։ Հարվին ուներ ցուցադրված ավելի քան 2 հազար կրծքանշան:

Նա ամեն մեկի հետ չէր փոխանակում օլիմպիական կրծքանշան։ Այն պետք է յուրօրինակ լինի, որ Հարվին համաձայնի: Նրան շրջապատել էին բոլոր հետաքրքրվողները եւ ամեն գնով փորձում էին փոխանակել իրենց կրծքանշանները, բայց նրան համոզելն այդքան էլ դյույրին չէր:

Վերջապես ավարտվեց զբոսանքս «Օլիմպիական պարկում»՝ դրական հույզերով լի։ Վերադարձին արդեն սովորության համաձայն, մոլորվեցի։ Օլիմպիական ավտոբուսի վարորդը մխիթարեց ինձ. «Օլիմպիական քաղաքը կառուցելուց հետո ամբողջ երթեւեկությունը կաթվածահար է եղել, ավտոբուսների երթուղիները փոխվել են, մենք էլ ենք կորում մեր սեփական քաղաքում: Խճճված ճանապարհներ են կառուցել, նույնիսկ, քաղաքացիներն են մոլորվում: Դուք ավելի լավ կլինի նստեք նույն ավտոբուսը եւ վերադառնաք այնտեղ, որտեղից նստել եք, այլապես Սոչիի գյուղերում կմոլորվեք»: Այդպես էլ արեցի եւ ոտքով ավելի հեշտ գտա հյուրանոցիս ճանապարհը:

Լուսինե Շահբազյան՝ օլիմպիական Սոչիից

NEWS.am Sport-ի Օլիմպիական բլոգը Սոչիից. «Լաուրա» հասնելու լեռնային փորձությունները

NEWS.am Sport-ի Օլիմպիական բլոգը Սոչիից. Հեքիաթն ավարտվեց կամ գուցե դեռ նոր է սկսվում (ֆոտո)

NEWS.am Sport-ի Օլիմպիական բլոգը Սոչիից. Համառությամբ բացման հրավիրատոմս էլ կգտնվի (ֆոտո)

NEWS.am Sport-ի Օլիմպիական բլոգը Սոչիից (live). Կամավորներն ասես բոլորը հայ լինեն

Սոչի-2014. Օլիմպիական բլոգ, մեկնարկ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով