16:07  ,  10 փետրվարի, 2014

NEWS.am Sport-ի Օլիմպիական բլոգը Սոչիից. «Լաուրա» հասնելու լեռնային փորձությունները

NEWS.am Sport-ի հատուկ թղթակից Լուսինե Շահբազյանը Սոչիից ներկայացնում է Օլիմպիական բլոգի հերթական թողարկումը:

22-րդ ձմեռային օլիմպիական խաղերը թեժ ընթացքի մեջ են՝ օլիմպիական չեմպիոներ, ամեն օր մրցումներ, հաղթանակներ, պարտություններ, երջանկության ու հիասթափության արցունքներ: Քաղաքը շնչում է օլիմպիական խաղերով՝ բառիս բուն իմաստով:

Այստեղ օրը սկսվում է առավոտյան ժամը  5-ից եւ ավարտվում ուշ գիշեր՝ ժամը 3-ին կամ 4-ին: Կիրակի մեր հայ օլիմպիականներից երկուսը՝ Սերգեյ Միքայելյանն ու Արթուր Եղոյանը մեկնարկեցին, անհրաժեշտ էր նրանց կողքին լինել, գոտեպնդել, երկրպագել, լուսաբանել: Իսկ դրա համար անհրաժեշտ էր ծովափից հասնել լեռներում գտնվող «Լաուրա» մարզահամալիր:

«Լաուրա» մարզահամալիրը «Օլիմպիական պարկից» գտնվում է շուրջ 60 կմ հեռավորության վրա: Իսկ այնտեղ հասնելու համար պետք է մի քանի երթուղի փոխել՝ ավտոբուս, գնացք, ճոպանուղի եւ երկար ճանապարհ ոտքով:

Սոչիում հատուկ օլիմպիական քաղաքի համար կառուցվել է նաեւ երկաթուղու նոր գիծ՝ «Լաստոչկա» բոլոր օլիմպիական կառույցների երթուղիներով՝ Սոչի – Մացեստա – Խոստա – Ադլեր – օդանավակայան – օլիմպիական ավան - «Օլիմպիական պարկ» - Էստո Սադոկ -Կրասնայա Պոլյանա:

Քայլերս ուղղեցի դեպի «Օլիմպիական պարկի» կայարան: Այստեղ նախքան կայարան մուտք գործելը մի կառույց պետք է անցնես, որն ինձ հեռվից թվաց անցում կամ գետնանցում: Բայց երբ մոտեցա եւ ներսում հերթը տեսա, հասկացա, որ կրկին անվտանգության անցակետում եմ հայտնվել: Ավելի քան 20 անցակետ է այստեղ աշխատում՝ բոլոր գնացք մուտք գործողներին մանրամասն զննում են՝ պայուսակ, հագուստ, սնունդ: Արդեն կայարանում հսկողությունը հանձնված էր ոստիկանությանը, որն տարօրինակ հագնված ամեն մարդուն զննում են կամ գալիս ուղղակի կանգնում կողքին: Կայարանում սպասելիս հասցրեցի հիանալ մարդկանց ոգեւորությամբ:

Քաղաքը, մարդիկ տոնի մեջ են, նրանց համար Օլիմպիական խաղերը իսկական տոն են: Բոլորը դուրսն են, ուրախ, ընտանիքներով զբոսնում են, լուսանկարվում, ժպտում, համբուրվում, գրկում միմյանց ամեն վայրկյան: Կյանքը եռում է, բոլորը ցանկանում եմ մի մասը լինել այս Օլիմպիական խաղերի: Կարծես՝ բոլորը հասկանում են, որ սա իրենց կյանքի գուցե միակ հնարավորությունն է սեփական երկրում, հայրենի քաղաքում հյուրընկալել սպորտային այս ամենամեծ իրադարձությունը: Ծերերից մինչեւ նորածին մասնակից են այս տոնին: Ամեն պահ աչքիդ կընկնեն նույնիսկ նորածիններ՝ մի քանի ամսական, մայրերի գրկում: Ամենուր եւ ամենքի ձեռքին Ռուսաստանի դրոշն է, ազգովի երկրպագում են իրենց մարզիկներին, ու դա թերեւս ամենալավ բանն է մարզիկների համար:

Երբ մուտք գործեցի գնացք, կայարանի աշխատակիցներից մեկն ինձ ձեռքով արեց հեռվից եւ հետեւիցս բղավեց հայերեն՝ մերոնք ամենուր են, ինչ լավ է: Չհասցրեցի նրան պատասխանել, գնացքի դռները փակվեցին: Ինձ միացավ նաեւ Հանրայինի նկարահանող խումբը:

Գնացքով հասանք մինչեւ Կրասնայա Պոլյանա, որտեղից ճոպանուղով հատեցինք բարձր ժայռը: Վերեւում մեզ սպասվում էր ոտքի երկար բարդ ճանապարհ մինչեւ «Լաուրա» հասնելը:

«Լաուրայում» ուշադրությունս կենտրոնացրեցի մերոնց ելույթների վրա: Այդ ահռելի մեծ մարզահամալիրում կառուցված է միջազգային ստանդարտներին համապատասխան մրցուղի դահուկորդների եւ բիատլոնիստների համար:

Ցանցային լրագրողների եւ հեռուստամեկնաբանների համար հատկացված տեղերը տարբեր էին: Միաժամանակ աշխատում էին մոտ 5000-ից ավելի լրագրող ու լրատվամիջոց: Ամեն դահուկորդի ելույթի ավարտից հետո նրան շրջապատում էին տվյալ երկրի տասնյակ լրագրողներ եւ հարցազրույցներ անցկացնում: Մեր տղաներին մոտեցանք միայն ես՝ NEWS.am Sport-ը եւ հայկական Առաջին ալիքը: Կարծում եմ, ելույթներն ավարտելուց հետո մեր օլիմպիականներն իրենց միայնակ չզգացին այդ հարցազրույցների տարափի մեջ: Որպես ամփոփում՝ եկեք երկրպագենք մեր մարզիկներին. նրանք այնքան ունեն դրա կարիքը:

Լուսինե Շահբազյան՝ օլիմպիական Սոչիից

NEWS.am Sport-ի Օլիմպիական բլոգը Սոչիից. Հեքիաթն ավարտվեց կամ գուցե դեռ նոր է սկսվում (ֆոտո)

NEWS.am Sport-ի Օլիմպիական բլոգը Սոչիից. Համառությամբ բացման հրավիրատոմս էլ կգտնվի (ֆոտո)

NEWS.am Sport-ի Օլիմպիական բլոգը Սոչիից (live). Կամավորներն ասես բոլորը հայ լինեն

Սոչի-2014. Օլիմպիական բլոգ, մեկնարկ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով