13:14 18 փետրվարի, 2014Սոչիում NEWS.am Sport-ի հատուկ թղթակից Լուսինե Շահբազյանը շարունակում է Օլիմպիական բլոգը՝ այս անգամ անդրադառնալով գլխավոր մեդիակենտրոնին:
Օլիմպիական Սոչին հյուրընկալել է միջազգային եւ ռուսական լրատվամիջոցների ավելի քան 13 հազար ներկայացուցիչների, որոնց մի մասն այս օրերին աշխատում է գլխավոր մեդիակենտրոնում, մյուս մասն էլ՝ լեռնային մեդիակենտրոնում: Աշխատանքի հսկայական մասն իրականացվում է գլխավոր մեդիակենտրոնում՝ հեռարձակումներ, հարցազրույցներ, մամուլի ասուլիներ եւ այլ ինֆորմացիոն միջոցառումներ:
Գլխավոր մեդիակենտրոնը գտնվում է Օլիմպիական քաղաքի հենց սրտում՝ օլիմպիական ավանի եւ «Օլիմպիական պարկի» հարեւանությամբ: Այն զբաղեցնում է շուրջ 158 հազար քմ տարածք: Համալիրը բաժանված է երկու հիմնական մասնաճյուղի՝ հեռարձակողների մասնաճյուղ եւ լրատվամիջոցների մասնաճյուղ: Գլխավոր մեդիակենտրոնը օլիմպիական Սոչիի գլխավոր ձեռքբերումներից է, սակայն Խաղերից հետո այն կդառնա առեւտրի կենտրոն: Կառույցը դրսից հիշեցնում է ալիք, հոսք: Եվ, իսկապես, այստեղից ամեն օր, ամեն ժամ ու վայրկյան ալիքի պես մեծ հոսքով ինֆորմացիա է դուրս հորդում՝ տարածվելով ամբողջ աշխարհում:
Այստեղ ամեն պայման ստեղծված է հարմարավետ ու արդյունավետ աշխատելու համար: Շուրջօրյա աշխատող կենտրոնում տպագիր մամուլի լրագրողներն ունեն իրենց մեծ աշխատանքային դահլիճը, լուսանկարիչներն՝ իրենցը, մի ամբողջ բաժին հատկացված է առանձին լրատվամիջոցների: Սեփական աշխատանքային սենյակներում տեղակայված են հզորագույն լրատվամիջոցների թղթակցական կետերը: Այստեղ առանձին ներկայացված են Washington Post-ը, USA Today-ը, Yahoo Sport-ը, New York Times-ը, Ria Novosti-ն եւ այլ հայտնի լրատվամիջոցներ:
Գլխավոր մեդիակենտրոնի առաջին հարկում ինֆորմացիոն ծառայությունների բաժինն է եւ սննդի ու հանգստի կետերը, երկրորդ հարկն ամբողջությամբ լրատվամիջոցների տրամադրության տակ է:
Երբ բարձրանում ես երկրորդ հարկ, բացվում է երեք ուղղություն՝ առաջինը տանում է դեպի տպագիր մամուլի, լրատվական գործակալությունների, էլեկտրոնային լրատվամիջոցների լրագրողների եւ լուսանկարիչների դահլիճներ, երկրորդ միջանցքը՝ դեպի խմբագրությունների թղթակցական կետերը, իսկ երրորդ ուղղությամբ քո առջեւ բացվում են մամուլի ասուլիսների սրահները: Այստեղ միաժամանակ գործում է մամուլի ասուլիսների չորս դահլիճ՝ ռուս գրականության դասականների անուններով՝ «Դոստոեւսկի», «Պուշկին», «Տոլստոյ» եւ «Չեխով»:
Մեդիակենտրոնում նաեւ ցուցադրված է Կուբանի մշակույթը: Հարեւանությամբ գործում է անվճար թեյարանը՝ ռուսական ինքնաեռով: Օրվա բոլոր ժամերին այստեղ տիրում է աշխուժություն: Այս օրերին լրատվամիջոցների ներկայացուցիներն այնպիսի գրաֆիկով են աշխատում, որ երբեմն նույնիսկ հանգստի սրահներում, նստած տեղում հոգնածությունից քնում են:
Օրվա ավարտին, մեդիակենտրոնի անմիջապես մուտքի մոտից ավտոբուսները հոգնած եւ կիսաքնած լրագրողներին եւ ֆոտոթղթակիցներին հասցնում են հյուրանոցներ: 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերը շարունակվում են:
Լուսինե Շահբազյան՝ օլիմպիական Սոչիի գլխավոր մեդիակենտրոնից
NEWS.am Sport-ի Օլիմպիական բլոգը Սոչիից. Թալան, թալան մինչեւ վերջ
NEWS.am Sport-ի Օլիմպիական բլոգը Սոչիից. «Օլիմպիական պարկում» թեժ է (ֆոտոռեպորտաժ)
NEWS.am Sport-ի Օլիմպիական բլոգը Սոչիից. «Լաուրա» հասնելու լեռնային փորձությունները
NEWS.am Sport-ի Օլիմպիական բլոգը Սոչիից. Հեքիաթն ավարտվեց կամ գուցե դեռ նոր է սկսվում (ֆոտո)
NEWS.am Sport-ի Օլիմպիական բլոգը Սոչիից. Համառությամբ բացման հրավիրատոմս էլ կգտնվի (ֆոտո)
NEWS.am Sport-ի Օլիմպիական բլոգը Սոչիից (live). Կամավորներն ասես բոլորը հայ լինեն
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.